Աշխարհի գավաթից ես ավելի մեծ հուզմունք եմ ակնկալում
11.02.2020 | 04:05
Մարտ ամսին կանադական Մոնրեալ քաղաքում կմեկնարկի մեծահասակների գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը։ Մարզչական խորհրդի ու երկրի ճյուղային ֆեդերացիայի որոշմամբ այդ ստուգատեսին Ռուսաստանի ընտրանին կներկայացնեն վերջերս ավարտված Եվրոպայի առաջնությանը մասնակցած մարզիկները, որոնց թվում է և մեր հայրենակից, 16-ամյա Արթուր Դանիելյանը, որը տիրացել էր աշխարհամասի արծաթե մեդալին։ Հավաքականում ընդգրկվելու կապակցությամբ «Match TV»-ին ահա թե ինչ է ասել նա. «Որոշումը կայացրել են իմ մարզիչները և ֆեդերացիան: Նրանք նաև հարցրին իմ կարծիքը: Մենք համաձայնեցինք, և ես շատ ուրախ եմ, որ նման որոշում կայացվեց:
Աշխարհի գավաթից ես ավելի մեծ հուզմունք եմ ակնկալում, քանի որ կլինեն ավելի ուժեղ մարզիկներ: Ինձ համար դա նոր բան կլինի: Նպատակը մաքուր սահք ցուցադրելն է: Հիմա ես կկատարելագործեմ իմ ծրագիրը»:
Ընթերցողին տեղեկացնենք. ի սկզբանե որոշված էր, որ Արթուր Դանիելյանը պետք է ելույթ ունենա պատանիների աշխարհի առաջնությունում, սակայն հետագայում վճռվել է նրան աշխարհի մեծահասակների առաջնություն գործուղելը համարել առավել նպատակահարմար։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ