Ընդհանուր հաշվարկով՝ երեք ոսկե մեդալ
14.02.2020 | 02:31
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների փայլուն մրցելույթով է Հռոմում ավարտվել Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր հաշվարկով մերոնք նվաճել են չորս մեդալ, որից երկուսն ամենաբարձր հարգի է, երկուսը՝ բրոնզե: Առաջնությանն ապշեցուցիչ մասնակցություն է ունեցել աշխարհամասի արդեն հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը մարզաձևում ունի բարձր կարգի բոլոր հնարավոր առաջնությունների, խաղարկությունների ոսկե մեդալները: Հայաստանի հպարտությունն է, որ ունի նման բարձրակարգ մարզիկ, որը լավագույնն է ոչ միայն ներկայացրած 97 կգ քաշային կարգում, այլև ընդհանրապես: Հուսանք, որ ամռանը Ճապոնիայում կայանալիք օլիմպիական խաղերից գյումրեցի հսկան կվերադառնա երկրորդ ոսկե մեդալով:
Մեր ընտրանուն մյուս ոսկե մեդալը բերել է ավելի վաղ հանդես եկած, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Մեդալներով են վերադարձել նաև 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը (77 կգ), որոնց համար առաջնության բրոնզը բնավ էլ հնարավորությունների վերջին սահմանը չէ:
Սակայն այսքանով ավարտվում է լոկ մեր ընտրանու մասնակցության մասին տեղեկատվությունը: Հայ տարրն ունեցել է և առաջնության երրորդ ոսկին: Այն Բուլղարիայի ընտրանու համար նվաճել է 55 կգ քաշային կարգում վառ մրցելույթներով առանձնացած 18-ամյա Էդմոնդ Նազարյանը՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, մարզաձևում հասակ առնող նոր փայլուն աստղը:
Այսօր մրցելույթները կսկսեն ազատ ոճային ըմբիշները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ. Որոշ մտորումներից հետո, այնուամենայնիվ, անհրաժեշտ համարեցի հետևյալ տխուր փաստի հիշատակումը: Մերոնց պարգևատրման ժամանակ ազերի մարզիկները մեջքով են կանգնել: Իհարկե, սա մանր կրքերի արտահայտություն է, բայց կրթվածության խնդիր կա, որը նրանց համար շարունակում է մնալ անհաղթահարելի պատնեշ:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ