Եվրոպայի որակավորման փուլի վերջին երկու տուրերին ֆուտբոլի Հայաստանի ընտրանու մասնակցության մասին գրել ենք, ու սկզբունքորեն դրան անդրադառնալու հարկն էլ չկար ու չէր լինի, եթե այս օրերին չհետևեր մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի՝ իմ համեստ կարծիքով բնավ էլ չարդարացված հրաժարականը։
Զուտ մարդկային ու պրոֆեսիոնալ առումով մարդն իր համոզմամբ տղամարդավարի քայլ է կատարել՝ պատասխանատվությունը վերցնելով ուսերին, սակայն ուզում եմ հարց տալ՝ այս որակավորման փուլի խաղերից առաջ կա՞ր գեթ մեկը, որ լրջորեն հավատում էր, թե մեր տղաները կարող էին դառնալ եզրափակիչ դուրս բերող երկու ուղեգրերից մեկի տեր։
Եթե կար այդ մարդը, բերեք նրա աչքերը համբուրենք, լավատեսության առաջ մոմեր վառենք, Հռոմի պապի էլ չոքերն ընկնենք Գրիգոր Նարեկացու պես այդ մարդուն նույնպես սրբոց դասի մեջ առնելու համար, առաջիկա ընտրություններում էլ բերենք երկրի թագավորության թեկնածու առաջադրենք։
Գիտե՞ք՝ ցանկացած իրավիճակ շտկելի է, եթե դրա փոփոխման, վերափոխման, հիմնակառուցման հիմքում դրվում է ռեալ հաշվարկը, թե չէ կենաց ասելով, զանգ կախելով բան դուրս չի գա։ Հայկական ֆուտբոլի հիմքն այնքան հիմնավոր է փտած կամ փտածության մատնած, որ տարիների տևական աշխատանք է պետք այն հիմնանորոգելու համար։ Զավեշտն այն է, որ փոխանակ սրա մասին խոսեն, փոխանակ հայկական ֆուտբոլի տունը քանդածի մասին խոսեն, մի երկու սուտի մեկնաբան մեջտեղ ընկել, լուրջ-լուրջ դատողություններ են անում Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի կապակցությամբ, թե իբր հավաքական ղեկավարելու նրա կարողությունը չտեսան, նրա կառուցած խաղի փիլիսոփայությունը, մարտավարությունը չտեսան ¥կարծեմ ռազմավարության մասին խոսք չի եղել¤։
Ձեր շահերից ելնելով եմ ասում՝ տղերք, դեսից-դենից լսած, բայց էդպես էլ դրանց խորքը չընկալած տերմիններ որ օգտագործում եք, ձեզ թվում է, թե խելացու տպավորությու՞ն եք թողնում։
Ի՞նչ մարտավարության մասին կարող է խոսք լինել, երբ հավաքական հրավիրվող ֆուտբոլիստդ դաշտում կես ժամ վազելու դիմացկունություն չունի, սեփական ակումբում հանդես գալու ոչ թե խաղաժամանակ, անգամ պահեստայինների նստարանին նստելու հնարավորություն չունի իր տեխնիկատակտիկական, ֆիզիկական թույլ պատրաստվածության պատճառով, ֆուտբոլիստդ գնդակին խփել էլ չգիտի ու մնացել է քուչից իր իմացած տշելու մակարդակին։
Ախր չեղած տեղից ի՞նչ ենք ուզում ստանալ, որ չենք ստանում։
Իսկ թե իրապես ճի՛շտն եք ուզում իմանալ, էսքան տարի տշեցին, որ բորդյուրին հայտնվեցինք։
Չկարծեք՝ միայն ֆուտբոլի առումով եմ ասում։
Երկրի կյանքի ցանկացած ոլորտ վերցրեք, նույն վիճակն եք արձանագրելու։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ