Ճիշտ էի ասել, որ առանց մեզ չի լինում
31.01.2020 | 12:12
Օրերս ավստրիական Գրաց քաղաքում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, ավարտվեց մարզաձևի ռուսական դպրոցի ներկայացուցիչների փայլուն հաղթանակով՝ հնարավոր 12-ից շահել են 10 մեդալ։ Ի միջի այլոց, այս թիվը մեկով էլ կավելանա, եթե չանտեսենք, որ տղամարդկանց մենասահքում բրոնզին արժանացած, Մոսկվայում ծնված ու մեծացած Մորիս Կվիտելաշվիլին նույնպես ռուսական դպրոցի ներկայացուցիչ է, մարզվում է իր հայրենակից Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ ու հինգ տարի է, որ ընդունել է այլ երկրի քաղաքացիություն։ Տվյալ պարագայում իր պատմական հայրենիքի՝ Վրաստանի, այն էլ ակնհայտորեն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, հեղինակավոր խոշոր մրցաշարերում երաշխավորված մասնակցություն ունենալու համար, մի բան, որ անկաշկանդ անում են նաև ծագումով բազմաթիվ ռուս մարզիկներ, քանզի այս երկրի հավաքականի կազմում աներևակայելի սուր մրցակցություն է։
Թե Կվիտելաշվիլու պարագայում ինչու այսքան մանրամասն եղանք, խնդիրն ունի իր աստառը ու պարզ կդառնա փոքր անց, սակայն պատմությունն այդ չենք անի կից մեկնաբանություններով՝ հետևություններ անելն արտոնելով բացառապես ձեզ՝ ընթերցողներիդ։
Մինչ շեշտադրումները փոխելն ասենք, որ Ռուսաստանի ընտրանին նույն այս Եվրոպայում նման շլացուցիչ մրցելույթ ունեցել էր մեկ էլ 14 տարի առաջ։ Նկատի ունենք բացառապես ոսկե մեդալների հաշվարկը, այլապես այս առաջնությունն անհամեմատելի է։
Հիմա դառնանք նրան, թե հատկապես ի՛նչն է Եվրոպայի առաջնությունում ռուսների քեֆը բերել։
Կարծում եք կանանց մենասա՞հքը։
Այդպես մտածելով՝ չէ, սխալված չեք լինի հարկավ, սակայն մասամբ ճիշտ կլինեք, քանզի կանանց մենասահքում, մասնավորապես Եվրոպայում, ռուսներն այնպիսի ջախջախիչ առավելություն ունեն մյուսների նկատմամբ, որ պարզապես գերագույն անակնկալ կլիներ, եթե մրցանակային տեղերի հարցում մեկնումեկը խառնվեր նրանց մրցակցությանը։ Այլ հարց է, թե Ալյոնա Կոստորնայայի, Աննա Շչերբակովայի, Ալեքսանդրա Տրուսովայի միջև (ներկայացված են Եվրոպայում գրաված տեղերով) ինչ հերթականութամբ էին բաշխվելու, ինչը ներքին առաջնությունում փոքր-ինչ այլ դասակարգում ուներ (ի միջի այլոց, վերջին անգամ բոլոր մեդալները նրանցը եղել են 2016 թվականին)։ Այստեղ թերևս միջանկյալ նկատենք, որ Ռուսաստանի առաջնությունում մեր Եվգենյա Մեդվեդևան մասնակցել է միայն կարճ ծրագրին՝ ցույց տալով հինգերորդ արդյունքն ու բաց թողնելով ազատ ծրագիրը։ Հարկավ կարելի էր մի երկու խոսք էլ ասել օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովայի մասին, բայց այս դեպքում ստիպված կլինեինք շատ-շատ բաներում հանգամանալից լինել, ինչն էապես կշեղեր բուն նյութից։
Կանանց մենասահքի օրինակով սպորտային պարերի պարագան էլ եկեք ի սկզբանե բացառենք, ինչպես որ պիտի մասնակի զիջումների գնանք պարային զույգերի հարցում։
Փաստորեն տակը մնաց տղամարդկանց առաջնությունը, որտեղ Ալեքսանդր Յագուդին-Եվգենի Պլյուշչենկո զույգի դարաշրջանից հետո ռուսներն առանձնապես ուրախանալու բան չեն ունեցել։
Սակայն ողջ խնդիրն այն է, որ տղամարդկանց մենասահքը միայն ռուսների՛ քեֆը չի բերել։
Բա մե՞րը։
Բա Ռուսաստանին արծաթ բերած Արթուր Դանիելյանի անուն-ազգանունը ձեզ բան չի՞ ասում։
Է, հա՜, թող ասեն, որ դեռ հիմա էլ պատանեկան տարիքում գտնվող այս մարզիկի հայտնվելը հավաքականում պլանավորված չէր, բայց փառք ու պատիվ իրենց, որ ընտրանու կազմավորման հարցում մի մազի նահանջ իսկ չեն արել մարզական սկզբունքից ու ներքին առաջնությունում երկրորդ արդյունքը ցույց տված տասնվեցամյա պատանյակին տարել են նման հեղինակավոր առաջնություն։ Տարել են, ու մեր տղան էլ իր նկատմամբ վստահությունը գետնով չի տվել, մեծահասակների իր կյանքի առաջին առաջնությունը նշանավորել է արծաթե մեդալ նվաճելով։
Այժմ կենսագրական որոշ մանրամասներ։
Արթուր Աշոտի Դանիելյանը ծնվել է 2003 թվի դեկտեմբերի 17-ին, ռուսական Վոլգոգրադ քաղաքում։ Գեղասահքով սկսել է զբաղվել 2008-ից։ Ընտանիքով 2016-ին մշտական բնակության է տեղափոխվել Մոսկվա։ Մարզվում է Ելենա Բույանովայի (Վոդորեզովա) ու Մարինա Սելիցկայայի ղեկավարությամբ։ 2018-ին Խորվաթիայում նվաճել է պատանիների աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը։ Ռուսաստանի ու Եվրոպայի վերջին արծաթե մեդալները մեծահասակների առաջնությունում նրա առաջին խոշոր հաջողություններն են։ Հուսանք՝ ոչ վերջինը։ Ցանկանք այսուհետ ավելի բարձր հարգի մեդալներ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ