ԱՆԳԼԻԱ
Արդեն կասկածի նշույլ իսկ չկա, որ ընթացիկ մրցաշրջանի ներքին առաջնությունը կլոպյան «Լիվերպուլը» կեզրափակի չեմպիոնության նվաճմամբ։ Սույնի մասին, որպես կայացած փաստ, խոսում է անգամ Ժոզե Մոուրինիոն, ով իրեն յուրահատուկ խարակտերայնությամբ մինչև վերջին ակնթարթը անդավաճան է մնում կասկածելու անխախտ սկզբունքին։ Եվ այսուհանդերձ, իր այս կանխատեսելիությամբ հանդերձ, պրեմիեր լիգան ֆուտբոլային գերտերությունների մեջ չի դադարում ամենաինտրիգայինն ու ամենահետաքրքրականը լինելուց։
Սակայն եկեք առանձնապես չհեռանանք Ժոզե Մոուրինիոյից, ում գլխավորած «Տոտենհեմը» հերթական 22-րդում հյուրընկալել էր «Լիվերպուլին»։ Պորտուգալացի մասնագետի խոստացած գերլարված պայքարն իրողություն դարձավ, սակայն տանտերերն այդպես էլ ի զորու չեղան հաղթելու «մերսիսայդցիներին»։ Ընդհանուր առմամբ, երկու թիմերն էլ ֆուտբոլասերին հավասարապես պարգևեցին գերգեղեցիկ խաղ, որտեղ, այսպես ասենք, «Տոտենհեմն» արժանի չէր պարտության, սակայն «Լիվերպուլն» էլ արժանի էր հաղթանակի։ Այո, ֆուտբոլը երբեմն նման պարադոքսալ մտքերի, դատողությունների տեղիք է տալիս, սակայն այս մարզաձևի ողջ հմայքը նրա նաև այսօրինակ պարադոքսայնության մեջ է։ Ինչևէ։ Ֆիրմինոյի գոլը եղավ այդ գեղեցկագույն հանդիպման պսակը՝ գալով հավաստելու, որ լիվերպուլյան ճեպընթացն անվարան ու անխափան սուրում է եզրակետ։
Սույնը փաստելով հանդերձ՝ հընթացս նկատենք, որ խաղից խաղ «մերսիսայդցիները» նորանոր ռեկորդներ են սահմանում։ 63 հնարավորից նրանց հավաքած 61 միավորը (20 հաղթանակ, մեկ ոչ-ոքի) Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների լավագույն մեկնարկն է։ Սույն հանգամանքին անդրադարձած Յուրգեն Կլոպը, տեսեք, թե ինչպես է արձագանքել. «Սա առանձնահատուկ բան չի թվում։ Ամեն ինչ ավարտված կլինի, երբ քեզ կհանձնեն տիտղոսը, իսկ մինչ այդ պետք է շարունակել պայքարել։ Մեր լիդերությունն իսկապես հետաքրքիր չէ։ Ինձ համար հետաքրքիր կլինի այն ժամանակ, երբ կունենանք այնքան բավարար միավոր, որ ոչ մեկը չկարողանա մեզ հասնել»։
Նկատենք՝ սա ասում է մարդ, ում թիմը մերձակա հետապնդողից առաջ է պոկվել 14 միավորով՝ ակտիվում էլ դեռ ունենալով պակաս անցկացրած խաղ։ Իսկ մերձակա հետապնդողը, ոչ ավել-ոչ պակաս, երկրի գործող չեմպիոն «Մանչեսթր Սիթին» է, որն արտագնայում պարզապես բզկտեց «Աստոն Վիլային»՝ պարտության մատնելով 6։1 հաշվով (հեղինակության գոլը տանտերերը խփել են վերջին վայրկյաններին)։ Ավելորդ չհամարենք նկատել, որ այս հանդիպումում Ագուերոն խփեց պրեմիեր լիգայի իր 177-րդ գոլը՝ դառնալով Անգլիայի առաջնությունում հանդես եկող լեգեոնական լավագույն ռմբարկուն (մինչ այս այդ կարգավիճակն ուներ Թիերի Անրին)։ Այս հաղթանակը Խոսեպ Գվարդիոլայի սաներին հնարավորություն տվեց տևական դադարից հետո վերջապես բարձրանալու երկրորդ հորիզոնական՝ օգտվելով նաև նրանից, որ տուրում ձախողվեց «Լեստերը»՝ 1։2։ Վերջին հինգ խաղում սա թիմի երրորդ պարտությունն էր։ Հատկանշական է, որ հյուր ժամանած «Սաուտհեմպտոնը» ընթացքում տանտերերին զիջելիս է եղել։ Ակնհայտորեն Բեռնարդ Ռոջերսի ղեկավարած կոլեկտիվի վրա իջել է հոգնություն, մյուս կողմից էլ զգացվում է պահեստային նստարանի որակական կազմը։ Նկատենք, որ այս երեք պարտությունում անսպասելին հատկապես այս վերջինն էր, քանզի նախորդ երկուսում լեստերյան համեստագույն ակումբի մրցակիցները եղել են հենց այն թիմերը, որոնց հետ կազմում է առաջին եռյակը։
Շարունակում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականն ամրագրած պահել «Չելսին», որի մրցակիցը երկրի մայրաքաղաք ժամանած «Բյոռնլին» էր՝ 3։0։ Նշենք նաև հինգերորդ հորիզոնականում հանգրվանած, «Նորվիչի» նկատմամբ 4։0 հաշվով վստահ հաղթանակ տոնած, 34 միավոր ունեցող «Մանչեստր Յունայթեդին»։
ԻՏԱԼԻԱ
Ի դեմս Ինտեր»-«Ատալանտա» ու «Ռոմա»-«Յուվենտուս» մրցավեճերի, 19-րդ տուրը սկուդետեում ֆուտբոլասերին միանգամից երկու փառահեղ դիմակայություն պարգևեց։ Նախ՝ «քննություն» հանձնեց «Ինտերը»։ Ասում ենք՝ քննություն, որովհետև մրցակիցը վերջին երկու հանդիպումը գերարդյունավետ անցկացրած «Ատալանտան» էր խփած տասը գոլով ու սեփականը չոր պահելու ցուցանիշով։ Կողմերը փոխանակել են մեկական գոլ ու բաժանվել՝ այդպես էլ ուժեղագույնին ի հայտ չբերած։ Եթե հյուրերի համար հանդիպման նման ելքը միանշանակ կարելի է որակել հաջողություն, ապա առաջնության առաջատարի համար այն միանշանակ ձախողում էր, մանավանդ որ նրա շնչին նստած «Յուվենտուսի» համար միլանցիների արձանագրած նման արդյունքը նրանց առջև լայնորեն բացում էր առաջին հորիզոնական տանող դռները։ Բնականաբար՝ հաղթանակի դեպքում, իսկ այն «ծեր սինյորան» դեռ պիտի կարողանար կռել, քանզի մրցակիցը, համենայն դեպս, նվեր թիմերից չէր՝ չհաշված, որ նախորդ տուրում կրած պարտությունը չէր կարող «շոյած» չլինել, այն էլ սեփական հարկի տակ, իտալական «գայլերի» խոցված ինքնասիրությունը։
Հանդիպումը տանտերերի համար կատաստրոֆիկ սկիզբ ունեցավ։ Արդեն երրորդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը, իսկ յոթ րոպե անց կրկնապատկեցին։ Ի պատասխան Ռոնալդոյի հաջող իրացրած 11-մետրանոցի (վերջին վեց խաղում սա պորտուգալացու թվով 9-րդ գոլն էր, ինչը նրան ռմբարկուների ցուցակում հանեց երկրորդ հորիզոնական), նույնպիսի շանս ունեցան և տանտերերը, սակայն դրանից հետո այլևս հաշիվը չփոխվեց։ Դյուրին թե դժվար, երկրի գործող չեմպիոնը հաղթանակ տոնեց ու 48 միավորով միանձնյա գլխավորեց սկուդետեն։
Ինչ խոսք, որ ընթացիկ մրցաշրջանում երկրի վերջին տարիների անփոփոխ փոխչեմպիոն «Նապոլիի» մրցելույթները ստիպում են որոշ վերապահումով մոտենալ նրա մասնակցությամբ հանդիպումներին, սակայն եկեք չմոռանանք, որ ուղտը որքան էլ սատկած, կաշին մի իշաբեռ կլինի։ Իհարկե սույնը փոքր-ինչ չափազանցված համեմատություն է նեապոլյան թիմի առնչությամբ, բայց «Լացիոյի» հետ ունեցած արտագնա խաղում «Նապոլին» իսկապես կռիվ տվեց ու արժանի էր խաղադաշտից պարտված չհեռանալուն, սակայն ֆուտբոլային քմայքոտ աստվածուհին իր հաստատած կարգն ու օրենքներն ունի, որտեղ հանդիպման ելքի հարցում զգացմունքներին լուրջ դերակատարություն չի վերապահված։ Կարճ ասած՝ «Նապոլիի» դարպասապահի կոպտագույն սխալն իրենն արեց, ու Գատուզոյի գլխավորած թիմը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Ինչ վերաբերում է վերջին տասը մրցակցությունը միայն հաղթանակներով ավարտող հռոմեացիներին, նրանք շարունակում են հաճելիորեն զարմացնել ու 42 միավորով շարունակում են տեղակայված մնալ երրորդ հորիզոնականում՝ դառնալով վճռական գործոն ոչ միայն բրոնզե, այլև ավելի բարձր հարգի մեդալների համար պայքարում։ Իհարկե՝ այսպես շարունակելու դեպքում։
Չնայած չորրորդ անընդմեջ պարտությանը՝ 29 միավոր ունեցող «Կալյարին» (0։2 հաշվով զիջել է «Միլանին») շարունակում է մնալ եվրագոտում, սակայն հերթական պարտությունը դժվար թե նրա համար երաշխավորած պահի առաջնության վեցերորդ հորիզոնականը։
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի հերթականը նշանավորվել է նրանով, որ հերթական անգամ փոփոխություններ են տեղի ունեցել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում։ Նախորդ տուրում այնտեղ հանգրվանած «Լիլն» արտագնայում նվազագույն հաշվով զիջել է «Դիժոնին» ու ճանապարհ հարթել «Նանտի» համար, որն արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Սենտ Էտիենին»։
Չնայած կրած պարտությանը (հյուրընկալելիս զիջել է «Մարսելին»՝ 0։1)՝ «Ռենը» պահպանել է տեղն առաջին եռյակում ու մեկ միավոր ավելի ունի «Լիլից», որի անվան դիմաց 31 թիվն է։ Ինչ վերաբերում է «Մարսելին», այն աղյուսակում իր անխախտ երկրորդ տեղն ունի, հավաքած միավորների պաշարն էլ՝ 41, ապահովության հստակ երաշխիք է ամրագրված տեղում վստահ զգալու համար։
Շարունակում է առաջին հորիզոնականում մնալ երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը», որը ներքին առաջնությունում իրեն հավասար մրցակից պարզապես չունի։ Այս անգամ այս իրողությունը փորձեց ժխտել մայրաքաղաքայիններին հյուր ժամանած «Մոնակոն», սակայն ծրագրածը կարողացավ անել մասամբ։ Հուրախություն մարզասերի, այս դիմակայությունում գրանցվել է գոլառատ խաղ։ Արդեն առաջին խաղակեսում հինգ անգամ թպրտացել է մրցակիցների դարպասների ցանցը՝ փոքրիկ առավելություն ապահովելով տանտերերին, որոնցից դուբլի հեղինակ է դարձել խաղային կոնդիցիաները վերականգնող Նեյմարը։ Երկրորդ խաղակեսում մոնեգասկները կարողացել են հավասարեցնել հաշիվը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական 3։3 արդյունքը։ «Պարի Սեն Ժերմենը» 46 միավորով առաջին հորիզոնականում է ակտիվում պակաս անցկացրած երկու խաղով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ