Չեմպիոնների լիգայի հերթական տուրի առաջին օրվա դիմակայություններում ֆիքսված գոլերի առատությունը չկրկնվեց երկրորդում, սակայն դա ոչնչով չազդեց օրվա մրցակցությունների որակական կողմի վրա։ Ֆուտբոլասերը դարձյալ լիուլի վարձահատույց եղավ այս մարզաձևի նկատմամբ ունեցած իր սիրո համար։
A ԽՈՒՄԲ
Հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ ուղարկելով «Բրյուգեի» դարպասը՝ «Պարի Սեն Ժերմենը» 9 միավորով, գնդակների 9։0 հարաբերակցությամբ գլխավորում է խմբայինը՝ խոշոր հայտ ներկայացնելով այն առաջին տեղով էլ ավարտելու համար։
Չասենք առանձնապես լուրջ խնդիրների առաջ կկանգներ Մադրիդի «Ռեալը», եթե «Գալաթասարայի» հետ արտագնա դիմակայությունում չհաղթեր, բայց որ դա սարսափելի հարված կլիներ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հեղինակությանը, այս մեկն անկասկած է։ Հենվելով իսպանական մամուլի տարածած տեղեկատվության վրա՝ ասենք, որ լուրեր էին շրջանառվում, թե իբր լցվել է «արքայական» ակումբի նախագահի համբերության բաժակը, ու իբր թե այդ խաղից էր կախված Զիդանի հետագա գործունեությունը ակումբում։ Ինչևէ։ Բոլոր դեպքերում վատթարագույնը հետևում է, «Ռեալը» չորս միավորով երկրորդ հորիզոնականում է, խմբայինից դուրս գալու պրոբլեմ պիտի որ չունենա։
B ԽՈՒՄԲ
«Պարի Սեն Ժերմենի» խփած հինգ անպատասխան գնդակը վարակիչ եղավ «Տոտենհեմի» համար, որին հյուր էր եկել բալկանյան «Ցրվենա զվեզդան»։ Այս հաղթանակով անգլիացիները հավաքած չորս միավորով երեք միավոր ունեցող հյուրերին դուրս մղեցին երկրորդ հորիզոնականից։ Սակայն այս խոշոր հաշվով հաղթանակը Մաուրիսիո Պոչետինոյի համար կարևոր էր ոչ այնքան նրանով, որ զրոյական վիճակի բերեց խփած-բաց թողած գոլերի հարաբերությունը, այլ նրանով, որ նախորդ տուրում բավարացիներից կրած սարսափելի խոշոր հաշվով պարտությունից հետո կարողացան, այսպես ասած, կոնդիցիայի գալ, վերադառնալ պայքար։
Խմբային առաջատարի հետ հուսահատ կռվի բռնվեց հունական «Օլիմպիակոսը»։ Համենայն դեպս թիմն իր մեջ ուժ գտավ 3։1 հաշվով հաղթող «Բավարիային» գցելու ցնցումների մեջ, միայն ափսոս որ հաշիվը հավասարեցնող երրորդ գոլը տանտերերն այդպես էլ չկարողացան խփել։ Երեք խաղից հետո բացարձակ արդյունքով մյունխենցիներն առաջին հորիզոնականում են։
C ԽՈՒՄԲ
Մեկ խաղի հաշվարկով հինգ գնդակի սահմանագիծը մրցումային առաջին օրը հաղթահարեցին նաև «քաղաքաբնակները»՝ «Ատալանտային» հասկացնելով, որ եթե թիթիզություն ես ունենում ու խախտում ես դիմացինի օլիմպիական անդորրը (առաջինը գոլ են խփել հյուրերը), պիտի կարողանաս եղածի համար պատասխան տալ։ Մի խոսքով՝ հաղթանակ 5։1 հաշվով ու երեք խաղից հետո բացարձակ արդյունք գնդակների փայլուն 10։1 հարաբերակցությամբ, ինչը «Մանչեստր Սիթիի» համար տրամաբանական զարգացումների շրջանակից է։
Խմբային մյուս՝ «Շախտյոր»-Զագրեբի «Դինամո» դիմակայությունում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2։2, որը, բնականաբար, հօգուտ ուկրաինացի ֆուտբոլիստների չի կարելի դիտարկել, քանզի սեփական դաշտի առավելությունը ենթադրում էր միանգամայն այլ արդյունք։ Նկատենք, որ «Շախտյորն» է եղել պարտությունից խուսափող կողմը։ Երկու թիմն էլ ունի չորսական միավոր, ինչն առավել քան հետաքրքրական է դարձնում Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու իրավունք տվող երկրորդ ուղեգրի համար մրցակցությունը։
D ԽՈՒՄԲ
«Յուվեի» ու «Աթլետիկոյի» հերթական հաղթանակներից հետո առաջինը սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տարել Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ՝ երկու րոպեի ընթացքում նախ հավասարեցնելով հաշիվն ու ապա առաջ անցնելով (դուբլով աչքի է ընկել Դիբալան), երկրորդը նվազագույն հաշվով պարտության է մատնել գերմանական «Բայերին»: «Ծեր սինյորան» ու մադրիդցիները երեք խաղից հետո հավաքել են յոթական միավոր, ու կասկած չկա, որ այս տանդեմով էլ դուրս են գալու խմբայինից։ Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցելու համար ոչ մի միավոր չունեցող գերմանական ակումբից անհամեմատ շահեկան է մոսկովյան թիմի վիճակը (երեք միավորը քիչ բան չէ), սակայն չշտապենք, սպասենք խմբային հանդիպումների ավարտին։
E ԽՈՒՄԲ
Այստեղ առաջատարը մնում է իտալական «Նապոլին», որը գերլարված պայքարում երեք միավոր պոկեց «Զալցբուրգից»՝ հաղթելով 3։2 հաշվով։ Կառլո Անչելոտիի սաներն ունեն յոթ միավոր։ Նրանցից ընդամենը մեկ նիշով է հետ անգլիական «Լիվերպուլը», որն արտագնայում 4։1 հաշվով պարտության մատնեց «Գենկին», այն ակումբին, որը նախորդ տուրում «Նապոլիին» ստիպեց գոհանալ գոլազուրկ ոչ-ոքիով։ Թերևս այստեղ էլ առաջին երկու ուղեգրերի տերերի ով լինելը կասկած չի հարուցում, սակայն կարծում ենք, որ չափազանց լարված է լինելու Եվրոպայի լիգայի ուղեգրի համար պայքարը։ Հիշեցնենք, որ «Զալցբուրգն» ունի երեք, «Գենկը»՝ մեկ միավոր։
F ԽՈՒՄԲ
«Սլավիա»-«Բարսելոն» դիմակայությունում կատալոնյան ակումբը, ինչպես և ակնկալվում էր, հաղթեց, սակայն այդ հաղթանակը, անկեղծ ասած, այնքան էլ տպավորիչ չեղավ, ու չեխ ֆուտբոլիստները կարող էին և միավոր պոկել խմբայինի առաջատարից, որի անվան դիմաց արդեն յոթ միավոր է։ Նկատենք, որ գոլերից մեկի հեղինակը Մեսին է. արգենտինացի կախարդը Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում խփեց իր առաջին գոլը։
Առանցքային մրցավեճ ծավալվեց «Ինտեր»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունում, որտեղ հյուրերն ունեին չորս, տանտերերը՝ մեկ միավոր։ Անտոնիո Կոնտեի սաները բավականին արագ հասան հաջողության ու ողջ խաղը կառուցեցին հաշիվ պահելու վրա, մի բան, որ այս թիմը հրաշալի է կարողանում անել։ Իտալացիները խաղը տանում էին նման հանգուցալուծման, սակայն հյուրերը բռնվեցին տանտերերի հակահարձակման վրա ու երկրորդ գոլն էլ բաց թողեցին։ Արդյունքում՝ պարտություն 0։2 հաշվով, միավորների հավասարություն, սակայն լրացուցիչ գործակիցներով ավելի վերին հորիզոնականում են միլանցիները։
G ԽՈՒՄԲ
Սանկտպետերբուրգյան «Զենիթը» բավականին երկար է հիշելու, թե ինչպես, ունենալով հաղթելու հնարավորություն, այդպես էլ չկարողացավ տեր կանգնել հաջողությանն ու մրցակցին՝ տանտիրոջ կարգավիճակ ունեցող «Լայպցիգին», զիջեց 1։2 հաշվով։ Նմանատիպ արդյունք է գրանցվել նաև խմբային մյուս դիմակայությունում, ու սրանում թերևս անակնկալ չպիտի տեսնել, որովհետև քաջ հայտնի է, թե որքան հզոր է սեփական հարկի տակ խաղում «Բենֆիկան», ինչը չես ասի պորտուգալական թիմի արտագնա խաղերի մասին։ Այնպես որ, «Լիոնը» երկու շաբաթից սպասվող հանդիպումում վրեժխնդիր լինելու բոլոր շանսերն ունի։ Միաժամանակ նկատենք, որ այս խումբն այն եզակին է, որտեղ այն կազմած բոլոր թիմերն էլ պայքարը շարունակելու հնարավորություն ունեն։ «Լայպցիգն» ունի 6, «Զենիթն» ու «Լիոնը»՝ 4-ական, «Բենֆիկան»՝ 3 միավոր։
H ԽՈՒՄԲ
Երկու խաղից հետո վեց միավոր ունեցող «Այաքսը» հյուրընկալել էր «Չելսիին»՝ փայլուն հնարավորություն ունենալով հետապնդող թիմերից պոկվածությունը հասցնելու առավելագույնի, սակայն «ազնվականներն» ավելի քան համառ եղան ու դրա համար վարձատրվեցին։ Խաղավարտին մոտ անգլիացիները գոլ հեղինակեցին ու միավորներով հավասարվեցին հոլանդացիներին։
Դրամատիկ պայքար ծավալվեց «Լիլ»-«Վալենսիա» մրցակցությունում։ Չորս միավոր ունեցող իսպանացիները վստահ գնում էին իրենց հաղթանակին, սակայն խաղավարտին մոտ մնացին տասը հոգով, ու, մրցավարի եզրափակիչ սուլոցի հետ գրեթե համատեղ, ֆրանսիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 1։1։ Արդյունքը եղավ այն, որ այս խմբում նույնպես առկա է բավականին խճճված իրավիճակ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ