ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Գազային պատերազմներն» ու աշխարհի «ամենաարդար» դատարանը (մաս 2-րդ)

«Գազային պատերազմներն» ու  աշխարհի «ամենաարդար» դատարանը (մաս 2-րդ)
16.07.2013 | 11:21

(սկիզբը` այստեղ)

-Ձեր հետագա քայլերը։
-Սակայն հիշեցնեմ, որ վերը նշված համաձայնագիրն ընդամենը անվավեր թղթի կտոր էր, գլուխս թլսորելու հերթական անհաջող փորձը։ Մի խոսքով, դիմեցի մեր «Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի» տնօրեն Պողոս Գևորգյանին. վերջինս իր հերթին դիմեց ՀՀ գյուղնախարարությանը` համապատասխան մասնագետ տրամադրելու պատճառված վնասները ստուգելու նպատակով։ 2008-ի նոյեմբերի 15-ին անկախ հանձնաժողովը Գարգառում էր։ Պատկառելի էր հանձնաժողովի կազմը` ՀՀ գյուղնախարարությանն առընթեր բոստանային տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Ս. Ղազարյան, «Երկրագործական և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի» առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Զ. Մանուկյան, «Ջերմատնային ասոցիացիա-ի» ՀԿ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ա. Խաչատրյան և Ս. Հարությունյան։
-Եվ ի՞նչ։
-Ակնադիտական փորձաքննությամբ ակնհայտ էր, որ մեծ վնասներ են պատճառվել և անհապաղ անհրաժեշտ է գազամատակարարումը վերականգնել։ Սակայն հանձնաժողովի այցից չորս օր առաջ` նոյեմբերի 11-ին, թաքուն եկել և գազամատակարարումը վերականգնել էին։ ՈՒ որպեսզի ջերմատունը ձմռանը չկործանվեր, շարունակեցի գործունեությունս։
-Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում, որ նավարկել եք «Հայռուսգազարդի» նախանշած խութերի միջև, մինչդեռ պետք է խնդիրը հրապարակայնացնել։
-Համամիտ եմ լիովին, բայց նախ ինձ հակադրվող մարդկանց հետ տասնամյակներով մարդկային լավ փոխհարաբերությունների մեջ եմ եղել, բացի այդ, ես գործի մարդ եմ, իմ ողջ միտքն ու էներգիան նպատակաուղղված են բարիք ստեղծելուն։ Եվ ահա ինձ գլխի են գցում, որ Վ. Բաղդասարյանն ու նրա թիմը ինձ վրա, այսպես ասած, տակառ են գլորում։ Ինչ պարզեցի. գազի իրական ծավալները հաշվարկվում են բանաձևի օգնությամբ, գործակցի միջոցով, որը կախված է տեղանքի բարոմետրական ճնշումից, գազի ջերմաստիճանից և ճնշումից, կալորիականությունից և այլն։ Բայց ինչու պիտի ես նման գիտելիքներ, նաև մտավախություն ունենամ, եթե պայմանագրով փոխհամագործակցում եմ պետությունը ներկայացնող ընկերության` «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ։ Պարզ էր, նման մեքենայության հետևանքով, օրինակ, կարող էին ինձնից գանձել 1000 խմ գազի գումար, իրականում մատակարարելով 900 խմ գազ։ Քանի որ իմ բազմաթիվ բանավոր առաջարկներն անպատասխան էին մնում, դիմեցի գրավոր, խնդրելով պարզաբանել, թե այդ ինչպես է, որ իմ խնդրանք-առաջարկներն անպատասխան են մնում, երբ պայմանագրի 2-րդ կետի համաձայն` բաժանորդն իրավունք ունի մատակարարից պահանջելու վերահաշվարկ, մատակարարը պարտավոր է հնգօրյա ժամկետում տալ համապատասխան պարզաբանումներ` թվային մեծությունների վերաբերյալ։ Իր հերթին ԳՄՕԿ-ը (գազամատակարարման հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) պայմանագրի 6.8-րդ կետով հստակեցնում է` կասկածների դեպքում շարժվել հետևյալ կերպ. ակտում սխալ հայտնաբերելու դեպքում միմյանց տեղյակ են պահում մատակարարն ու սպառողը, և հնգօրյա ժամկետում մատակարարը պարտավոր է ուղղել ակտում հայտնաբերված սխալը։ Իմ խնդրանքը մեկն էր` ինձ ներկայացնել գազասպառման ճիշտ հաշվարկը, համաձայն ուղղման գործակիցների վերաբերյալ բանաձևի։ Գազը կտրեցին առանց պատասխանելու` իմ չորս գրավոր նամակ-պահանջներն անտեսելով, 2009-ի մարտի 31-ին, արդեն երկրորդ անգամ պատճառելով խոշոր չափի վնաս։
-Որքա՞ն է Ձեր կրած վնասը գումարային տեսքով։
-Մինչև հիմա ինձ համար ամեն բան վերջնականորեն հստակեցված չէ, սակայն տեղյակ մարդիկ համոզված էին, որ 1 մլն դրամի չափով ինձ մոլորեցրել են։ Մի խոսքով, ինձ դատի տվեցին։

-Այսինքն` սկսվեց մի նոր փուլ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-«ՀաՍաՌ» ՍՊԸ, այլ կերպ ասած, Վարդան Բաղդասարյան-Սամվել Հարությունյան դիմակայությունում։

-Ստեփանավանի առաջին ատյանի դատարանում սկսվեց դատական մեր հակամարտությունը։ Ներկայացրի փաստերը, նամակներս հրապարակեցի և հիմնավորեցի, որ Վանաձորի ԳԳՄ-ն խախտել է մեր միջև կնքված պայմանագրի պահանջները և իմ գազամատակարարումը դադարեցնելու փոխարեն պարտավոր էր արժանահավատ հաշվարկներ ներկայացնել և համապատասխան գումարները ստանալ։ Մի խոսքով, հիմնավորեցի, որ նրանց ներկայացրած բանաձևը կեղծ է։ Առաջ եկավ փորձագիտական եզրակացության խնդիրը, դիմեցինք փորձաքննության։ Փորձագետը նշեց, որ թերի և իրարամերժ տվյալների հիման վրա փորձաքննությունը չի կարող հաստատել, թե «Հայռուսգազարդը« ճիշտ է հաշվել, թե սխալ։ Դատավոր Արման Թովմասյանը վճիռ կայացրեց հօգուտ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի, առանց որևէ փաստաթղթային հիմնավորման։ Ավելին, փորձաքննությունը, ըստ էության, իմ օգտին էր եզրակացություն կայացրել։ Դիմեցին Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի տեղակալ Հրանտ Գյուրջինյանին, ով կեղծ բանաձև ներկայացրեց, թե Սամվել Հարությունյանից գանձված գումարն օրինական է։ Հրանտ Գյուրջինյանը շինարար է, բայց պաշտոնական եզրակացություն է ներկայացնում, այն էլ դատարանին` իրեն անծանոթ մասնագիտական ոլորտից։
-Դա թողնենք Հրանտ Գյուրջինյանի և Արման Թովմասյանի խղճին, շարունակեք։
-Բողոքեցի վերաքննիչ դատարան։ Իմ հայցը բավարարվեց։ Առաջին ատյանի դատարանի ներկայացրած փաստերը անհիմն էին ամբողջությամբ։ Վերաքննիչում հարցրին, թե նման թերի լրացրած փաստաթղթով ո՞նց են գումարներ գանձել, հետո տեղեկանալով, որ Գյուրջինյան Հրանտը մասնագիտությամբ շինարար է, դատավորն ասաց` լավ է, որ գինեկոլոգից մասնագիտական եզրակացություն չեք ներկայացրել։ Երեք ամիս անց վճռաբեկ դատարանին բողոք ներկայացրեց «Հայռուսգազարդը»։ Բողոքը, իհարկե, չբավարարվեց և ուղարկվեց նոր քննության` Տաշիրի առաջին ատյանի դատարան։
-Փաստաբան ունեի՞ք։
-Ինքս էի ինձ պաշտպանում։ Այդ օրը, անկախ ինձնից, մոտ մեկ ժամ շուտ ներկայացա Տաշիրի առաջին ատյանի դատարան, ասված է, չէ՞, վաղուց` Աստված միամիտի կողմն է։ Դատավոր Գուրգեն Գագիկյանը դատի ժամանակ (18 հունիսի, 2010 թ.) հանկարծ ինձ հարցրեց, թե քեզ ինչքան գումարի խաբած կլինի «Հայռուսգազարդը», պատասխանեցի, թե մոտ 600 հազար դրամի։ Պարոն Գագիկյանը անմիջապես շարունակեց` ամոթ չէ՞, ընկերներ եք, 300 հազար դրամի համար (ինչու 600-ի փոխարեն 300 հազար, սա էլ գաղտնիք մնաց) դատարան եք ընկել, 150 հազարը իմ կողմից` հեչ, 150 հազարը թող հանեն վիճելի գումարից որպես հաշվարկված փողի արդյունք և հաշտություն կնքեք։
-Այսինքն, էդ ինչպես թե` 150 հազարը` հեչ, դատավորը նման իրավասություն ունի՞։
-Ինչ իմանամ, թաղի մակարդակի խոսակցություն էր ընթանում։ Բայց դատարանում ասացի, որ միշտ էլ կողմ եմ եղել բարի կամքին և հաշտության առաջարկներին, սակայն նրանք, հենց գալիս է հաշտության պահը, ինձ խաբում են, հիմի էլ են խաբում։ Ավելացրի, որ թող ամենը գրավոր ներկայացվի և՛ իմ, և՛ նրանց կողմից, ես ոչ մի պահանջ չունեմ, գազամատակարարումը թող վերականգնեն, ես շարունակեմ ամբողջ ծավալով աշխատել։ Դատավորը բացականչեց` ես կմիացնեմ։ Մի խոսքով` հաշտության գիրը գրեցինք, սակայն նրանց օրինակում չկար գազամատակարարումը վերականգնելու պարտավորությունը։ Այսինքն` ոտքի վրա ինձ խաբեցին։ Բնականաբար, բացարկ ներկայացրի դատավոր Գագիկյանին։ Նաև հինգ դիմում եմ ներկայացրել, պահանջելով հունիսի 18-ի չարաբաստիկ դատական նիստի արձանագրությունը։ Չերկարացնեմ, արձանագրությունն այդպես էլ չստացա, դատական նիստի ժամանակ ստացա գործի նյութերը, վայ էն ստանալուն. ոչ համարակալված էին, ոչ էլ կնքված։ Նշված խախտումների հիմքով երկրորդ անգամ բացարկ ներկայացրի դատավոր Գուրգեն Գագիկյանին։ Նա երկրորդ անգամ, առանց այլևայլության բացարկը մերժեց։
-Երևի պետք է թողնեիք դատարանի դահլիճը և հացադուլի նստեիք մի որևէ պատկառելի պետական կառույցի դիմաց։
-Երևի։
-Է, ետքը՞։
-Վճռով ապացուցվեց, որ բանաձևը պիտի գործարանային անձնագրով հաշվարկվի, այլ ոչ իրենց հորինած կեղծ բանաձևով և սպառված գազի գումարային հաշվարկում օգտագործված գազի ճնշման 600 մմ ջս-ի փոխարեն պետք է օգտագործվեր 300 մմ ջս։ Սա, ինչպես ասվում է, գիտություն է, սրանից չես փախչի։ Այսինքն` ապացուցվեց, որ կեղծիք են թույլ տվել։ Սակայն հինգ ամսվա փոխարեն միայն ապրիլ ամիսը հաշվարկեցին որպես ինձ վնաս պատճառած ամիս։ Գնացի Երևանի վերաքննիչ դատարան` գործի նյութերը վերցնելու, և խնդրեմ, հունիսի 18-ի դատական նիստի արձանագրությունը և բոլոր նյութերը հանված էին դատավոր Գագիկյանի ձեռքով։ Բողոք ներկայացրի վերաքննիչ դատարան վերոնշյալի վերաբերյալ։
-Այսինքն, հունիսի 18-ին առհասարակ դատ չէ՞ր եղել ըստ դատարանի ներկայացրած նյութերի։
-Այդպես է ստացվում։ Հետո սկսվեցին դատական նոր քաշքշուկները, ինչն ինձ համար անակնկալ էր, քանզի ակնհայտորեն խախտելով օրենքի տառը, ընդառաջում էին «Հայռուսգազարդի» ապօրինություններին։
-Դատական գործընթացներից զատ կարծես էլի ինչ-որ բաներ են Ձեզ հետ կատարվել։
-Տղաս Ստեփանավանի հիվանդանոցի փոխտնօրենն էր, նշանակված Լոռու մարզպետարանի կողմից։ Նոյեմբերի 8-ին նրա ծննդյան օրն են նշում, ուշ երեկոյան տուն դառնալիս խանութում տղայիս հանդիպում է դատավոր Արման Թովմասյանը, որքան կռահում եմ, ոչ պատահաբար։ Արմանն առաջարկում է գնալ և տղավարի խոսել։ Տղաս հետո է ճանաչում նրան և հարցնում է, թե ինչ խոսելու բան կարող է լինել իրենց միջև, այն էլ` տղավարի։ Տղայիս պարտադրաբար տանում են Ստեփանավանի դատարան, և չորս հոգով սկսում տղավարի խոսակցությունը։ Բայց տղայիս մեքենայում էր հիվանդանոցի ռենտգենոլոգ աղջիկը, ով ահաբեկված փորձում է կանխել հաշվեհարդարը։ Տղայիս առաջարկում են աղջկան հասցնել իր տուն և վերադառնալ։ Վերադառնում է, սակայն աղջիկը մեքենայում է մնում։ Տղայիս իջեցնում են մեքենայից և դատավոր Արման Թովմասյանի գլխավորությամբ, հինգ հոգով սկսում են ջարդել։
-Ձեր պատմությունը մի դրամատիկ սերիալի հիմք է։ Հետո՞։
-Ռենտգենոլոգը ելնում է մեքենայից, ջարդարարները վախեցած բաց են թողնում տղայիս, սակայն հաջորդ օրը առավոտյան նրան ձերբակալում են, իշխանության հանդեպ կանխամտածված բռնություն գործադրելու` հոր նկատմամբ անբարենպաստ վճիռ կայացրած դատավորի նկատմամբ նույնպես։ Ջարդի մասնակից կարգադրիչները ցուցմունք տվեցին, որ Ա. Հարությունյանը հարբած վերադարձավ, ջարդեց դատարանի պատուհանները և դռան ապակիները, սեռական բնույթի հայհոյանքներ տվեց և՛ դատավորին, և՛ դատարանին։ Սակայն տեսախցիկն ամեն բան տեսագրել էր։ Սրան դեռ կանդրադառնամ։ 2011-ին արդեն ինքս դիմեցի դատարան, Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարան, քանզի Վանաձորում արդարության սպասելն անիմաստ էր, ավելին` դատավճիռը սանձազերծում էր ահա նման հաշվեհարդար։ Այստեղ դատական նիստը ձգվեց 20 ամիս։ Դատարանին ներկայացրի Ձեզ արդեն ծանոթ բոլոր փաստերն ու հիմնավորումները։ Դատարանը գտնվեց իր բարձրության վրա և եզրակացրեց, որ «Հայռուսգազարդն» ապօրինաբար չի վերականգնել գազամատակարարումս։ Դատավորը «Հայռուսգազարդին» հարցրեց, թե արդյոք կազմակերպությունն ընդունո՞ւմ է իր սխալը, պատասխանեցին` այո։ Դատարանը նաև ապացուցված համարեց, որ ահաբեկմամբ, ապօրինաբար «Հայռուսգազարդը» փորձել էր ինձնից 4,5 մլն դրամ կանխավճար ստանալ կամ գրավադնել ինձ պատկանող անշարժ գույքը, այսինքն` «ՀաՍաՌ» ՍՊԸ-ն։ Առհասարակ, ապացուցված համարվեց, որ իմ սահմանադրական իրավունքն է խախտվել, խոշոր վնաս է պատճառվել իմ տնտեսությանը և այլն։ Դատարանում բազմաթիվ փորձագետներ ցուցմունքով հանդես եկան։ Ամեն բան ապացուցված և հիմնավորված էր։ Ի վերջո, դատարանին ներկայացրի դիրքորոշումս առ այն, որ արդեն 20 ամիս է, դատարանին չի ներկայացվում որևէ փաստաթուղթ, որ հիմնավորի իրենց անօրինական գործողություններին քիչ թե շատ իրավաչափ տեսք տալու փուչ ակնկալիքը։
-Դատարանը ի՞նչ վճիռ կայացրեց։
-Վճիռն ամբողջությամբ բավարարեց հայցս, փաստերը ակնհայտ էին։ «Հայգազարդ» ՓԲԸ-ն վերաքննիչ բողոք ներկայացրեց, ես հերքեցի նրանց բոլոր փաստարկներն ու մեղադրանքները։ Սակայն վերաքննիչը վճռեց, որ «Հայգազարդը» պայմանագրով պարտավոր չի եղել հոկտեմբեր ամսին վերականգնել գազամատակարարումս, այս հարցը առաջին ատյանի դատարանում, առհասարակ, չի քննարկվել։ Ավելին, ըստ մեր միջև գործող պայմանագրի հավելված 2-ի, իբր հոկտեմբեր ամսին պարտավորություն չեն ունեցել ինձ գազ տալու, ուստի և այդ ամսվա բույսերի ցրտահարման համար պատասխանատվություն չեն կրում, կեղծում են, ինչ-որ թվեր լրացնում իմ ներկայացրած օրինագծի («Համաձայնագիր մատակարարվող գազի սակագնի մասին» հավելված 2) վրա և ներկայացնում վերաքննիչին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 20-ին գրանցվել էր 0 աստիճան, գազամատակարարումը դադարեցված էր, և մեծ վնաս էր պատճառվել ջերմոցային տնտեսությանը։ Այս կեղծ փաստաթղթով «Հայռուսգազարդը» փորձում է ևս մեկ պատասխանատվությունից խուսափել։
-Զարմանալի է, սակայն որքան բարձր են դատական ատյանի աստիճանը և նրա պատասխանատվությունը հանրության ու պետության առջև, այնքան դյուրին է նրա վրա ճնշում գործադրելը։
-Այդպես է ստացվում, ցավոք։ Փաստորեն, ջերմատների լուծարման գործընթացի ականատեսն ենք։
-Այսպիսով, մինչ օրս չեք աշխատում։
-Առանց գազի ինչպե՞ս աշխատեմ։ Այսօր գործը վճռաբեկ դատարանում է, մանրամասն ներկայացրել եմ խնդիրներս, ամեն բան հիմնավորված ծանրակշիռ փաստերով։
-Լավատես եք այս օրերին։
-Իհարկե, հակառակ դեպքում թերթին չէի դիմի, կարծում եմ, որ վճռաբեկ դատարանը կգտնվի իր կոչմանն արժանի բարձրության վրա։
-Լավ, այս 5 անպտուղ տարիներին որքա՞ն վնաս եք կրել։ Եվ որքա՞ն գազ չի սպառել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն։
-«Հայռուսգազարդը» նվազագույնը 300 հազար դոլարի գազ չի սպառել և վնաս է կրել այդ չափով, «ՀաՍաՌ»-ը, նվազագույն հաշվարկով, տարեկան շուրջ 125 հազար դոլարի չափով է վնասվել։ Բայց չէ՞ որ վերջնարդյունքում վնասվել է հանրապետության տնտեսությունը։
-Այս անհեթեթ վարչադատական շուրջպարում ինձ համար մի բան է ուրվագծվում, ոմանք փորձում են Ձեզ հեռացնել ասպարեզից և տիրանալ շահութաբեր տնտեսությանը։
-Ակամա հակվում եմ Ձեր եզրակացությանը։
-Մենք հետևողականորեն շարունակելու ենք լուսաբանել «Հայգազարդ» ՓԲԸ-«ՀաՍաՌ» ՍՊԸ դարակազմիկ դարձող հակամարտությունը։ Ինչպե՞ս են Ձեր որդու գործերը։
-Նա վաղուց է հեռացել հիվանդանոցից, այժմ հրատարակչական և տպագրական գործով է զբաղվում։ Երբ Լոռու առաջին ատյանի դատարանին ներկայացրի, որ սուտ մատնության են ենթարկել որդուս, ինչի վառ ապացույցն էր այն, որ տեսախցիկի կրիչները իբրև թե կորել էին, տղայիս 1 տարի 2 ամսով դատապարտեցին, նա համաներմամբ ազատվեց։ Իսկ ծեծ ու ջարդի կազմակերպիչների գլխից մազ էլ չպակասեց։ Ավելին, Արման Թովմասյան դատավորին դեպքից շաբաթներ անց նշանակեցին վարչական դատարանի դատավոր։ Առհասարակ, օրինավորությունն ինձ համար գաղափար է, այլ, ավելի ճշմարիտ ճանապարհ չեմ պատկերացնում։ Եվ շարունակելու եմ պայքարս, մինչև դրական հանգուցալուծում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Սամվել Հարությունյանը 2013-ի հունիսի 24-ին բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան առ այն, որ 2013-ի մարտի 6-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի վճիռը («ՀաՍաՌ» ՍՊԸ-ի հայցը ամբողջությամբ բավարարված հիմքով) թողնել ամբողջությամբ բավարարված կամ, անհրաժեշտության դեպքում վերադարձնել նոր քննության։ Մեր հերթին ավելացնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի վերոնշյալ գործի դատավորն էր տիկին Սիմիզար Հովսեփյանը։ Այս գործի խմորը, անշուշտ, դեռ շատ ջուր է վերցնելու, քանի որ զարմանահրաշ բաներ են կատարվել, առաջին ատյանի դատարանի արդարացի վճիռը ավելի բարձր ատյանում, ըստ էության, խափանվում է։ Այսինքն, ինչպե՞ս, մեր դատական համակարգում հակընդեմ դատարաննե՞ր են գործում։ Գուցե մեզ մնում է սպասել ՀՀ վճռաբեկ դատարանի վճռին, որը, հուսանք, կլինի արդարացի, և մեղավոր կողմը կստանա իր արժանի պատիժը։ Բնականաբար, մենք կանդրադառնանք վճռաբեկի դիրքորոշմանը, առհասարակ և կայացրած վճռին` մասնավորապես։

Դիտվել է՝ 5734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ