Սպասված իշխանափոխություն բունդեսլիգայում
04.02.2020 | 01:12
Ահա և վրա հասան անգլիական թիմերի ձմեռային արձակուրդները։ Մոտ կես ամսի չափ նրանց չենք տեսնի գործի մեջ, բայց պիտի ընդունենք, որ նրանք էլ հանգստանալու իրավունք ունեն։ Սակայն միայն այս նորությունը չէ, որ ընթերցողի ուշադրությանն է արժանի։ Երկար սպասված փոփոխություն է եղել բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերնամասում՝ «Բավարիան» վերադարձել է իրեն ծանոթ հանգրվան, իսկ մեդալների համար պայքարն այստեղ դարձել է առավել ինտրիգային, քանի որ առնվազն չորս թիմ նման բանի ոչ միայն ախորժակ, այլև հնարավորություն ունի, ինչը, գիտեք, ախորժակից շատ ավելի զորեղ գործոն է։
ԱՆԳԼԻԱ
Տուր է, որ փոխարինվում է տուրով, սակայն այդպես էլ պրեմիեր լիգայում չի գտնվում «Լիվերպուլի» ընթացքը կասեցնող թիմը։ Ավելին՝ կարծես թե յուրաքանչյուրը խաղադաշտ է դուրս գալիս կայուն համոզմունքով, որ մրցում է ընթացիկ առաջնությունն արդեն իսկ իրենով արած, չեմպիոնական տիտղոսը նվաճած թիմի հետ, ու միայն «մերսիսայդցիներն» են, որ իրենց նման ազատամտություն թույլ չեն տալիս, քանի դեռ ամեն ինչ վերջնականապես չի ամրագրված։ Առանց մանրամասների մեջ խորանալու ասենք, որ լիվերպուլցիների հետ մրցակցությունում հերթական անզորը եղավ սեփական դարպասը չորս անպատասխան գնդակ բեռնած «Սաուտհեմպտոնը»։
Լիվերպուլցիների այս ֆանտաստիկ խաղի հենքի վրա արդեն ընդամենը երկրորդ հորիզոնականում դիրքերի ամրապնդման մտահոգությամբ է ապրում երկրի գործող չեմպիոն «Մանչեստր Սիթին», որի օրվա մրցակիցը «Տոտենհեմն» էր։ Ինչպես և սպասվում էր, խաղը բացառիկ լարված է ստացվել, դինամիկ, իրադարձություններով լեցուն։ Ասենք, այլ կերպ չէր էլ կարող լինել Մոուրինիոյի ու Գվարդիոլայի գլխավորած թիմերի պարագայում, իսկ այս մարզիչների անտագոնիզմը գալիս է դեռևս Իսպանիայից։
Դիմակայությունն ավարտվել է տանտերերի հաղթանակով, ու ամեն ինչ սկզբունքորեն ամենայն լրջությամբ ծայր է առել այն պահից, երբ հյուրերը չեն կարողացել իրացնել 11-մետրանոցը։ Հետո «քաղաքաբնակները» մնացել են տասը հոգով, ինչից չէր կարող չօգտվել «Տոտենհեմը»։ Արդյունքում «Մանչեստր Սիթին» մնաց ունեցած 51-ով, իսկ Ժոզե Մոուրինիոյի սաները 37 միավորով սրընթաց ներխուժեցին հինգերորդ հորիզոնական՝ այնտեղից դուրս մղելով հյուրընկալվելիս «Կրիստալ Պալասի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակ տոնած «Շեֆիլդին», որն իր հերթին, ի հաշիվ այդ հաղթանակի, շրջանցել էր տետատետ մրցավեճում իրար հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղացած «Մանչեստր Յունայթեդին» ու «Վուլվերհեմպտոնին»։
Երրորդ տեղի վրա դեռևս աչք ունեցող «Չելսին» հյուր էր գնացել սեփական ձեռքերում այդ երրորդ տեղը լավ էլ պինդ պահած «Լեստերին», որը, եթե «Մանչեստր Սիթին» շարունակի այսպես աջ ու ահյակ միավոր բաժանել, կարող է նորից հույսեր կապել երկրորդ հորիզոնական վերադառնալու հետ, թեպետ առավել իրազեկվածներն ամենայն լրջությամբ հավաստում են՝ եթե Անգլիայում առաջինը չես, երկրորդը կամ երրորդը լինելը ոչ մեկին էլ ոչ առանձնապես հուզում է, ոչ էլ «տաք» պահում։ Ինչևէ։ Որ հանդիպումը չդիտածների համար ասենք՝ սա պարզապես խաղ չէր, այլ կատարյալ ներկայացում, ճշմարտության դեմ դույզն-ինչ մեղք գործած չենք լինի։ Այս փայլուն դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի։ «Ազնվականներին» ներկայացնող Ռուդիգերն ինչպես որ բացել, այնպես էլ փակել է հանդիպման հաշիվը՝ 2։2։ Արդյունքում 49 միավոր ունեցող «Լեստերը» շարունակում է ութ միավորով գերազանցել Ֆրենկ Լեմպարդի թիմին։
ԳԵՐՄԱՆԻԱ
«Մայնցի» նկատմամբ արտագնայում 3։1 հաշվով տոնած հաղթանակը «Բավարիային» 42 միավորով վերջապես հանեց առաջին հորիզոնական, սակայն դա չեղավ առանց մինչ այդ լիդերությունը կայունորեն պահող «Լայպցիգի» մասնակցության, որը հանդիպման վերջին րոպեներին խփած գոլի հաշվին միայն կարողացավ խուսափել պարտությունից։ Իսկ այդ պարտությունը նրան հասցնելուն չափազանց մոտ էր առաջնության մեդալների համար պայքարող Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը մինչև որոշակի ժամանակ դիմակայությունը շահում էր 2։0 հաշվով ու խաղի ելքի առնչությամբ տագնապելու բան ոնց որ թե չուներ։
Գոլառատ հանդիպում անցկացրեց տուրում «ՈՒնիոն Բեռլինին» մրցակից ունեցած Դորտմունդի «Բորուսիան» (5։0)՝ միավորների թիվը հասցնելով 39-ի։ Ավելորդ չհամարենք նկատել, որ դուբլի հեղինակ է դարձել Էռլինգ Հոլանդը, ով կարծես թե հավակնում է դառնալու ընթացիկ մրցաշրջանի գլխավոր հերոսը։ 19-ամյա նորվեգացին երեք խաղում յոթ գոլ է հեղինակել։ Հետաքրքիր է, որ յոթ գոլի վրա նա ծախսել է նույնքան հարված։ Ասել է թե՝ նրա յուրաքանչյուր հարվածը դարձել է գոլ։ Մեկ այլ հաշվարկով նրա այս վիճակագրությունը պակաս հետաքրքիր տեսք չունի։ Հաշվի առնելով խաղադաշտում ֆուտբոլիստի անցկացրած ժամանակը՝ ստացվում է, որ յուրաքանչյուր գոլի վրա նա ծախսում է 20 րոպեից պակաս ժամանակ։ Ֆանտաստիկ արդյունք է։ Դորտմունդցիների պես 39 միավոր ունեն և գլադբախցիները։ Լայպցիգցիներից «Բորուսիաների» երկյակը հետ է մնում երկու միավորով։
34-ական միավորով բունդեսլիգայի հինգերորդ-վեցերորդ հորիզոնականները զբաղեցնում են «Բայերն» ու «Շալկեն»։ Առաջինը 1։2 հաշվով զիջել է «Հոֆենհայմին», երկրորդը, նույնպես հյուրընկալվելիս, գոլազուրկ հանդիպում է ունեցել «Հերտայի» հետ։
ԻՏԱԼԻԱ
«Ֆիորենտինայի» հետ տնային խաղում «Յուվենտուսի» հաղթանակը միանգամայն համոզիչ էր՝ 3։0, երկու գոլ հեղինակել է Ռոնալդուն։ Ճիշտ է, երկուսն էլ 11-մետրանոցից, սակայն սկզբունքորեն դա ի՞նչ կարևոր է։ Շատ ավելի կարևորը Քրիշտիանու-մեքենայի անխափան գործելն է։ Նկատենք, որ այս գոլերով նա աշխարհում դարձավ երրորդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Ռոնալդուի անվան դիմաց արդեն դարպասի 722 գրավում է, պորտուգալացին հետ է մնում միայն բրազիլացիներ Պելեից (767) ու Ռոմարիոյից (734 գնդակ)։ Ինչ վերաբերում է թիմին, թուրինցիները շարունակում են 54 միավորով գլխավորել սկուդետեն։
Հաղթական հանդիպում անցկացրեց և «Լացիոն»՝ ՍՊԱԼ-ի դիմադրությունը կոտրելով 5։1 հաշվով։ Դուբլ է հեղինակել ընթացիկ մրցաշրջանի եվրոպական թիվ մեկ ռմբարկուն՝ Չիրո Իմոբիլեն՝ խփած գոլերի թիվը հասցնելով 25-ի, ինչը վեցով շատ է Ռոնալդուի հեղինակածից։ Այս հաղթանակով 48 միավորի տեր դարձած «Լացիոն» այդպես էլ շրջանցած կլիներ «Ինտերին», եթե այն «ՈՒդինեզեի» հետ արտագնա խաղում միավոր կորցներ։ Ի բարեբախտություն սեփական երկրպագուների, վերջին երեք հանդիպումները բացառապես ոչ-ոքիով ավարտած միլանցիներն իրենց նման «շռայլություն» թույլ չեն տվել, հաղթել են 2։0 հաշվով (դուբլի հեղինակ է դարձել Լուկակուն) ու 51 միավորով շարունակում են մնալ երկրորդ հորիզոնականում։ «Լացիո»-«Ինտեր» զուգահեռը տանելիս բոլոր դեպքերում նշենք, որ հռոմեացիները մեկ խաղ պակաս են անցկացրել։
Երկրորդ տասնյակում գտնվող «Սասուոլոյի» հետ արտագնա մրցակցությունում հզոր ապտակ կերավ «Ռոման»՝ 2։4։ Ընդ որում, տանտերերը հարցը հօգուտ իրենց էին լուծել հանդիպման արդեն առաջին կեսում՝ այն շահելով երեք անպատասխան գնդակի առավելությամբ։
Իտալական «գայլերի» այս վրիպումից օգտվեց «Ատալանտան» ու աղյուսակում նրանց հետ փոխեց տեղը, թեպետ դա կարող էր անել ավելի համոզիչ ու ոչ թե ի հաշիվ լրացուցիչ գործակիցների հաշվարկի, այլ շատ ավելի հաստատունորեն, եթե իհարկե սեփական հարկի տակ ոչ թե միավոր կիսեր «Ջենովայի» հետ (2։2), այլ հաղթեր։ Նույնպիսի հաշիվ է արձանագրվել նաև «Կալյարի»-«Պարմա» դիմակայությունում։ Սա տանտերերի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր, թիմը վերջին խաղերում շռայլորեն միավորներ է կորցրել ու բանը հասցրել նրան, որ եթե հաջորդ տուրում էլ հանդես գա միավոր բաշխողի դերում, արդեն հարկադրված կլքի աղյուսակի վեցերորդ հորիզոնականը, քանզի անհուսալիորեն մսխված է հետապնդողների նկատմամբ ունեցած միավորների պահուստային ֆոնդը։ Այս պահի դրությամբ «Կալյարին» ունի 32 միավոր, նույնքան ունեն «Պարման» ու «Միլանը»։ Էլ չենք ասում այն մասին, որ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Ջենովան» 30 միավորով ծանրորեն շնչում է այս երեքի թիկունքին։
ՖՐԱՆՍԻԱ
Ֆուտբոլային խոշորագույն կրքերի հաղթահանդես է եղել «Ռեն»-«Նանտ» մրցակցությունում։ Հանդիպման հինգ գոլն էլ խփվել է դիմակայության երկրորդ կեսում։ Ինքնագոլը նախ առաջ է մղել հյուրերին։ Առժամանակ անց «Ռենը» կարողացել է վերականգնել հաշվի հավասարությունը, ինչին, սակայն, արմատապես դեմ են եղել «Նանտի» ֆուտբոլիստները՝ երկրորդ անգամ հաշվի մեջ առաջ անցնելով։ Պայթյունը հաջորդել է մրցավարի հավելած ժամանակահատվածում։ 94-րդ րոպեին «Ռենը» հասել է հաշվի հավասարության վերականգնման, իսկ երեք րոպե անց խփել և հաղթական գոլը՝ շոկի մատնելով ապշած հյուրերին՝ 3:2։ «Ռենը» 40 միավորով դիվիզիոնի երրորդ հորիզոնականում է։
Հերթական խոշոր հաշվով հաղթանակն է տոնել «Պարի Սեն Ժերմենը»՝ 5։0, իսկ նրա հյուրը լինելու դժբախտությունն է ունեցել «Մոնպելիեն»։ Մայրաքաղաքցիները 55 միավոր ունեն, նրանց լիդերությունը ներքին առաջնությունում չի կարող վիճարկել և ոչ մի թիմ։ Մրցաշարային աղյուսակում ՊՍԺ-ին հաջորդում է «Մարսելը» (43 միավոր), որն արտագնայում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Բորդոյի» հետ։
Երեք անընդմեջ պարտությունների շարքից հետո վերջապես սթափվել է «Լիլը», որն արտագնայում կամային հաղթանակ է տոնել «Ստրասբուրգի» նկատմամբ՝ 2։1։ «Լիլի» միավորները 34-ն են։ Այն չորրորդ հորիզոնականում է:
ԻՍՊԱՆԻԱ
Նկատելիորեն դժգույն առաջին խաղակեսի կողքին հզոր կրքերով հագեցած երկրորդ, ու «Ռեալը» ծնկի բերեց ոչ լավագույն ժամանակներ անցկացնող, տարբեր պատճառներով կադրային լուրջ խնդիրներ ունեցող «Աթլետիկոյին»։ Ճիշտ է՝ դիմակայությունում արձանագրվել է դարպասի սոսկ մեկ գրավում, սակայն «ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով» հանրահայտ ճշմարտությունը միշտ չէ, որ իրականությունն ամբողջապես է բնորոշում։ Այս հաղթանակը «Ռեալին» օգնեց պահպանելու «Բարսելոնից» ունեցած երեք միավորի պոկվածությունը, քանի որ «Լևանտեի» հետ հանդիպումը կատալոնցիները «Կամպ Նոուում» անցկացրին վերելքով ու հաղթեցին 2:1 հաշվով։ «Բարսելոնն» ունի 46 միավոր։ Երկու գոլն էլ հեղինակել է 17-ամյա Ֆատին, երկուսի գոլային փոխանցման հեղինակն էլ Մեսին է։
Խիստ արդյունավետ եղավ «Խետաֆեի» այցը Բիլբաո։ «Աթլետիկին» երկու անգամ պարտադրելով գնդակը հանել դարպասից՝ հյուրերը վաստակեցին երեք միավոր ու 39-ով բարձրացան երրորդ հորիզոնական։ Նրանց այնտեղից տեղահան կարող էին անել միայն անդալուզցիները, սակայն միակ բանը, որ այդ օրը հաջողվեց «Սևիլիային», հյուր ժամանած «Ալավեսին» պարտվելուց խուսափելն էր՝ 1։1։ 39 միավորով «Սևիլիան» չորրորդ տեղում է։
Իսպանականի հինգերորդ հորիզոնականում «Սելտայի» նկատմամբ նվազագույն հաշվով առավելության հասած «Վալենսիան» է 37 միավորով, իսկ առաջին վեցյակը եզրափակում է «Աթլետիկոն», որի անվան դիմաց 36 միավոր է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ