«Ինտերի» երկրորդ անընդմեջ վրիպումը
21.01.2020 | 01:17
Սկզբունքորեն արդեն անհիշելի ժամանակներից է գալիս անգլիական «Լիվերպուլի» անպարտ հանդիպումների մեկնարկը, նման մի գործընթաց էլ սկուդետեում նախաձեռնել է աշխարհի հնագույն մայրաքաղաքը ներկայացնող «Լացիոն», սակայն հիշարժանը, բնականաբար, միայն այս երկուսի մրցելույթները չեն։ Բունդեսլիգայում բոլորին հետաքրքիր խնդիր է առաջադրել «Լայպցիգը», ի դեմս «Բարսելոնի» ու «Ռեալի»՝ չափազանց մեծ է լարվածությունը լա լիգայում։ Մի խոսքով՝ պայքար է ամենուրեք, ու հիմնական շահողը երկրպագուն է, ով ամեն տուրի հետ հուզումնառատ ապրումների մեկ չափաբաժին չէ, որ ստանում է։
ԱՆԳԼԻԱ
Շարունակում է ներքին առաջնությունում ունեցած մրցելույթների անկանխատեսելիությամբ, վայրիվերումներով զարմացնել «Մանչեստր Սիթին»։ Արդեն տարօրինակ էլ կլինի տարօրինակ ասել, որ խաղի ընթացքում պարտվում էր, ու հերոսական ջանքերի գնով է հավասարեցրել հաշիվը։ Սակայն հավասարեցնելուց հետո էլ տարօրինակ կլիներ, եթե «քաղաքաբնակները» չգնային առավելագույնին։ Հինգ րոպեի ընթացքում Ագուերոն խփել է «Կրիստալ Պալասի» հետ ունեցած դիմակայության երկրորդ գոլն ու առաջ մղել իր թիմին։ Թվում է, թե սրանով ամեն ինչ արած, վերջացրած էր, սակայն հյուրերը մեկ անգամ էլ են «ձգվել»` օգտվելով տանտերերի ամենաթողությունից ու արդյունքում երկրի գործող չեմպիոնից միանգամայն օրինականորեն կորզել մեկ միավոր՝ 2։2։
Բնականաբար այս ոչ-ոքին առավելագույնս ձեռնտու էր «Լեստերին», որը «Բյոռնլիի» հետ արտագնայում հաջողության հասնելու դեպքում միավորներով կհավասարվեր 48 միավոր ունեցող մանչեստրյան ակումբին։ Սակայն, ի դժբախտություն հյուրերի, խաղը դարձավ նախորդ տուրում «Սաուտհեմպտոնի» հետ հանդիպման կրկնությունը. այս անգամ էլ առաջ անցնելով հաշվի մեջ՝ լեստերցիները չկարողացան պահպանել առավելությունն ու խաղը տանուլ տվեցին իրենց այնքան քաջածանոթ 1։2 հաշվով։ Նկատենք, որ պարտությունը ոչնչով չազդեց աղյուսակում նրանց ունեցած դիրքի վրա. երրորդ հորիզոնականը կայունորեն նրանց ձեռքում է։
Տուրում չափազանց ծանր հանդիպում անցկացրեց «Չելսին», որին այդպես էլ չհաջողվեց հյուրընկալվելիս գտնել մրցակցի դարպասը բացող բանալին։ Փոխարենը «Նյուքասլը» եղավ հաջողակը, ու դա բառացիորեն մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող եզրափակիչ սուլոցից վայրկյաններ առաջ։ «Ազնվականները» 39 միավորով չորրորդ տեղում են։
«Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը մրցակցություն էր աղյուսակը գլխավորողի ու առաջին հնգյակը եզրափակողի միջև՝ անկախ հանդիպման արդյունքից և ոչ մեկի համար մրցաշարային աղյուսակում տեղաշարժերի չբերող։ Մանրամասների հետևից չընկնենք, միայն փաստենք, որ «մերսիսայդցիները» հերթական հաղթանակն են տոնել 2։0 հաշվով՝ միավորների թիվը հասցնելով 64-ի, ինչը 16-ով շատ է «Մանչեստր Սիթիի» ունեցածից՝ չհաշված պակաս անցկացրած մեկ խաղը։
Պրեմիեր լիգային հրաժեշտ տալուց առաջ հիշենք և «Տոտենհեմին»։ Այն արտագնայում ոչ-ոքի է խաղացել «ՈՒոթֆորդի» հետ՝ 0։0, ու 31 միավորով ութերորդ տեղում է։
ԻՏԱԼԻԱ
Երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց սկուդետեի առաջատարությունը դեռևս նախորդ տուրից «Յուվենտուսին» զիջած «Ինտերը»՝ այն էլ աղյուսակի ստորին հորիզոնականներում հանգրվանած «Լեչեի» հետ մրցակցությունում՝ 1։1։ Բնականաբար, եղածին արդարացում չի կարող լինել այն, որ միլանցիները հանդես են եկել մրցակցի դաշտում։ Չեմպիոնական հավակնություններ ունեցող թիմի համար սա, կրկնում ենք, արդարացում չէ։ Սույնից, առանց աչք ճպելու, օգտվեց «Պարմային» հյուրընկալած «ծեր սինյորան»։ Հաղթանակ 2։1 հաշվով (կրկին աչքի է ընկել Ռոնալդուն՝ հեղինակելով երկու գոլն էլ), ու Անտոնիո Կոնտեի սաները հետ են արդեն չորս միավորով։
Սակայն սկուդետեում զարգացումները հետաքրքիր են ոչ միայն «Յուվենտուս»-«Ինտեր» դիմակայությամբ։ Բարձր հարգի մեդալների, խոշոր հաշվով չեմպիոնական մրցավազքի մեջ է ներքաշվել և «Լացիոն», որը վերջին տուրում էլ հավատարիմ մնաց հաղթական մրցելույթների շքերթին՝ դրանց թիվը հասցնելով 11-ի (հռոմեացիների անպարտ հանդիպումների շարքը՝ 46, մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերից)։ Սիմեոնե Ինձագիի սաների այս անգամվա զոհը «Սամպդորիան» էր։ Այն հինգ անգամ պարտադրված էր գնդակը հանելու սեփական դարպասից՝ պատասխանելով միայն մեկով։ Հռոմեացիներից այս խաղում փայլել է Չիրո Իմոբիլեն (հեթ տրիկի հեղինակ է դարձել)՝ ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի թիվը հասցնելով 23-ի։ Այս պահի դրությամբ այս ցուցանիշը լավագույնն է եվրոպական ֆուտբոլային գերտերությունների հնգյակում։ Ավելորդ չհամարենք նկատել, որ այս հնգյակը կազմած ֆուտբոլիստներից ոչ մեկը դարպասի ավելի հաճախակի գրավման չի մասնակցել նաև Իմոբիլեի ունեցած գոլ+գոլային փոխանցում հաշվարկով՝ 27։
Սեփական հարկի տակ վերջին երկու տուրում կրած պարտություններից հետո հաղթանակ տոնեց «Ջենովային» հյուր գնացած «Ռոման» (վնասվածքի պատճառով շարունակում է խաղերը բաց թողնել Հենրիխ Մխիթարյանը)։ Գրանցվել է 3։1 հաշիվ։ Իտալական «գայլերի» հաշվին է 38 միավոր։ Նրանք աղյուսակի չորրորդ հորիզոնականում են։ «Ռոմային» միավորներով կարող էր հավասարվել երեկ ուշ երեկոյան ՍՊԱԼ-ին հյուրընկալած «Ատալանտան», եթե մրցակցությունից երեք միավոր կորզեր։
Չորս անընդմեջ պարտությունից հետ առաջին միավորը վաստակեց «Բրեշիային» հյուր գնացած «Կալյարին», որը թեև բացել էր հանդիպման հաշիվը, շատ ավելի մոտ էր պարտությանը, եթե 11-մետրանոցից չհավասարեցներ հաշիվը՝ 2։2։ Այն վեցերորդ հորիզոնականում է, ունի 30 միավոր։
Թեպետ «Նապոլին» շոշափելիորեն հեռու է առաջին վեցյակը կազմածներից, այսուհանդերձ, հիշենք և նրան։ Թիմի խաղում որակական փոփոխություններ չի կարողանում մտցնել և Ջենարո Գատուզոն, որի ղեկավարությամբ նեապոլյան ակումբը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։ Այս անգամ նրան ծնկի բերողը հյուր ժամանած «Ֆիորենտինան» էր՝ 2։0։
ԻՍՊԱՆԻԱ
Տասներկու տարի անդալուզական ակումբը չի կարողանում հաջողության հասնել «Սանտյագո Բեռնաբեուում», այդ տխուր ավանդույթի վերջը «Սևիլիան» չկարողացավ դնել և այս անգամ՝ զիջելով 1։2 հաշվով։ «Սերուցքայինների» կազմում երկու անգամ էլ աչքի է ընկել Կազիմիրոն։ «Ռեալի» համար այս հաղթանակն ավելի քան տեղին էր, քանզի «Գրանադային» հյուրընկալած «Բարսելոնի» հաղթանակի դեպքում «արքայականը» նվազագույնը պահպանում էր երկիշխանությունը, իսկ կատալոնցիների պարտվելու դեպքում 43 միավորով ստանձնում միանձնյա առաջատարությունը։ Նոր մարզչի գլխավորությամբ հանդես եկող «Բարսելոնն» «արքայականին», բնականաբար, չտվեց այդ երջանկությունը (հաղթական գոլը, որը, ի դեպ, միակն էր հանդիպումում, խփել է Մեսին), իսկ եթե անկեղծ, մնում էր, որ սուպերգավաթը տապալելուց հետո, մի հատ էլ «Գրանադայից» ապտակ ստանար։
Սաուդյան Արաբիայում կայացած Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Ռեալից» կրած անհաջողության տպավորությունից դեռևս դուրս չեկած «Աթլետիկոն» ձախողվեց «Էյբարի» հետ արտագնա մրցակցությունում, սակայն մրցաշարային աղյուսակի առումով զբաղեցրած տեղի կորուստ չունեցավ, քանի որ, մադրիդցիների պես 35 միավոր ունեցող «Սևիլիան» նույնպես պարտությամբ է ավարտել տուրի հանդիպումը։
Հինգերորդ հորիզոնականում արտագնայում «Լեգանեսի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակի հասած «Խետաֆեն» է 33 միավորով, իսկ առաջին վեցյակը եզրափակում է հյուրընկալվելիս «Բետիսին» 0։3 հաշվով զիջած «Ռեալ Սոսիեդադը»։
ԳԵՐՄԱՆԻԱ
Հերթական հաղթանակը, ու երկրի գործող փոխչեմպիոնը շարունակում է մնալ բունդեսլիգայի գլխամասում։ «Լայպցիգի» օրվա մրցակիցը «ՈՒնիոն Բեռլինն» էր, որն ընթացքում անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն ամեն ինչ ունեցավ միանգամայն սպասված ավարտ՝ 3։1։
Լայպցիգցիների հաղթական էստաֆետը խլեց Մյունխենի «Բավարիան», որն արտագնայում չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Հերտային» ու 36 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական
Գերգոլառատ դիմակայություն էր «Աուգսբուրգ»-Դորտմունդի «Բորուսիա» մրցակցությունում, ու հատկանշական է, որ առաջին խաղակեսը նման շարունակության «հուշում» չէր անում, թեպետ հասկանալի է, որ դորտմունդցիները բաց թողած գոլի համար վրեժխնդիր էին լինելու։ Սակայն այս կարգի վրեժխնդրությու՞ն։ Հյուրերը տանտերերին հարկադրեցին հինգ անգամ գնդակը հանել դարպասից (հեթ տրիկի հեղինակ է դարձել Հոլանդը)։ Իհարկե, «Աուգսբուրգն» էլ պասիվ դիտորդի կարգավիճակում չմնաց, սակայն առաջինի մեկին երկրորդում նրանց հավելած երկու գոլը վերջնահաշվում ի զորու չեղավ թիմը հետ պահելու պարտության տհաճությունից։
Դորտմունդցիների օրինակով աղյուսակում դիրքի կորուստ չունեցավ և (33 միավորով հինգերորդ հորիզոնականում է, նրանց զիջում է ի հաշիվ լրացուցիչ գործակիցների) Մյոնխենգլադբախի «Բորուսիային» հյուրընկալած ու 2։0 հաշվով պարտության մատնած «Շալկեն»։ Ինչ մնում է գլադբախցիներին, նրանք նահանջել են երրորդ հորիզոնական՝ մնալով ունեցած 35 միավորով։ Բունդեսլիգայի առաջին վեցյակը եզրափակում է «Ֆրայբուրգը» (29 միավոր)։ Այն արտագնայում երեք միավոր է կորզել «Մայնցից»` պարտության մատնելով 2։1 հաշվով։
ՖՐԱՆՍԻԱ
Այստեղ երկրի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպումներն էին, ողջ ծավալով այս փուլում դրանց անդրադառնալու հարկ չենք տեսնում, անդրադառնանք լոկ մի քանիսին։ Պայքարը շարունակում են դիվիզիոնը ներկայացնող «Պարի Սեն Ժերմենը»,«Մարսելը», «Լիլը», «Լիոնը», «Մոնպելիեն», «Դիժոնը», «Ռենը», «Նիցցան», «Անժը», «Սենտ Էտիենը»։ Մնացածներն ավելի ցածր առաջնություններում հանդես եկող թիմեր են։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ