«Ռեալն» արեց այդ բանն ու ոչ առանց «Բարսելոնի» միջամտության
31.01.2020 | 12:10
Գնալով եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների մեր տեսություններն ավելի ու ավելի հաճախ ստիպված կլինենք ընդմիջել գավաթային հանդիպումները ներկայացնելով, քանի որ դրանք մտնում են այն փուլ, որտեղ առավելագույնս ուժեղներն են մնում գործի մեջ և ավելի ու ավելի շոշափելի է զգացվում եզրափակիչների շունչը։ Բնականաբար այս տեսություններին գալու են միանալու Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկություններինը, ինչն առավել բովանդակային է դարձնում մարզասերի օրը՝ դարձնելով հագեցած, հզոր կրքերով լեցուն։ Իսկ այժմ ընդհանուրից անցնենք մասնավորին, առավել առարկայականին։
ԱՆԳԼԻԱ
Հերթական 24-րդը բացարձակապես փոփոխություններ չբերեց մրցաշարային աղյուսակում։ Եթե երևակայությունից դուրս բան չլինի, մինչև մրցաշրջանի ավարտ առաջին տեղի առումով ընդամենը փաստելու ենք «Լիվերպուլի» գրանցած, գրանցելիք միավորների հավելումը։
Առաջիկա տուրերի մակարդակով փոփոխություններ չենք փաստելու և չորրորդ հորիզոնականում հանգրվանած «Չելսիի» առնչությամբ։ Փաստորեն խոցելի են մնում երկրորդ-երրորդ և հինգերորդ հորիզոնականները, ընդ որում, վերջինս՝ հատկապես, քանի որ պրեմիեր լիգայի հինգերորդը դառնալու հավակնություն ունեցող թիմերն անհամեմատ շատ են։
Իսկ այժմ տուրի արդյունքների մասին։
Հյուրընկալվելիս «Լիվերպուլն» «անցել» է «Վուլվերհեմպտոնի» վրայով՝ հաջողությունն իր կողմը բեկելու համար փայլուն օգտագործելով հանդիպման վերջին հատվածը (2։1), ինչն այս թիմի համար դառնում է բնութագրական փաստ։
Արտագնայում հաղթանակ է տոնել և «Մանչեստր Սիթին»՝ արժանանալով առաջնության նորեկ «Շեֆիլդի» համառ դիմադրությանը՝ 1։0։
Երկու անընդմեջ պարտությունների շարքն ընդհատեց «Լեստերը»՝ առավել քան համոզիչ լինելով «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 4։1։
Սեփական հարկի տակ «Արսենալի» դիմադրությունը չկարողացավ կոտրել «Չելսին»՝ 2։2, և սա այն դեպքում, երբ հյուրերը, սկսած 26-րդ րոպեից, մնացել էին տասը հոգով։
Երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց 34 միավոր ունեցող «Մանչեստր Յունայթեդը» (սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջել է «Բյոռնլիին»), ինչը «Տոտենհեմին» հնարավորություն է տվել հավասարվելու նրան։ Հիշեցնենք, որ նույնքան միավոր ունի նաև «Վուլվերհեմպտոնը»։ Սույն հաշվարկով ինչ վերաբերում է աղյուսակի առաջին չորս հորիզոնականում եղածներին, վիճակն այսպիսին է. «Լիվերպուլն» ունի 67 միավոր՝ պլյուս պակաս անցկացրած մեկ խաղ, «Մանչեստր Սիթին»՝ 51, «Լեստերը»՝ 48, «Չելսին»՝ 40։
ԳԵՐՄԱՆԻԱ
Արտագնայում «Այնտրախտից» «Լայպցիգի» կրած պարտությունը (0։2) աղյուսակում չսասանեց նրա դիրքը, սակայն 5։0 հաշվով «Շալկեին» հաղթած «Բավարիային» հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու երկրի փոխչեմպիոնին։ Նրանք համապատասխանաբար ունեն 40 և 39 միավոր։
«Բավարիայի» օրինակով հաղթանակներ են տոնել «Բորուսիաները»՝ մյոնխենգլադբախցիները գերազանցել են «Մայնցին» (3։1), դորտմունդցիները՝ «Քյոլնին» (5։1)։
Երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Բայերը»՝ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով այդ օրը ոչ միայն իրենց, այլև ֆորտունայի հետ խնդիրներ ունեցած «Ֆորտունային»։
Գլադբախցիներն ունեն 38, դորտմունդցիները՝ 36, լևերկուզենցիները՝ 34 միավոր։ «Շալկեն» մնացել է ունեցած 33-ով։ Եթե ուշադիր ենք նայում, տուրում առաջատար վեցյակից պարտություն են կրել միայն առաջին ու վեցերորդ հորիզոնականներում գտնվող թիմերը։
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում վերջապես տեղի ունեցավ այն, ինչին անհամբեր սպասում էին «Ռեալի» հարյուրմիլիոնավոր երկրպագուները։ Հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ «Վալյադոլիդի» նկատմամբ, ու «արքայականը» 46 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նշենք, որ եղածում միայն «սերուցքայինների» ներդրումը չէր։ Դրան եկել էր մեծապես նպաստելու «Բարսելոնը», որն արտագնայում «վայելել» էր «Վալենսիային» զիջելու «հաճույքը»՝ 0։2։ Ավելորդ չհամարենք նշել, որ սա ընթացիկ մրցաշրջանում կատալոնցիների չորրորդ պարտությունն էր, ինչն անհամության աստիճանի մեծ թիվ է հեղինակավոր այդ կոլեկտիվի համար։
Հաղթանակներ են արձանագրել երրորդ ու չորրորդ հորիզոնականներում գտնվող «Սևիլիան» ու «Խետաֆեն»։ Առաջինը պարտության է մատնել «Գրանադային» (2։0), երկրորդը՝ «Բետիսին» (1։0)։ Նրանք ունեն 38 և 36 միավոր։ «Խետաֆեի» պես 36 միավոր ունի և «Աթլետիկոն», որը գոլազուրկ հանդիպում է ունեցել «Լեգանեսի» հետ։ 36 միավոր ունի 3։0 հաշվով «Մալյորկային» պարտության մատնած, առաջին վեցյակը եզրափակող «Ռեալ Սոսիեդադը»։ Ի դեպ, այդքան է և «Վալենսիայի» միավորների քանակը։
ԻՏԱԼԻԱ
«Ինտերի» հարաբերական անհաջողություններից լավագույնս օգտված ու սկուդետեի միանձնյա լիդերությունը խլած «Յուվենտուսը» տուրի վերջին հանդիպումում բավական անակնկալ պարտություն կրեց «Նապոլիից», որքան էլ որ այդ դիմակայությունը մրցակցի դաշտում էր՝ 1։2։ «Ծեր սինյորայի» պարտությունն այդպես ենք որակում, քանզի նեապոլցիներն ընթացիկում խայտառակ վատ են հանդես գալիս (այս հաղթանակից հետո են միայն «պատիվ» ունեցել եզրափակելու առաջին տասնյակը), իսկ վերջին երեք խաղում անընդմեջ պարտություն են գրանցել։
Ոչ-ոքիներով են ավարտել տուրի իրենց դիմակայություները «Ինտերը», «Լացիոն», «Ռոման»։ Առաջինն ուժերը չափել է «Կալյարիի» հետ, երկրորդն ու երրորդը ուժեղագույնին վիճարկել են իրար միջև։ Երկուսում էլ արձանագրվել է նույն 1։1 հաշիվը։
21-րդ տուրը գերհաջող է եղել «Ատալանտայի» համար։ Այն յոթ անպատասխան գնդակ է ուղարկել «Թուրինի» դարպասը՝ վերջինիս նվաստացնելով նրա իսկ խաղադաշտում։ «Յուվենտուսն» ունի 51, «Ինտերը»՝ 48, «Լացիոն»՝ 46 (պլյուս պակաս անցկացրած մեկ խաղ), «Ռոման»՝ 39, «Ատալանտան»՝ 38, «Կալյարին»՝ 31 միավոր։
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում շարունակում է անմնացորդ տնօրինություն անել արդեն 52 միավոր վաստակած «Պարի Սեն Ժերմենը»։ Հերթականում այն պարտության է մատնել «Լիլին» նրա իսկ դաշտում՝ 2։0։ Երկրորդ ու երրորդ հորիզոնականներում գտնվող «Մարսելն» ու «Ռենը» վաստակել են մեկական միավոր։ Առաջինն ուժերը չափվել է «Անժի» (0։0), երկրորդը՝ «Նիցցայի» հետ՝ 1։1։ Երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Մոնպելիեն»։ Այս անգամ նրա մրցակիցն է եղել «Դիժոնը»՝ 3։0։ «Մոնպելիեն» ունի 33 միավոր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ