«Ասող» դարձած «Վերոնան»
11.02.2020 | 04:03
Թեպետ հետաձգված հանդիպումների շարքից էր, այդուհանդերձ, եվրոպական ֆուտբոլային գերտերությունների նախավերջին տուրի հետ համընկավ Իտալիայի առաջնության «Լացիո»-«Վերոնա» առճակատումը, որտեղ, հաղթելու դեպքում, հռոմեացիները կարող էին բարձրանալ երկրորդ հորիզոնական։ Սակայն մայրաքաղաքցիների համեմատությամբ պրովինցիալ վերոնացիները տանտերերին թույլ չտվեցին անել այդ բանը։ Եվ ահա երկրորդ անընդմեջ անակնկալն այդ նույն «Վերոնայի» կատարմամբ ու շատ ավելի ահեղ մրցակցի նկատմամբ։ Թվում է, թե էլ ի՞նչ կարող էր լինել, որ սուր զգացողությունների առումով ֆուտբոլասերին ցցի հաներ։ Սակայն պարզվեց, որ ոչ պակաս սուր զգացումներ էին և «Ինտեր»-«Միլան» ֆանտաստիկ դիմակայությունում, «Բետիս»-«Բարսելոն» մրցակցությունում։
ԻՏԱԼԻԱ
Վերջին երեք խաղում երկրորդ պարտությունը կրեց «Յուվենտուսը»։ Առաջինը, պիտի որ հիշեք, «Նապոլիից» էր, ու այն թերևս կարելի էր դիտարկել դեպքերի տրամաբանական զարգացումների շրջանակում, որքան էլ ընթացիկում նեապոլցիները չափազանց վատ են հանդես գալիս. բանն այն է, որ գրանդ ակումբները միմյանց հետ մրցակցությունում ունեն պայքարի իրենց չգրված կանոնները, յուրօրինակ հոգեբանությունը։
Այս անգամ «ծեր սինյորային» նոկաուտի ենթարկածը «Վերոնան» էր (հաղթանակը թիմին տեղ է ապահովել վեցերորդ հորիզոնականում՝ 34 միավոր), որի վերելքով հանդես գալու կարողությու՛նն էր թերագնահատել «Յուվենտուսը», ինչի համար էլ «վարձատրվեց» միավորների կորստով։ Ընդ որում, մրցակցի հաղթանակը կամայիններից էր՝ 2։1։ Նկատենք, որ 11-մետրանոցից դարպասի գրավմանը հաջորդած տասը րոպեն (մրցավարը վեց րոպե էր ավելացրել հիմնական խաղաժամանակին) հյուրերը տանտերերի համար վերածեցին իսկական մղձավանջի, սակայն վերոնացիները կարողացան դիմանալ այդ դժոխքին։ Անկեղծ լինենք. թեպետ «Յուվեն» այդպես էլ չկարողացավ իրավիճակ շտկել, սակայն առարկայնորեն ցույց տվեց, թե ինչ ահռելի հզորության թիմ է, իսկ պարտություններից այս կյանքում ապահովագրված չէ և ոչ ոք։
Աներևակայելի զարգացումներ էին «Ինտեր»-«Միլան» խաղում։ Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը հետ բերելու համար տանտերերին բացառապես հաղթանակ էր պետք։ Աստիճանաբար հավելվող լարվածությունն առաջին անգամ լրջորեն պոռթկաց հանդիպման 40-րդ րոպեին, ու «Միլանը» հաշվի մեջ առաջ անցավ։ Եվս հինգ րոպե, ու հաշիվը կրկնապատկված էր։ Սա տանտերերի համար արդեն ողբերգություն էր։ Թիմի երկրպագուներին մնում էր աղոտ հուսալ, որ Անտոնիո Կոնտեն հանդերձարանում կկարողանա կենդանության շունչ հաղորդել «Ինտերին», վերադարձնել խաղ։ 51-րդ րոպեին հաշվի տարբերությունը հասցվեց նվազագույնի, ևս երեք րոպե, ու այն վերականգնված էր։ Սակայն պարզվեց, որ սա «Ինտերի» համար ընդամենը սկիզբն էր։ Եվս 16 րոպե ու թիմն արդեն առջևում էր, իսկ հզոր կրքերի այս դերբիում տանտերերի հաղթանակն անբեկանելի դարձրեց Ռոմելու Լուկակուն՝ չորրորդ անգամ գրավելով «Միլանի» դարպասը։ Փառավոր հաղթանակով Կոնտեի սաները վերադարձան սկուդետեի առաջին հորիզոնական։
Պարմայում տեղի համանուն թիմի հետ լարված, հյուծիչ հանդիպում ունեցավ «Լացիոն», որն էլ հեղինակել է հանդիպման միակ գոլը։ Հռոմեացիները միավորների թիվը հասցրին 53-ի, ինչն ընդամենը մեկ նիշով է պակաս «Ինտերի» ու «Յուվենտուսի» ունեցածից։
Վերջին երկու տուրի անհաջողությունն առաջիկա առնվազն երկու խաղում էլ «հաղթականորեն» կրկնելու և սկուդետեի հինգերորդ հորիզոնականը չկորցնելու համար ամրության դեռևս բավարար պաշար ունեցող «Ռոման» շարունակում է հիասթափեցնել երկրպագուներին։ Ճիշտ է, վնասվածքի պատճառով խաղային պրակտիկայում տևական դադար ունեցած Հենրիխ Մխիթարյանը դարպասի գրավումով իտալական «գայլերին» օգնել է «Բոլոնիայից» հաշվի մեջ հետ մնալը հասցնել նվազագույնի, սակայն «Ռոմայի» դարպասը հյուրերի երեք անգամ խոցելն արել է իրենը։
Շարունակել է չորրորդ հորիզոնականում մնալ «Ֆիորենտինային» հյուր գնացած «Ատալանտան»՝ 2։1։ Նրա 42 միավորը երեք նիշով ավելի է «Ռոմայի» ունեցածից։
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի 24-րդ տուրը սուր զարգացումներ չարձանագրեց։ Համենայն դեպս առաջին քառյակի կտրվածքով։ «Պարի Սեն Ժերմենը» պահպանել է առաջատարությունը (հյուրընկալելիս հաղթել է «Լիոնին»՝ 4։2), ու, թե անկեղծ, երկրի ներսում չկա թիմ, որ ի զորու է նրա դիրքերը, առավել ևս հեղինակությունը սասանելու։ Մյուս խաղերում «Մարսելը» բավարարվեց աղյուսակը եզրափակող «Թուլուզին» նվազագույն հաշվով պարտության մատնելով, «Լիլը» երրորդ անընդմեջ խաղում վաստակեց հերթական երեք միավորն ու վտանգավոր հարևանությամբ մոտեցավ «Ռենին», որը սեփական հարկի տակ գոլազուրկ հանդիպում է ունեցել «Բրեստի» հետ։ Տուրից հետո առաջին քառյակում հետևյալ դասավորությունն է միավորների հետևյալ արձանագրումով. «Պարի Սեն Ժերմեն»՝ 58, «Մարսել»՝ 49, «Ռեն»՝ 41, «Լիլ»՝ 40։
ԳԵՐՄԱՆԻԱ
Անվիճելի էր, որ բունդեսլիգայի հերթականի թիվ մեկ դիմակայությունը Մյունխենում էր՝ տեղի «Բավարիայի» ու «Լայպցիգի» միջև, որը մինչև վերջերս առաջնության առաջատարն էր։ Ինչպես և սպասվում էր, մրցակցությունը հեշտերից չեղավ, յուրաքանչյուրի գերմտահոգությունը սեփական դարպասն անառիկ պահելն էր։ Այս տրամաբանությամբ թիմերն ի վերջո հասան նրան, որ գոլազուրկ ոչ-ոքի արձանագրեցին։ «Բավարիան» 43 միավորով առաջինն է, «Լայպցիգը»՝ երկրորդը։ Հետաքրքիր է, որ վերջինիս միավորներով՝ 42, կարող էին հավասարվել երկու «Բորուսիաներն» էլ։ Մյոնխենգլադբախցիներին դա անել չհաջողվեց, քանի որ «Քյոլնի» հետ խաղը տեղափոխվել էր, ինչ վերաբերում է երրորդ տեղում գտնվող դորտմունդցիներին, նրանք արտակարգ լարված, միաժամանակ գոլառատ հանդիպում ունեցան հինգերորդ հորիզոնականում տեղ գտած «Բայերի» հետ, ու այդ մրցակցության առնչությամբ արժե փոքր-ինչ մանրամասն լինել։ Խաղի առաջին հատվածից հետո թիմերը հանդերձարան գնացին երկուական գոլ փոխանակած՝ ֆուտբոլասերին թողնելով լարված ու, հնարավոր է նաև, ոչ պակաս գոլառատ պայքարի ակնկալիքը։ Երկրորդ կեսի քսաներորդ րոպեին Գերեյրիոն առաջ մղեց դորտմունդցիներին, ու թվում էր, թե այս դիմակայությունում ամեն ինչ կանխորոշված է արդեն։ Սակայն լևերկուզենցիներից ընդամենը մեկ րոպե պահանջվեց հյուրերի դարպասը երկու անգամ դրոշմակնքելու ու նրանց պարտված տուն ճամփա դնելու համար։ 37 միավորով «Բայերը» հինգերորդ հորիզոնականում է։
Առաջին վեցյակը եզրափակող «Շալկեն» այդպես էլ չկարողացավ կոտրել աղյուսակը եզրափակող «Պադերբոռնի» համառությունն ու բավարարվեց միավոր վաստակելով՝ 1։1։
ԻՍՊԱՆԻԱ
Վստահ հանդիպում անցկացրեց «արքայականը»։ «Օսասունայից» բաց թողած գնդակն իսկական ադրենալին եղավ թիմի համար, որը հանգստացավ լոկ այնժամ, երբ այդ մեկին պատասխանեց չորսով։ 52 միավորով Մադրիդի «Ռեալը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանից հետ մնալը կրկին երեք միավորի հասցնելու հնարավորություն ուներ Անդալուզիա՝ «Բետիսին» հյուր գնացած «Բարսելոնը»։ Ֆուտբոլասերին հիշեցնենք, որ «Բետիսը» «Բարսելոնի» ներկայիս մարզչի գլխավորած թիմն է եղել ու պիտի որ նախկին մարզչին հիշեցնելու ինչ-ինչ բաներ ունենար։ Առաջին խաղակեսն ունեցել է գոլառատ ընթացք, կողմերը երկուական գոլ են փոխանակել, ընդ որում, երկու դեպքում էլ կատալոնցիներն են եղել հետապնդողի դերում։ Երկրորդ խաղակեսում արձանագրվել է դարպասի միայն մեկ գրավում և դա եղել է հօգուտ բարսելոնցիների։ Հավելենք, որ հանդիպումն ընթացել է կոշտ պայքարում, թիմերն այն ավարտել են տասական ֆուտբոլիստով։
«Վալենսիային» ընդունած «Խետաֆեն» հյուրերին տուն է ճանապարհել դարպասից երեք գնդակ հանելու պարտականությունը պարտադրած՝ ձեռքի հետ ամրացնելով երրորդ հորիզոնականում ունեցած դիրքերը։ Երկու գոլ է հեղինակել Մոլինան, որը դարձել է 21-րդ դարում լա լիգայում գոլ հեղինակած ամենատարեց ֆուտբոլիստը։ Հետաքրքրության համար նշենք, որ այդ ֆուտբոլային դիմակայության օրվա դրությամբ ֆուտբոլիստը եղել է 37 տարեկան, 292 օրական։
Տարբեր պատճառներով ծանր ժամանակներ ապրող «Աթլետիկոն» հյուրընկալելիս կարողացել է պարտության մատնել «Գրանադային» (1։0) ու փոքրիկ առաջընթաց գրանցել մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով չորրորդ հորիզոնական։ Ի միջի այլոց, մադրիդցիներին կարող էր շրջանցել ու միավորներով ¥42¤ «Խետաֆեին» հավասարվել «Սևիլիան», սակայն այն, ինչ անդալուզցիներն արեցին մրցակցի հարկի տակ, տհաճ անակնկալներից էր. նախ տանտերերին թույլ տվեցին հավասարեցնել հաշիվը, ապա լրացուցիչում բաց թողեցին ևս մեկ գնդակ։
37 միավորով առաջին վեցյակը եզրափակում է «Ռեալ Սոսիեդադը», որը սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության է մատնել Բիլբաոյի «Աթլետիկին»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ