«Յուվեն» էլ է մեկ քառորդում
17.01.2020 | 01:23
Իտալիայի գավաթի մեկ ութերորդի շրջանակում «Յուվենտուսը» մրցել է «ՈՒդինեզեի» հետ ու համոզիչ հաղթանակ տարել չորս անպատասխան գնդակի առավելությամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Դուբլով առանձնացել է Պաուլո Դիբալան, մեկական գոլ են հեղինակել Գոնսալո Իգուաինն ու Դուգլաս Կոստան: Հանդիպումը բաց է թողել Քրիշտինաու Ռոնալդուն, ով կրկին վերականգնել է նշանառությունն ու արդեն իսկ դարձել ինը գոլի հեղինակ՝ ռմբարկուների ցուցակում դուրս գալով երկրորդ հորիզոնական:
Այստեղ հարկ համարենք հիշել պորտուգալացու կապակցությամբ դիտարկումը, որ օրերս արել է «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ինչն անուղղակիորեն գալիս է վկայելու, որ իրական հիմքեր ունեին խոսակցությունները, թե ժամանակին սև կատու էր անցել մարզչի ու ֆուտբոլիստի միջև և որ տարաձայնությունները կարծես թե հարթված են: Տեսեք թե ինչ է ասում իտալացի մասնագետը. «Ես կցանկանայի օգնել Քրիշտիանուին, որ նվաճի վեցերորդ «Ոսկե գնդակը»: Այն գաղափարը, որ ինչ-որ մեկը ավելի շատ «Ոսկե գնդակ» է նվաճել, ավելի քան նյարդայնացնում է: Ես մտածում եմ, թե ինչպես օգնեմ նրան: Սա է իմ նպատակը և թիմի նպատակը»:
Հետաքրքիր է, որ սրանից օրեր առաջ Սարին խնդրին ևս մեկ անգամ անդրադառնալու առիթը բաց չէր թողել՝ ասելով, որ «Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է։ Նա լուծել է առողջության հետ կապված իր բոլոր ոչ մեծ խնդիրներն ու հիմա գտնվում է արտակարգ մարզավիճակում։ Թվերը խոսում են այդ մասին։ «Ռոմայի» դեմ խաղում Քրիշտիանուն 11000 մետրը վազել է ժամում 22 կմ արագությամբ»:
Դառնալով գավաթային մյուս հանդիպումներին, ասենք, որ մեկ քառորդում են արդեն «Միլանը», «Ֆիորենտինան», «Նապոլին», «Լացիոն», «Ինտերը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ