«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԴասA-ն հասել է մարզեր

ԴասA-ն հասել է մարզեր
30.05.2019 | 18:03

ԴասA ծրագիրը, անցած ուսումնական տարվա ընթացքում հանդիպելով Երևանի բոլոր ավագ դպրոցների ավելի քան 13500 աշակերտների հետ, մայիսի 28-ից այցելում է մարզեր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն արդեն իսկ եղել է Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի մարզերում։ Չարենցավանի, Գավառի, Արամվիրի, Աշտարակի, Դիլիջանի հարյուրավոր պատանիներ մասնակցել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող կրթադաստիարակչական այս ծրագրին։

Ի սկզբանե ԴասA-ն, որպես պիլոտային ծրագիր, մեկնարկեց Երևանի ավագ դպրոցներում։ Այն մեծ արձագանք ունեցավ աշակերտների, նրանց ծնողների, ուսուցիչների շրջանում։

Հազարավոր պատանիներ մասնակցեցին դասական երաժշտությանը նվիրված դասերի, այցելեցին համերգասրահներ, ստացան մեծածավալ տեղեկույթ դասական երաժշտության վերաբերյալ։ Ծրագիրը նախատեսվում էր նաև մարզային այցելություններ, և ահա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները մարզաբնակ երեխաներին նույնպես հնարավորություն են տալիս հաղորդակցվելու դասական արվեստի հետ։
«Օտրի տրիո» անսամբլի երաժիշտները՝ ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը, ալտահար Արևիկ Կոսյանը նշում են, որ մարզային հանդիպումներն աշակերտների հետ անցել են շատ ջերմ մթնոլորտում։ Ի դեպ, ըստ երաժիշտների, Գավառի երաժշտական դպրոցի տնօրենի հետ հանդիպումից հետո նույնիսկ միտք առաջացավ ֆլեյտայի բաժին բացել՝ երեխաներին այս մասնագիտությամբ կրթելու նպատակով։ «Երեխաներից շատերը բավականին տեղեկացված էին հայկական երաժշտության և հայ կոմպոզիտորների մասին։ Չարենցավանում առաջարկեցին ավելի հաճախ նման հանդիպումներ կազմակերպել։ Փորձեցինք ԴասA-ի շրջանակներում հնարավորինս շատ ինֆորմացիա փոխանցել երեխաներին թե՛ խոսքի միջոցով, թե՛ նվագի տեսքով։ Կատարեցինք Բախի, Հայդնի, Շոստակովիչի, Ջոփլինի, Կոմիտասի, Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Երեխաներից շատերը շատ ակտիվ կերպով իրենց մասնակցությունն ունեցան դասընթացին՝ պատասխանելով մեր բոլոր հարցերին, ներկայացնելով իրենց զգացողություններն ու տպավորությունները»,- ասացին «Օտրի տրիո»-ի երաժիշտները։


Հիշեցնենք, որ ԴասA-ն կրթական նախագիծ է, որի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստ։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ