ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ժողովրդի երջանկությունը՝ ահա լավագույն քաղաքականությունը»

«Ժողովրդի երջանկությունը՝ ահա լավագույն քաղաքականությունը»
09.06.2015 | 00:11

Այս տարին Չինաստանում որոշ ԶԼՄ-ներ հաճախ անվանում են «երկու նստաշրջանների տարի»՝ նկատի ունենալով Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի և Համաչինական կոմիտեի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նստաշրջանները, նաև՝ «չորս համակողմանի ասպեկտների»՝ նկատի ունենալով Չինաստանի կոմունիստական կուսակցության XVIII համագումարում հնչած զեկույցի դրույթների իրականացումը: Ավելի ճշգրիտ՝ «համակողմանի խոր բարեփոխում, երկրի կառավարման մեխանիզմի համակողմանի առաջընթաց, համակողմանի խիստ ներկուսակցական կառավարում, ժողովրդական զանգվածների համակողմանի լուսավորչություն»: Իհարկե, ավելի տարիքով ընթերցողները հիանալի հիշում են նման «վիթխարի» խնդիրների ու ծրագրերի տիրաժավորումը խորհրդային շրջանի քաղաքական փաստաթղթերում, և այնքան էլ չեն հավատում քաղաքական գործիչների ճռճռան հայտարարություններին: Սակայն վերջին տարիներին Չինաստանում կատարվող իրադարձություններն ապացուցում են, որ այս երկրում կուսակցության ծրագրերը ոչ միայն կատարվում են, այլև հաջողությամբ համադրվում են ժողովրդի ծրագրերին:

Ի՞նչ են ուզում չինացիները «Սիի դարաշրջանում»: Այս հարցի պատասխանը, մի կողմից, կարծես պարզ է, մյուս կողմից՝ իրականացումը բավականին բարդ է ու հավակնոտ: Այս տարի Չինաստանը հայտարարել է «Միջին բարեկեցության» Սյաոկանի հասարակության և սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական մոդելի շինարարության տարի: Ավելի պարզ՝ երկրում պիտի շատանան միջին մակարդակի եկամուտներ ստացողների շարքերը, շատ ավելի պարզ՝ միջին դասը պիտի շատանա: Իբրև ականատես վկայում եմ, որ հատկապես խոշոր քաղաքներում կենսամակարդակի բարձրացումը, ընդ որում՝ զանգվածային, անզեն աչքով տեսանելի է: Գյուղերում էլ, համենայն դեպս՝ Շանհայի մերձակայքում, մեծանում է բարեկարգ տների ու անձնական ավտոմեքենաների թիվը, մարդիկ սկսել են ավելի լավ հագնվել ու հանգստանալ: (Մեգապոլիսներ պարբերաբար գնում են ոչ միայն առևտրի, այլև ժամանցի): Թվում է՝ գործընթացը հաջողությամբ զարգանում է և առանց կուսակցական որոշումների: Բայց դա, թերևս, բավարար չէ: Քանի որ Չինաստանում ոչինչ չի արվում հենց այնպես, առանց ծանրութեթև անելու, երկաթե տրամաբանության ու պրագմատիզմի, նոր խնդիրները հասկանալը և հետաքրքիր է, և ուսանելի:
Համաշխարհային տնտեսական անկում է աշխարհում, նվազում է պահանջարկը, չինական տնտեսությունը արգելակվում է, հետևաբար պետք է զարգացնել արտադրությունը ներքին օգտագործման համար: Հայտնի է, որ եկամուտների միջին մակարդակ ունեցողներն ամենուր հիմնական սպառողն են, իսկ նրանց թվի դանդաղ աճը սահմանափակում է սպառման արդյունավետ մեծացումը, հետևաբար անհրաժեշտ է հնարավորինս արագ մեծացնել այդ միջին դասը: Առանց հույզերի, կարևորը բանաձևն է՝ «պատճառ-գործողություն-արդյունք»։ Իսկ միջին դասը, ըստ էության, զարգացման անհրաժեշտ հիմքն է:
Որքա՞ն է Չինաստանի միջին դասը հիմա: Այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ չկան համընդհանուր ճանաչված չափանիշներ: «Ժենմին ժիբաոն» գրում է. «Գիտական որոշ կառույցներ կանխատեսում են, որ եկամուտների համակցված ստանդարտների համապատասխան, Չինաստանում միջին եկամուտ ունի 240 միլիոն մարդ՝ բնակչության մոտավորապես 23 %-ը: Եթե հիմք ընդունենք օրական 10-100 յուան ծախսը, միջին դասի թիվը կկազմի 150-160 միլիոն մարդ, մոտ 12 %-ը»: Նշվում է, որ Պեկինում, Շանհայում, Գուանչժոուում, Շենժենում և այլ մեծ քաղաքներում, միջին եկամուտներով մարդիկ ստիպված են հոգալ ծեր ծնողների (կենսաթոշակային համակարգը Չինաստանում չի ընդգրկում բնակչության հիմնական զանգվածը) կարիքները, դաստիարակել երեխաներին, վճարել բնակարանի վարկը, այդ պատճառով նրանք «կեղծ միջին դասին» են պատկանում: Ավելին՝ շատերն են հայտարարում, որ իրենց համարում են «միջին դաս», բայց «բացասական սեփական կապիտալով» մարդկանց դժվար է միջին դասի ներկայացուցիչ համարել:
Ավելի վաղ ՉԺՀ ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ երբ հարկահանության շեմը բարձրացավ մինչև 3500 յուան, երկրում կրճատվեց հարկատուների թիվը՝ 2011-ի 84 միլիոնից մինչև 24 միլիոն: Եզրակացություններն արվեցին, և 2014-ի հոկտեմբերից ԱԱՀ-ից և շրջանառության հարկից լրիվ ազատվեցին ամսական մինչև 30 հազար յուան եկամուտ ունեցող հարկատուները: Այսինքն՝ փոքր բիզնեսի հարկերը նվազեցին: Ավելին՝ նվազումը կայուն և պարբերաբար շարունակվում է: «Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով մանր բիզնեսի հարկերը 24 միլիարդ յուանով կրճատվել են (այսօր ԱՄՆ 1 դոլարը 6,12 յուան է): Գլխավոր պետական հարկային վարչության տվյալներով` մանր բիզնեսի 2,16 միլիոն ներկայացուցիչներ ստացել են եկամտահարկի արտոնություններ՝ հարկը կիսով չափ կրճատվել է: Այս տարեսկզբից մանր բիզնեսից հարկվող եկամտահարկի շեմը մեծացել է 100 հազարից մինչև 200 հազար յուան: Բացի այդ, 27 միլիոն ձեռնարկություններ, անհատական արդյունաբերական և առևտրական տնտեսություններ ազատվել են ԱԱՀ-ի և շրջանառության հարկի վճարումից 18,9 միլիարդ յուանով:
Առաջին հայացքից թվում է՝ հարկային արտոնությունների այսքան ընդլայնումը պետության համար կարող է լուրջ բեռ դառնալ, հարկահանությունը 5,1 միլիարդ յուանով կրճատվել է, բայց սկսել է զարգանալ անձնական բիզնեսը, ընդհանուր բարեկեցությունն աճում է, համապատասխանաբար մեծանում է սպառումը, հետևաբար տնտեսությունը նոր, ավելի բարձր մակարդակի է հասնում: Ահա այսպիսի շրջապտույտ: Չինաստանում բնակչության միջին դասի ընդլայնումը համարվում է կարևորագույն, ավելին՝ ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական զարգացման անդառնալի միտում: Բացի այդ՝ այստեղ տարածված է արևելյան պատկերավոր մտածողությունը՝ «եթե հասարակական կառուցվածքում հարուստների ու աղքատների թիվը համեմատաբար քիչ լինի, իսկ միջին դասը մեծամասնություն կազմի, հասարակությունն ավելի կայուն, պրագմատիկ ու ռացիոնալ կլինի»: Հետևաբար, պետությունը պետք է քաղաքական միջոցներով աջակցի միջին դասի զարգացմանը, մշտապես մեծացնի միջին եկամուտներ ունեցողների թիվը, դա այսօր առաջնահերթ կարևորությամբ խնդիր է:
Վերլուծական Euromonitor International ընկերության ուսումնասիրության համաձայն՝ 2020-ին միջին դասի թիվը կհասնի 700 միլիոնի, տարեկան եկամուտը կկազմի 80 հազար յուան: Անկասկած, միջին բարեկեցության հասարակության շինարարությունը երկար ու դժվար խնդիր է, իսկ միջին, կրթված դասի առկայությունը թեպետ պետությունը դարձնում է կայուն, բայց չի թեթևացնում պաշտոնյաների կյանքը: Կա հրաշալի խոսք՝ «Ժողովրդի երջանկությունը՝ ահա լավագույն քաղաքականությունը», իսկ Չինաստանում հավելում են, որ այդպիսի հասարակության կառուցումը կդառնա «չինական երազանքի» ճանապարհին վճռական քայլ: ՉԺՀ-ում Սի Ձինպինի ղեկավարության գալով իշխանությունը բանաձևեց իր գլխավոր խնդիրը և անվանեց «չին ազգի մեծ վերածնունդ», հավելելով, որ հենց դա է «չինական երազանքը»: Շատ արագ «չինական երազանքը» դրսևորվեց երկրի և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ, հիմա վերջնանպատակ համարվում է «բոլոր չինացիներին երջանկություն գտնելու հնարավորություն տալը»: Չին փորձագետները համոզված են, որ հենց աշխատանքը «չորս համակողմանի ասպեկտների» վրա հաջող ընթացք ստանա, համարձակ կարող են ասել, որ կատարվում է «չինական երազանքը»: «Այս տարվա «երկու նստաշրջանները» իդեալական պահ են հեռատես քաղաքականությամբ իրականացնելու ժողովրդի երջանկության հույսերը: Նրանք հաստատուն կհանգուցեն Չինաստանի ներկան ու ապագան, նաև նեղուցի երկու կողմերում գտնվող ժողովրդի ցանկությունը՝ վարել ավելի երջանիկ ու արժանապատիվ կյանք»՝ իր խմբագրականում գրում է Թայվանի China Times թերթը և հավելում, որ «ասիական չորս փոքր վիշապների» (կամ «ասիական չորս վագրերի»՝ Հարավային Կորեայի, Սինգապուրի, Հոնկոնգի և Թայվանի տնտեսությունների ոչ պաշտոնական անվանումը, որ տնտեսական զարգացման շատ բարձր տեմպեր էին վերցրել XX դարի 60-ականներից մինչև 90-ականների ճգնաժամը) ժամանակն անցել է: Միայն մայրցամաքային Չինաստանի տնտեսությունը, հակառակը, զարգանում է: Փաստը, որ Չինաստանը դարձել է բավականաչափ ուժեղ խաղացող Արևելյան Ասիայում, յուրաքանչյուր չինացու հնարավորություն կտա օգուտ ստանալու «չորս համակողմանի ասպեկտների» իրականացումից: Առաջադրված նպատակների իրականացման համար, անկասկած, պետք կգան բոլոր չինացիների ինտելեկտուալ ջանքերը: Ամբողջ աշխարհում:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ