ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բացվելո՞ւ է Պանդորայի արկղը

Բացվելո՞ւ է Պանդորայի արկղը
08.06.2012 | 04:50

Մենք, այո, կարող ենք ամառային ընդարմացումի մեջ հանգիստ առնել, բայց մենք մենակ չենք: Աշխարհում: ՈՒ աշխարհն էլ, ընդհանրապես, միշտ անհանգիստ է: Միշտ էլ գտնվում է ինչ-որ մեկը, որ բացում է Պանդորայի արկղը, իսկ այնտեղ, հայտնի է, անդորր չկա, կա ավերում: Բայց քանի դեռ Պանդորայի արկղը բացված չէ, այլ ընդամենը կիսաբացվում է, հավաքենք մի հակիրճ խճանկար:

Այո, մենք համարյա երկու ամիս շատ կարևոր գործով էինք զբաղված, մեր երկրում համերկրային ընտրություններ էին, ու մենք մեզ ուզում էինք թույլ տալ միայն մեզնով զբաղվելու շռայլությունը: Իսկ այդ ընթացքում աշխարհը շարունակում էր զբաղվել իր խնդիրներով և հընթացս նաև մեր, եթե այդ խնդիրները խանգարում էին իր խնդիրների լուծումներին: Հենց այդպես ու միայն այդքան:
Տարածաշրջանային այցով Հայաստանում էր ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը: Գուցե վերջին անգամ: Նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Ֆրանսիան ԱՄՆ-ից աշխարհագրորեն բավականին հեռու է (ի դեպ, նոր նախագահն արդեն չեղյալ է հայտարարել Նիկոլա Սարկոզիի կատարած կենսաթոշակային համակարգի փոփոխությունները, որ նրան նախագահական աթոռ արժեցան, համենայն դեպս, բազում ընտրողների ստիպեցին վերանայել իրենց քաղաքական համահակակրանքները, և գուցե Ֆրանսուա Օլանդը ակամա գնում է իր նախորդի ճանապարհով), բայց քաղաքական ու տնտեսական պրոբլեմներն ընդհանրական են, եթե մինչև նոյեմբեր Բարաք Օբամային չհաջողվի կենսամակարդակի վրա շոշափելի ներգործություն ունեցող քայլեր ձեռնարկել, հայտնի չէ, թե ժողովրդավարությունը ինչպես կտնօրինի նրա ճակատագիրը: Ի թիվս այլ հարցերի` Երևանում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Առաջին հայացքից` նոր ոչինչ, ևս մեկ անգամ հավաստվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ: Եվս մեկ անգամ հավաստվել է, որ «ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ` առաջ տանող ճանապարհ գտնելու համար»: Եվ, այնուամենայնիվ, այս այցի հիմնական իրադարձությունները ծավալվում էին ոչ թե մայրաքաղաքում, այլ սահմաններում: Սահմանային միջադեպերին անդրադարձ է եղել և Բաքվում (հինգ զինվոր կորցրած երկրի լրագրողների հարցին ի պատասխան): ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է. «Ես շատ ցավում եմ: Նախօրեին էլ Երևանում ինձ հաղորդեցին 3 հայ զինվորի մահվան մասին»: «Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և մենք պետք է կարելին անենք ու որքան հնարավոր է արագ ճանապարհ հարթենք խաղաղության համար»,- հավելել է Հիլըրի Քլինթոնը: Այս նախադասության մեջ ամենակարևոր բառը «արագ»-ն է: Մի քանի պատճառով` նախ ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները գործնականում փակուղի են մտել, համենայն դեպս չեն շարունակվում: Իսկ այդ պարագայում կամ պետք է հայտարարվի բանակցությունները դադարեցնելու մասին, ասվի պատճառը, ուրվագծվի հետագան, կամ պետք է նոր գաղափար, քննարկման նոր փաստաթուղթ, որը մեռյալ կետից կարող է գործընթացը տեղաշարժել: Ակնհայտորեն այդ տեղաշարժողը Ռուսաստանը չէ. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին հատկացված ժամանակը եթե նույնիսկ չի սպառվել, սպառվել է նրա լիազորությունների ժամկետը, իսկ գործող նախագահ Վլադիմիր Պուտինն իր քաղաքական օրակարգում մինչև Լեռնային Ղարաբաղ տասնյակ կետեր ունի: Եթե այլ հարցեր լուծելուն Լեռնային Ղարաբաղի հարցն էլ առնչվի, հազիվ թե բանակցությունների ճանապարհն ընտրվի: Ֆրանսիան ևս դեռ ներքին քաղաքական խնդիրների թնջուկում է, ինչպես ամբողջ Եվրամիությունը, և այդ խնդիրները շատ լուրջ են, որպեսզի արտաքին քաղաքական օրակարգում հնարավորություն տան կտրուկ շարժումներ անելու, ուրեմն մինչև որոշակի պահ կպահպանվի նույն կուրսը: Ստացվում է, որ ԱՄՆ-ն է մնում «պատասխանատու» հարցի լուծման և նրա արագության համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Բաքվում ասել է ավելին, քան ասվեց Հայաստանում. «Մոտավորապես երկու շաբաթից Փարիզում տեղի կունենա հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք որոշ նոր մոտեցումներ կառաջարկենք, որոնք ես հնարավորություն ունեցա քննարկելու արտգործնախարարների և նախագահների հետ»: Մինչև հունիսի 18-ը բավականին կարճ ժամանակ է` «որոշ նոր մոտեցումներին» արձագանքելու համար, եթե դրանք իսկապես նոր են: Բաքվում ևս ԱՄՆ-ի պետքարտուղարը դատապարտել է սահմանային միջադեպերը. «Մենք խորությամբ քննարկեցինք ղարաբաղյան խնդրի կարգավորումը, հատկապես շփման գծում վերջին միջադեպերը, և ինչպես հայտարարել էի Երևանում ավելի վաղ, ես խորապես մտահոգված եմ լարվածության թեժացման վտանգից, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի և աղետալի հետևանքների: Անհրաժեշտ է դադարեցնել բռնության ու վրիժառության այդ շրջապտույտը, և յուրաքանչյուրը պետք է աշխատի պահպանել խաղաղությունը և հետևել 1994 թվականին ստորագրված հրադադարի պարտավորություններին»:
Բաքվում Հիլըրի Քլինթոնը մասնակցել է նավթի և գազի արդյունահանմանը նվիրված ցուցահանդեսի, որտեղ ասել է, որ ամերիկյան ընկերությունները 8 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի էներգետիկ ոլորտում։ «Մենք բարձր ենք գնահատում այն առանցքային դերը, որ ունի Ադրբեջանը էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիայի ջանքերում»,- և ընդգծել է, որ իր երկիրը սատարում է Ադրբեջանին Հարավային գազային միջանցքի ստեղծման հարցում, որը ԵՄ գլխավոր էներգետիկ ծրագրերից է և իրականացման դեպքում եվրոպացիներին հնարավորություն կտա կրճատելու կախումը ռուսական հումքից: Համարենք այս հայտարարությունը պատերազմը զսպող գործոններից մեկը:
Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում քննարկումների առանցքում եղել է Իրանի հետ փոխհարաբերությունների հարցը: Որքան էլ օվկիանոսից այն կողմ ծրագրվեն խաղաղ կամ ռազմական գործողություններ, տեղվույն վրա իրավիճակի քննարկումը միշտ առանձնահատուկ ուղղումներ է բերում այդ ծրագրերում: Արաբական հեղափոխություններից հետո և այդ հեղափոխությունների շրջանակում անորոշ ելքով ևս մեկ կոնֆլիկտ ստանալը ոչ միայն հավասարակշռությունը կխախտի, այլև կարող է բումերանգի էֆեկտ ունենալ: Եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և իշխանափոխության ճանապարհով գնացած ու դեռ ժողովրդավարության հանգրվանի ճանապարհը չգտած պետություններն իրարից չափազանց տարբեր են, բայց ունեն ընդհանուր մեկ և համարյա հիմնարար կետ (բացի էներգակիրների բնական պաշարներից ու աշխարհագրական դիրքով այդ պաշարների փոխադրման ճանապարհ լինելուց)` գտնվում են ԱՄՆ-ի շահերի հատույթում:
Արդեն որերորդ տարին Թեհրանի դեմ պատերազմի վտանգը պարբերաբար սրվում ու մեղմվում է: Պատերազմ, որ տարածաշրջանի բոլոր երկրների վրա է ունենալու անկանխատեսելի հետևանքներ:
Արդեն որերորդ տարին` 1994-ից սկսած, պատերազմի վտանգը սրվում ու մեղմվում է Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմանների վրա: Պատերազմ, որ եթե նույնիսկ կոչվի խաղաղության պարտադրման գործողություն, այլևս ելման կետ վերադարձի հնարավորություն չի թողնելու: Ո՞Ւմ է պետք պատերազմը, ո՞վ է ապացուցելու իր իրավունքը, ի՞նչ կապ է ունենալու ՀԱՊԿ-ը, կատարելո՞ւ է իր ուղղակի հանձնառությունները և ի՞նչ չափով, վերջապես` ցանկացած իրադարձություն ընկալելու համար հռոմեացիների հնարած հավերժական հարցը` ո՞ւմ է ձեռնտու:
Նվազագույնը երկու շաբաթ կա այս հարցերի պատասխանը ստանալու համար:
Մինչ այդ հիշենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի պետքարտուղարը ևս մեկ անգամ (ինչպես երկու տարի առաջ) կրկնեց այն պատմական նախադասությունը, որ մենք արդեն սկսում էինք մոռանալ` «Գնդակը գտնվում է թուրքերի դաշտում»: Իսկ մոռանում էինք, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը առայժմ ունի խիստ մասնավոր-անհատական հետագիծ` իբրև մասնավոր անձ մենք գնում ենք մեր հայրենիքը տեսնելու, իբրև մասնավոր անձ` նրանք գալիս են մեզ տեսնելու (Թուրքիայում աշխատանք գտած մեր հայրենակիցները ռազմական վտանգի դեպքում համարյա մեխանիկորեն վերածվելու են պատանդի, որքան էլ դա հակասի պատերազմի մասին օրենքներին ու կոնվենցիաներին: Պատերազմում` ինչպես պատերազմում): Այս անգամ էլ Անկարան մերժել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու կոչը` «Թուրքիայի կեցվածքն այս հարցում պարզ է», իսկ պարզը պարզաբանվել է իբրև Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած անընդունելի որոշում, որտեղ հիշատակված է Հայոց ցեղասպանությունը և հաստատված, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է 1915 թ. Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում կատարված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: «Մենք այդ արձանագրությունները չենք տարել Սահմանադրական խորհուրդ, մենք միանգամից խորհրդարան ենք ներկայացրել` առանց որևէ փոփոխության», ասել է Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ի պետքարտուղարին: Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ կատարած այցի ավարտին, մայիսի 31-ին, հայտարարել էր, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորան գործընթացը վերջնականապես սառեցված չէ. «Չեմ կարծում, թե հայկական կողմի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն ավարտվել է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ լայն մասշտաբով: Կան և՛ քաղաքացիական, և՛ պաշտոնական կազմակերպություններ, որոնց հանձնարարություններ են տրվել այս հարցի առնչությամբ: Ստատուս քվոն օգտակար չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին»:
Իսկ հիմա խճանկարն ամբողջացնելու համար միայն թվարկումներ` 2012-ի մարտ, Ռուսաստան, նախագահական ընտրություններ, 2012-ի մայիս, Հայաստան` խորհրդարանական ընտրություններ, Լեռնային Ղարաբաղ, նախագահական ընտրություններ: Սիրիա, Իրան, Իսրայել: Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան: Ֆրանսիա, Բելգիա, ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ: Արաբական հեղափոխություններ, Միջերկրական ծով, էներգակիրներ: Ժողովրդավարություն և ժողովրդավարության ընկալման ու կիրառման բազմակի ստանդարտներ: Պատերազմ և խաղաղություն: Շփման գիծ: Խաղաղապահներ: Վարկեր: Գնաճ: 2013 թ. փետրվար, Հայաստան, նախագահական ընտրություններ: Ես կարող էի, իհարկե, բոլոր այս իրադարձությունների ակնառու ու խորքային կապերն ու առնչությունները երևան բերել, բայց, կարծում եմ, ամեն ինչ հասկանալի է այսպես էլ: Ի վերջո` ի՞նչ երկրում ենք ապրում այսօր և ի՞նչ երկրում ենք ապրելու 2013-ին` այս պատասխանի որոնումն է բոլոր տրված ու չտրված հարցերի խորքում: Բացվելո՞ւ է Պանդորայի արկղը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. -Փաստորեն, այնքան անկարևոր են ՀՀԿ-ՄՀԿ, ԲՀԿ-ՄՀԿ, ՀԱԿ-ՄԱԿ ու էլի մի քանի մարդկային խմբերի փոխհարաբերությունները, երբ քննարկման հարթություն են գալիս այլ որակի ու այլ մակարդակի հարցեր: Պատրա՞ստ ենք մենք այդ որակին ու այդ մակարդակին հարաբերվելուն ու դիմակայելուն: Այդ պարագայում մարդկային խմբերը կմնան ու կգործեն ազգային-պետակա՞ն հարթության վրա, կդիմակայե՞ն արտաքին ներգործությանը: Ահա այսպիսի «անդորր», ու` ամառ:

Դիտվել է՝ 6180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ