Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության այս տարվա արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չեն, 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը՝ մոտ 20 տոկոսը: Երևանի թիվ 119 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դպրոցական 17 ձեռնարկների և բառարանների համահեղինակ ԱՆԱՀԻՏ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ կարծիքով՝ գնահատման և թեստավորման կենտրոնը միջին մակարդակի այնպիսի թեստ պետք է ընտրեր, որ մայրենիից միասնական քննություն հանձնող երեխաները գոնե անցողիկ շեմը՝ նվազագույն 8 միավորը, կարողանային հաղթահարել: Ըստ նրա՝ թեստերն արհեստականորեն բարդացված են, հարցերը` խճողված, պահանջը՝ ոչ հստակ ձևակերպված, ինչն էլ պատճառ է դառնում, որ աշակերտը խառնվի իրար ու չհասկանա՝ ի վերջո ի՞նչ պահանջ է ներկայացված, ի՞նչ խնդիր է իր առջև դրված:
«Իրատեսի» հետ զրույցում ուսուցչուհին ասաց, որ անհասկանալի ձևակերպումներով թեստերի խնդիրը միշտ է եղել, բայց այս ու նախորդ տարի հատկապես դրանցում ավելացել են այնպիսի հարցեր, որ երկու ճիշտ պատասխան ունեն. «Կարծում եմ՝ դրա մեջ միտում կա, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե թեստ կազմողները ցանկանում են պրոֆեսորական գիտելիքներով մրցել երեխաների հետ: Վերջիններս էլ, բնական է, «պարտվում» են այդ պայքարում, որովհետև եթե այդքան շատ իմանային, ապա էլ ի՞նչ գործ ունեին դպրոցում, արդեն ուսանող կլինեին: Իրականում չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ նման բարդության թեստեր են կազմվում: Մի ժամանակ վարկած էին շրջանառում, թե 20 միավոր շատ են ստանում: Անգամ եթե այդպես է՝ վա՞տ է, որ երեխան իր մայրենիից 20 է ստանում: Իսկ լա՞վ է, որ քննություն հանձնողների մոտ 20 տոկոսն անբավարար է ստացել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Ինչքան պետք է չարությամբ լցված լինես դիմորդի նկատմամբ, որ նպաստես անբավարար ստանալուն: Ամոթ է, ի վերջո, մայրենիից նման պատկեր չպետք է լինի, այսպես մայրենիի վա՞րկն ենք բարձրացնում, իհարկե ոչ, հակառակը՝ նպաստում եք, որ այն ավելի վարկաբեկվի: Ամենասոսկալին այն է, որ երեխան ասում է՝ քննությունների ավարտից հետո գրքերն այրելու է: ՈՒրեմն ինչքան ենք երեխային ցավ պատճառել, որքան ենք զզվեցրել, որ նա այդպիսի արտահայտություն է անում»:
Մեր զրուցակիցը նշում է նաև՝ եթե մյուս առարկաների համար նախատեսված է երկու-երեք շտեմարան, ապա «Հայոց լեզու և գրականություն» առարկան 4-ն ունի՝ հաստափոր գրքեր են: Այսինքն, շատ լինի, շատ տանջվեն: Մասնագետի կարծիքով՝ թեև շտեմարանն անհրաժեշտություն է ու գիտելիքի ստուգման կարևոր գործիք, բայց մայրենիի 4-րդ շտեմարանը հատկապես աղբ է, շրջանառությունից պետք է դուրս թողնել այն, մյուսներն էլ՝ մաքրել ծայրից ծայր: Ինչ վերաբերում է հարցերին, որ երկու ճիշտ տարբերակ ունեն, Անահիտ Գյոդակյանը կոնկրետ օրինակներ է բերում. «Մի թելով կարված» լինել դարձվածքի բացատրության մեջ ներառված է նաև «բացասական նույն հատկություններն ունենալ» տարբերակը: Նախ ասեմ, որ դպրոցական դարձվածաբանական բառարան չկա, իսկ եթե անգամ լիներ՝ երեխան պարտավոր չէ իմանալու բոլոր դարձվածքները: Տպավորություն է՝ թեստ կազմողը կամայականորեն է դարձվածք ընտրել: Եվ քանի որ 50 տարի առաջ Գալստյանն ու Սուքիասյանն իրենց բառարանում վերոնշյալ դարծվածքի համար նաև բացասական իմաստն են նշել, ճիշտ տարբերակի մեջ նաև դա է ընդգրկվել: Բայց ու՞ր մնաց լեզվամտածողության առաջընթացը, լեզվական հոտառությունը, 50 տարի կարծրացած ուղեղո՞վ ենք մտածում, ու դրա համար երեխան պետք է պատժվի՞: 15-20 բանասերի զանգահարել եմ ու նույն հարցը տվել, և նրանցից ոչ ոք չի ասել, թե բացասական տրամաբանություն է տեսնում դարձվածքի մեջ: Եթե այս առաջադրանքում երեխան սխալվել է, ուրեմն անպայման համապատասխան միավորով պետք է բարձրանա նրա գնահատականը: Թեստ գրելը պետք է հանձնարարվի հմուտ ու փորձառու մասնագետի, ուսուցիչն էլ պարտադիր պետք է նրա կողքին լինի, ինչ-որ հարցերում օգնի, հուշի:
Մենաշնորհային կարգով որոշել են, որ ոմն մասնագետ պետք է կազմի քննական թեստը, ու բոլորիս կրակն են գցել: Ինչ վերաբերում է գրականության հատվածին, ապա այստեղ խնդիրը ծրագրից դուրս ստեղծագործություններն են: Օրինակ՝ հանձնարարություն կա, որտեղ ասվում է՝ Ակսել Բակունցի ո՞ր ստեղծագործությունից է նշված հատվածը: «Մթնաձորը» ծրագրային ստեղծագործություն չէ: Այո, դիմորդը պետք է իմանա, որ Բակունցը «Մթնաձոր» վերնագրով գործ ունի, բայց պարտավոր չէ իմանալու՝ առանձնացված հատվածը հենց «Մթնաձորից» է: Կամ՝ բանաստեղծությունից հատվածներ են բացակայում, ու աշակերտը պետք է լրացնի դրանք, երբ ծրագրով անգիր հանձնարարված չէ: Տրամաբանություն չեմ տեսնում նաև, երբ գրականության բաժնի հարցերը միայն մեկ հեղինակի, այս տարի օրինակ, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններն են ներառում: Երեխան պարտավո՞ր է իմանալ՝ Աղունն օժիտ բերե՞լ է, թե՞ ոչ: Գրականության գիտելիքի ստուգումը սյուժեի մանրամասներն իմանալը չէ»:
ՈՒսուչուհու տպավորությունն այն է, որ ԳԹԿ-ն դուրս է վերահսկողությունից, որ իրենց արածների համար պատասխանատվություն չեն կրում, այնինչ մասնագետներին պետք է որոշակի հրահանգներ տան, թե հարցերն ինչ շրջանակում կազմեն, բացառեն երկակի մոտեցումները: Նշում է՝ թեև բազմաթիվ ուսուցիչներ դժգոհ են քննական թեստերից, բայց անհասկանալի պատճառներով լռում են, կոնկրետ քայլերի չեն դիմում: Մեր զրուցակիցն ընդգծում է նաև, որ պետք է շերտավորված թեստեր կազմել, քանի դեռ նման մոտեցում չունենք, և բոլորը նույն թեստն են գրում, իրավունք չունենք բարդագույնն ընտրելու:
Տիկին Գյոդակյանը համոզված է՝ մայրենիի միասնական քննության վերաբերյալ տարիների չդադարող քննադատությունը տեղ չի հասնում, եթե այն հասցեատիրոջը հասներ, ապա բողոքի ալիքը կմարեր, չարությունն էլ, ավելանալու փոխարեն, կպակասեր: «Սովորաբար քննությունների ավարտից հետո շրջանառվում են այն մարդկանց անունները, ովքեր կազմել են թեստերը: Բայց այս տարի, ինչպես նաև անցած տարի, չեն ասում, թե ով է կազմել թեստը: Եթե վախենալու բան չունեն, կարող են բաց ճակատով ընդդիմախոսել, ապա ինչու՞ են թաքցնում: Ես բողոքում եմ, չէ՞, նրանք էլ թող հակաճառեն, ի՞նչ կա վախենալու:Օրինակ՝ տարիներ առաջ Ալիկ Մակարյանն ու Ռիտա Սաղաթելյանը բարի, ուրախ, տրամադրող թեստեր էին կազմել, աշակերտը գիտեր` ստացել էր, չգիտեր` չէր ստացել: Տարիների ընթացքում փոփոխվել է նաև քննության արդյունքների բողոքարկման կարգը: Եթե նախկինում հանձնաժողով էր ձևավորվում, ու մասնագետների կարծիքի, դիտարկումների հետ թեստ կազմողները հաշվի էին նստում, քննարկվում էին երկու ճիշտ տարբերակ ունեցող հարցերը, հանձնաժողովականներն էլ ընդհանուր հայտարարի էին գալիս, այժմ միայն թեստ կազմողներն են որոշում`բարձրացնե՞լ նիշը, թե՞ ոչ»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ