ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարությանը

Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարությանը
12.05.2015 | 09:59

«Իրատես»-ի թիվ 29-ում (5-7.05.2015) ՀՀ առողջապահության նախարարությունը մտահոգություն էր հայտնել, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է: Հրապարակման մեջ ցավ էր հայտնվում, որ հանրությանը կարևոր այս ծրագրի դեմ տրամադրելու նպատակով չհիմնավորված փաստեր են բերվում: Քանի որ այդ չհիմնավորված փաստեր բերողների ցուցակի մեջ ես տեսա «Սելիմյան հաց» արտադրողների անունը, փորձեմ, հուրախություն հոդվածագիրների, բերել ևս մի քանի «չհիմնավորված» փաստ:
Հազարամյակների ընթացքում մարդկությունը հացաթխության մեջ օգտագործել է ալյուր, թթխմոր, աղ և ջուր: Մեր նախնիները, բացի այդ, օգտագործել են նաև պանրի շիճուկը՝ խմորի որակը բարելավելու համար:
Երկաթի և այլ միկրոտարրերի պակասությունը ի հայտ է եկել այն օրվանից, երբ ալյուրը սկսեցին տեսակավորել: Այսինքն, ալուրը մաղելով և նրա միջից հեռացնելով ցորենի թեփը: Հեռացվեցին նաև օգտակար թաղանթանյութը, սպիտակուցների մեծ մասը և երկաթի ֆոլեաթը: Այսինքն՝ խնդիրը ցորենի թեփն ալյուրի միջից լիովին հեռացնելն է: Պատահական չէ, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս ուտել օգտակար գորշ կամ սև հաց:
Քանի որ այսօր աշխարհում հացաթխության գերակշիռ մասը կատարվում է բարձր տեսակի «թեփազրկված» ալյուրով, ապա առաջ է եկել ալյուրի հարստացման խնդիրը:
Հիմա անդրադառնանք մի կարևոր հանգամանքի ևս: Եթե ցորենի թեփը պարունակում է բնական երկաթի ֆոլեաթ, ապա ֆորտիֆիկացնողները ալյուրը հարստացնում են արհեստականորեն՝ երկաթի ֆումարատով և ֆոլեական թթվով: Կարելի է ենթադրել, որ երկաթի ֆումարատը և ֆոլիաթթուն, մտնելով չեզոքացման ռեակցիայի մեջ, պետք է տան օրգանիզմին անհրաժեշտ երկաթի ֆոլիաթ: Գուցե դա է պատճառը, որ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և մի շարք երկրներ (50-ից ավելի) չեն շտապում ֆորտիֆիկացնել, այն էլ պարտադիր կերպով, իրենց ալյուրը: Ես, որպես գործող կենսատեխնոլոգ և քիմիական գիտությունների թեկնածու, ավելի հակված եմ հեռու մնալու արհեստական և քիմիական միացություններից:
Հիմա մի տեղեկություն ՀՀ առողջապահության նախարարության ֆորտիֆիկացման ծրագրի նախաձեռնողներին: Դեռ 2007 թվին ՀՀ առողջապահության կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի ինստիտուտում կատարվել են «Սելիմյան հացի» փորձարկումներ չորս տիպի հիվանդների սննդակարգերում: Վեցամսյա փորձարկումները ցույց տվեցին այդ հացատեսակների օգտակար դերը: Այդ մասին կան համապատասխան փաստաթղթեր:
Ի դեպ, անհատին անհրաժեշտ երկաթի օրական չափաբաժինը կազմում է 20 մգ, որը «Սելիմյան հացը» ապահովում է լիովին: Հաշվի առնելով, որ մենք հաց ուտող ժողովուրդ ենք, մեզ արհեստական երկաթով հարստացնելու խնդիր չունենք: Մեր խնդիրը ուրիշի նվագի տակ պարելու սովորությունն է, մանավանդ եթե դրա դիմաց կա անձնական կամ կորպորատիվ շահ: Իմ ընդդիմության պատճառը բիզնեսը չէ, ինչպես ենթադրել է հոդվածագիրը, որովհետև մեր արտադրամասը գիտաարտադրական է: «Բիզնեսմենները» նրանք են, ովքեր դեռ օրենքը չընդունված երկաթի դոզավորման սարքերը մեկ տարուց ավելի ներմուծել են Հայաստան:
Բնական է՝ կարող է հարց ծագել. եթե ցորենի թեփը ավելացնելով կարելի է ապահովել երկաթի անհրաժեշտ պարունակությունը հացի մեջ, ինչո՞ւ աշխարհը չի օգտագործում այդ եղանակը: Այստեղ երևան է գալիս ևս մեկ ոչ պակաս մտահոգիչ խնդիր: Այսօր աշխարհը անցել է ինտենսիվ հացաթխությանը, որի ժամանակ, օգտագործելով արհեստական բարելավիչներ, թխման պրոցեսը կրճատվել է մոտ 5 անգամ: Արհեստական բարելավիչները պարունակում են գենոմոդիֆիկացված սոյա, օրգանական թթուներ, պերիգիդրոլներ, արհեստական շաքարներ, կոնսերվանտներ, էմուլգատորներ և այլն: Ըստ ամերիկյան հետազոտությունների, ամեն սպառող հացի հետ տարեկան ստանում է 0,5 կգ վերոհիշյալ քիմիան: Մաքսատան տվյալներով՝ տարեկան Հայաստան են ներմուծվում մոտ 1000 տոննա արհեստական բարելավիչներ, այսինքն՝ մեկ բնակչին նույնպես հասնում է 0,5 կգ քիմիա հացի հետ:
Եթե այս «բարելավիչ» կոչեցյալ փնջին ավելացնենք ևս ՀՀ առողջապահության նախարարության ծրագրով նախատեսված նոր հավելանյութերը` երկաթի ֆումարատը և ֆոլիաթթուն, ապա հետաքրքիր է՝ հոդվածագիրները կվերցնե՞ն իրենց վրա հետևանքների պատասխանատվությունը, թե՞ ինչպես միշտ կմնան անանուն:
Հայաստանում մշակվել է բնական բարելավիչ «հացաթան» անվամբ, որը փոխարինում է արհեստական բարելավիչներին և, ինչպես պարզվեց վերջերս, նաև ապահովում է երկաթի անհրաժեշտ պարունակությունը պատրաստի հացի մեջ: Հացաթանը ցորենի թեփի, ածիկի և թթվակաթնային շիճուկի չորացված խառնուրդ է: Պարզվեց, որ հացաթանը լիովին մրցունակ է արհեստական բարելավիչների համեմատ և կարող է օգտագործվել արդյունաբերական հացաթխման մեջ: Օրինակ` 2011-ից այն արտահանվում է Կրասնոդարի երկրամաս, որպես բնական բարելավիչ: Բացի այդ, հացաթանը լայնորեն օգտագործվում է Հայաստանում անհատ ձեռներեցների կողմից:
Օգտվելով առիթից՝ դիմում եմ ՀՀ առողջապահության նախարարին՝ ևս մեկ անգամ կազմակերպել համատեղ կլինիկական փորձարկումներ: Գուցե նոր փորձարկումները օգնեն ազատվելու ոչ միայն արհեստական բարելավիչներից, այլև ալյուրի ֆորտիֆիկացման անհրաժեշտությունից:


Ալեքսանդր ՍԵԼԻՄՅԱՆ
Քիմիական գիտությունների թեկնածու,
ՀՏԱ ակադեմիկոս

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ