Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
23.01.2009 | 00:00

(վկայություններ մահվան, թաղվելու, հարության հավատի, ննջեցյալների համար հոգևոր կարգեր պահելու կարևորության մասին)
ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
ԱՅԴ ԱՇԽԱՐՀԻՆ ԱՅԼ ՏԵՂԵՐԻՑ ՀԱՐԱԲԵՐՎԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Ննջեցյալների աշխարհ, մի փակ տարածք. մեռյալին ուղեկցում են մինչև գերեզման և այնուհետև` լռություն է: Սովորաբար ասում են` այնտեղից ոչ ոք չի եկել, որ վկայի, թե ով ինչպես է իրեն զգում, որովհետև ով հոգիների աշխարհին չի հավատում, նմանի համար` մարդը մեռավ, ուրեմն, ամեն ինչ ավարտված է: Սակայն Քրիստոսն Ադամից մինչև աշխարհի ավարտ` ճեղքեց այդ լռությունը, հաղթեց մահին և ճանաչողության վարագույրը բացեց մարդու համար: Ճանաչողության ճանապարհ: Եվ, այն հաղթանակը տվեց բանական մարդուն, որով Հովհաննես առաքյալն աղաղակեց. «Այժմ ո՞ւր մնացիր, ով մահ և ո՞ւր է քո խայթոցը»: Եվ ինչպես գիտենք, Հովհաննես սուրբ առաքյալը թեպետ մարմնով մեռավ, բայց Քրիստոսով կենդանի մնաց և մինչև Տիրոջ երկրորդ գալուստը նրանից հրաման ստացավ իր փոխարեն տնօրինություն անելու: Ննջեցյալների աշխարհը նման է մի փակ, պարսպապատ քաղաքի, ուր, բացի Քրիստոս Դռնից, այլ տեղերից հարաբերվելը վտանգավոր է և անաստված մարդու համար դիվական դատաստանի ենթակա: ՈՒստիև ամենքիս էլ քրիստոնեական ճանաչողություն է պետք, որով այնպիսի սխալներ չէինք գործի, որ վնաս լիներ թե՛ մեզ և թե՛ ննջեցյալներին: Նման վնասներից հեռու մնալու համար խնդրի մասին խոսում ենք մեռյալների աշխարհից ամենաառաջին հառնածի` Քրիստոսի անվտանգ օրինակով և նրա տված խոսքի ճանաչողության ճանապարհով:
ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻՆ ԵՎ ԽՈՍՔԻՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԸ
«Ճշմարտապէ՜ս, ճշմարտապէ՜ս կը յայտարարեմ ձեզի. ժամը պիտի գայ ու հիմա ալ է, երբ մեռելնե՜րը պիտի լսեն Աստուծոյ Որդիին ձայնը. և անոնք որ կը լսեն՝ պիտի ապրին։ Որովհետև ինչպէս Հայր ինքն իր մէջ կեանք ունի, այնպէս ալ Որդիին տուաւ՝ որ ինքն իր մէջ կեանք ունենայ. նաև անոր տուաւ դատաստան կիրարկելու իշխանութիւն, քանի որ ան մարդու Որդին է։ Մի՜ զարմանաք ասոր վրայ, որովհետև ժամը պիտի գայ՝ երբ բոլոր գերեզմաններու մէջ եղողները պիտի լսեն անոր ձայնը, ու դուրս պիտի գան. անոնք որ բարիք գործեր են՝ կեանքի յարութեան համար, և անոնք որ չարիք գործեր են՝ դատապարտութեան յարութեան համար» (Հովհաննեսի Ավետարան)։
Չկա մարդ, որ ննջեցյալներ չունենա: Եվ Տիրոջ այս խոստումը, թե ննջեցյալները գերեզմաններում լսում են Աստծո Որդու ձայնը, և որ ամենքն էլ պիտի հարություն առնեն, սակայն նրանց բարիք գործած մասը` կյանքի հարության համար, իսկ նրանք, որ չար գործեր են արել` դատապարտվելու հարության համար: Կամ արդյո՞ք մասնակի հարություններ չեն այն բոլոր բժշկությունները, որ Տերը գործեց, երբ ի ծնե կույրն սկսում է տեսնել, անդամալույծը ոտքի ելնելով իր պատգարակն ինքն է տանում տուն, խուլուհամրը խոսում և լսում է: Եվ բազմակի ու բազմաթիվ են այդ փոքր հարությունները, որ հույս ու մխիթարություն եղան տառապյալ ժողովրդի համար և պատճառ` շատերի դարձի: Սակայն ահռելի է, երբ դիակն է ոտքի կանգնում: Այսինքն թե` Աստծո կամքին և խոսքին են ենթակա գերեզմաններում ապրողներն էլ: Եվ այդ բանի համար էլ քրիստոնյաներս մեր ննջեցյալներին Քրիստոս Աստծուն ենք հանձնում: Քրիստոսին, որ եկավ, բժշկեց, լուսավորեց, մխիթարեց և հարության սերմնահատիկը ցանեց մարդկության մեջ:
Տերն իր բժշկություններով և մեռելներին հարություն տալով, ինքն էլ մեռելների աշխարհից Արարիչ Հոր զորությամբ հարություն առնելով Ավետիս եղավ բարիք գործածների համար, որ հույս է նրանց և ուրախություն ապագա կյանքի հարության: Իսկ որ, ինչպես Արարիչ Հայրը, նույնպես և նրա Որդին կարող է հարություն տալ, այդ գիտենք Սուրբ Ավետարանից: Վերհիշենք այդ հրաշափառ ու զորավոր, մխիթարական և հավատ ամրակայող հարության դրվագներից, երբ մահացածները լսում են Աստծո Որդու ձայնը և կենդանանում են. «Հետևյալ օրը գնում էր մի քաղաք, որի անունը Նային էր։ Նրա հետ իր աշակերտներից շատերն էին, նաև մեծ մի բազմություն։ Երբ արդեն քաղաքի դռան մոտ էր, ահա՛ մի մեռել էին դուրս հանում, իր մոր միակ որդին էր։ Կինն այրի էր, ու քաղաքից մեծ մի բազմություն էր նրան ուղեկցում։ Տերն այդ ամենը տեսնելով գթաց կնոջը և նրան ասաց. «Մի՛ լար»։ Ու մոտենալով՝ դիպավ դագաղին, կրողները կանգ առան, և ասաց. «Երիտասա՛րդ, քեզ եմ ասում, ոտքի՛ ելիր»։ Մեռելն ահա ելավ, նստեց և սկսեց խոսել։ Հիսուս նրան տվեց իր մորը։ Վախը համակեց բոլորին, ու Աստված էին փառաբանում, ասելով` Աստված այցելեց իր ժողովրդին» (Ղուկասի Ավետարան)։
Եվ կամ Ղազարոսի հարությունը, որ հավատացյալներիս համար առանձնակի սիրելի դրվագ է, որովհետև հարություն առնողը` չորս օրվա մեռել, հառնում է հենց գերեզմանից, երբ մարմինն արդեն սկսել էր հոտել:
Հայտնի է, որ հարություն առած Ղազարոսը հոգևոր ծառայության անցավ և երբեք չծիծաղեց, որովհետև ահեղ էր նրա հառնումը, երբ մարմինն սկսել էր հոտել: Նաև, որ այն կողմի աշխարհում չորս օր գտնվելով` Աստծո ահռելի գործընթացներին էր առնչվել և ասես ապշանքի մեջ լիներ իր տեսածների պատճառով:
Արդ, ինչո՞ւ ենք մեռած քրիստոնյա մարդկանց ննջեցյալ ասում: Այդ խոսքն իսկ Հիսուսի խոսածի հիման վրա է: Երբ Ղազարոսը մեռավ, Հիսուսն ասաց` ննջել է և այլ դրվագներում էլ, հոգևոր կյանքի մեջ գտնվող մեռյալների համար «ննջել է» խոսքն ասաց: Այսինքն, նրանք կարող են կենդանանալ այն ժամանակ, երբ Աստված նրանց ասի` վե՛ր կացեք, ոտքի ելեք: Ըստ այդմ, բոլոր քրիստոնյաները ննջեցյալ անվանվեցին, քանի որ ամենքին էլ հարություն խոստացավ Աստված, վերջին` մի հատկական ժամանակում: Իսկ մինչ այդ նրանք երկարատև ժամանակով քնի մեջ են գտնվելու:
ՀՈՂԻՑ Է ՍԵՐՈՒՄ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՀՈՂԻՆ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ
ՈՒշ թե շուտ` ամենքս էլ ննջեցյալ ենք դառնալու կամ նայելու ենք այդ ուղղությամբ, քանի որ մարդու ադամական մարմինը, անգամ ամենամեծ սրբերինը, դատապարտված է մահով ապականման: Հողից է սերում մարմինը և հողին պիտի դառնա: Պողոս առաքյալն այս մասին խոսելիս, ասում է. «Մարմին և արյուն Աստծո թագավորությունը չեն կարող ժառանգել, ամենքս էլ մեռնելու ենք, բայց ոչ բոլորս, որովհետև վերջին փողի հնչելու հետ մեզանից ոմանք ակնթարթի մեջ վերափոխվելու, հափշտակվելու են»:
Խորհրդաբանական և հզոր հայտնություն է այս, որ առավել արժանավորներ ամենավերջին ժամանակում` իրենց մարմնով իսկ հափշտակվելու են` գերեզմանի դատաստանի միջով չանցնելով:
Այս մասին Ավետարանում կարդում ենք. «Այն ատեն եթէ երկու մարդիկ արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի և միւսը մնայ. ու եթէ երկու կիներ ջաղացքին մէջ աղան, մէկը պիտի առնուի և միւսը մնայ։
ՈՒրեմն արթո՜ւն կեցէք, որովհետև չէք գիտեր թէ ձեր Տէրը ո՜ր ժամուն պիտի գայ» (
Մատթէոսի Ավետարան):
Ինչպես տեսնում ենք, սա ակնհայտ մարմնով երկինք հափշտակվելու մասին է, որ Պողոս առաքյալի բացատրությամբ, հափշտակության պահին իսկ մարմինը ձևափոխվում է, ըստ երկնքի արքայությունում ապրելու չափորոշումների: Իսկ արթուն մնալու Տիրոջ պատվերը հոգևոր կյանքով ապրելու մասին է, որով է մարդը կյանքի հարությանն արժանանալու: Հին Կտակարանի ժամանակաշրջանում նման երկու հափշտակում եղավ։ Մեկը Ենովք Նահապետն էր. նա «Աստծոն այնքան հաճո իր կյանքն ապրեց», որ «Տերը նրան մարմնով իսկ իր մոտ տարավ»: Այսօր գիրք կա Ենովք Նահապետի անունով, ասվում է, որ երբեմն Աստծո կամքով նա երկիր է այցելում և այդ իմացությունների, իմաստությունների և մարգարեությունների գիրքն իր այցելություններից մեկի ժամանակ է գրել, թողել երկրում: Մյուսը Եղիա մարգարեն էր, որ հափշտակվեց երկինք, և Եղիսե մարգարեն` նրա աշակերտը, այդ հափշտակությունը տեսավ: Սուրբ գրքում խոստում կա, որ Եղիա մարգարեն, որ Մովսես մարգարեի հետ երկիր իջավ և Հիսուսի հետ լեռան վրա զրուցում էին նրա Պայծառակերպման օրը, կրկին, վերջին ժամանակում, երկիր են այցելելու: Հովհաննեսի Հայտնության գրքում պատմվում է, որ այս օրերին իսկ արդեն աշխարհում հայտնի վեցհարյուրվաթսունվեց նշանակիրով գազանը, անդունդներից ելնելով, սպանելու է նրանց, սակայն երեք օր անց նրանք հարություն են առնելու և կրկին ելնելու են երկինք: Մեջբերենք, որովհետև սուրբգրային խոսքն ընտիր հաց ու գինու պես է, որ զորակցում է հավատավորին. «Եվ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները և բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետև նրանց դիակը ընկած պիտի մնա երեք օր և թույլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։ Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ և նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետև այս երկու մարգարեները երկրի բնակիչներին պիտի չարչարեն։
Երեքուկես օր հետո կենդանության հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մեջ, և նրանք պիտի վեր կենան կանգնեն իրենց ոտքերի վրա։ Եվ ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց վրա, ովքեր տեսան նրանց։ Եվ լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելեք, եկեք այստեղ»։ Եվ նրանք ելան երկինք՝ ամպերով, և իրենց թշնամիները տեսան նրանց»։
«ԵՐԱՆԻ՜ ՈՂՈՐՄԱԾՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ԳՏՆԵՆ»
Մարդկության ստվար մասը գերեզմանի դատաստանի միջով է անցնում և անցնելու է, քանի որ այդ չափին արժանացավ: Մի դատաստան, որ քրիստոնյաների համար տանելի է, մխիթարական, որովհետև նրանք իրենց հոգիներում հույս ունեն, որպես կենդանացնող հունդ` Քրիստոս ունեն Սուրբ Հաղորդությամբ և Քրիստոս Տիրոջ այս օրհնյալ խոստմամբ. «Ով որ ուտի իմ մարմինը և խմի իմ արյունը, (հոգով) մահ չի տեսնի, և ես նրան վերջին օրը հարություն պիտի տամ»:
Սակայն հավելենք, որովհետև մարդիկ կան, որ Սուրբ Հաղորդություն ընդունելով` երկու Տիրոջ են ծառայում, թե՛ բարուն և թե՛ չարին միաժամանակ: Իսկ Տիրոջ Խոսքն ասում է, որ նրանց բարիք գործած մասն են` կյանքի հարության համար, իսկ նրանք, որ չար գործեր են արել` դատապարտվելու հարության համար, այսինքն, եթե անգամ Սուրբ Հաղորդություն ընդունած լինեն, չար գործերի համար դատապարտության հարություն կա: Դա կարևոր է հիշել:
Քրիստոնյաների թաղման կարգն իսկ այն բանի համար է կոչված, որ Տիրոջ խոստման բոլոր ավետումները քահանայի և հոգևոր մերձավորների միջոցով իրենց դերը կատարեն ննջեցյալի մխիթարական վիճակի մեջ գտնվելու համար: Այսինքն թե` քրիստոնեական կարգով ճամփու դնեն դեպի հոգիների աշխարհ և հոգևոր մեծ տոներին հաջորդող մեռելոցներին, տոնի խորհրդին մասնակից դարձնեն ննջեցյալի հոգուն: Եվ հետո կան բազում հենարան իմաստություններ, որոնցով քրիստոնյա ննջեցյալների վիճակը դարձվում է բարի վախճանական և Աստվածահաճո: Օրինակ, այդպիսի իմաստնության հնուց ավանդված հենարան է ննջեցյալների հոգիների հանգստության համար աղքատներին, որբերին և տնանկներին ողորմություն բաժանելը, ըստ Տիրոջ այն խոսքի, թե. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»:
Մեր մեծերից, օրինակ, Անդրանիկ Զորավարը, քրիստոնեական իր վարքով նախախնամությանը խոնարհ լինելու բազում կենդանի դասեր ունի. «Երբ կինը` Վերոնիկան, մահացավ, դրամ ուղարկեց և պատվեր, որ կնոջ գերեզմանաքարի վրա իր անունն էլ գրվի: Այդպես էլ արվեց: Սպիտակ մարմարին փորագրվեց. «Անդրանիկ և Վերոնիքա Օզանյաններ»: Իսկ թե ննջեցյալների եկեղեցական կարգը ինչպիսի հավատարմությամբ էր պահում, այդ մասին տեղեկանում ենք Ազնիվ Թաշճյանի հուշերից. «Անդրանիկը իր նամակներով մեզ թելադրում էր, համաձայն եկեղեցական օրենքների, գերեզմանների վրա անընդհատ խունկ ծխեինք, մոմը միշտ վառ պահեինք և ծաղիկները թարմացնեինք: Իսկ տոնական օրերին եկեղեցում հոգեհանգիստ կատարեինք Օզանյանների բոլոր ննջեցյալների և Վերոնիքայի հոգու և ոսկորների հանգստության համար: Եվ միշտ հոգու հաց էինք տալիս, որովհետև Անդրանիկը իր նամակներով այդպես էր թելադրում»: Շատերս ենք պնդում, թե սիրում ենք մեր մեծերին: Սակայն ճշմարիտ սերը մի՞թե նրանց բարի վարքերը կյանքով ընդօրինակելը չէ: Իրա՛վ, որ ընդօրինակելն է: Նույն բաները մենք ևս անենք մեր հոգևոր մերձավորների համար» («Հավատի էջեր Զորավար Անդրանիկի կյանքից»):
ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ՀՈՂՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՈՐԹԱՏՈՒՆԿԻ
Եվ որ մեր ննջած մերձավորները մեր ձայնը ևս լսում են, այդ հայտնի է ժառանգավորության արտահայտությամբ, երբ զավակներն իրենց ծնողների թե՛ շնորհներն են կրում և թե՛ պատասխանատուն են նրանց սխալների, հանցանքների: Եվ որքան մենք նրանց ըստ Աստծո հոգանք, այնքան մեր ժառանգավորական վիճակներն են բարելավվում, այս բանի վիթխարի, կարելի է ասել համամարդկային մեծության օրինակ է մեր Լուսավորչի ապաշխարությունն իր հոր ծանր հանցանքի դիմաց, որով Լուսավորչի ժառանգները ևս լուսավոր վիթխարի այրեր դարձան: Այսինքն թե, ննջեցյալները նման են հողում թաղված որթատունկի, որքան ըստ Աստծո հոգաս նրանց, այնքան քո ազգ ու ցեղի մեջ լավագույն պտուղներ կավելանան:
Գիտակից մարդկությանը հայտնի է, որ թաղվեցին, բայց մարմնի ապականում չտեսան Աստծո Որդին` Հիսուսը և նրա մայր Մարիամը: Նրանց մարմինը հողի չվերածվեց, ինչպես Աստված սահմանել է ադամական մարդու համար: Իր մահվան երրորդ օրը Հիսուս Արարիչը Հոր լուսավոր զորությամբ հառնեց մեռելների աշխարհից` հույսի ճամփա բացելով միլիոնավոր հավատացյալների: Իսկ Աստվածամորը Հիսուսն ինքը հարություն տվեց, ինչպես խոստացել էր: Եվ Տիրամոր մահվան երրորդ օրը գերեզմանը բացեցին, որ թաղումից ոչ պատահականորեն ուշացած Բարդուղիմեոս Հայոց առաքյալը ևս հրաժեշտ տար, սակայն գերեզմանը դատարկ գտան: Եվ հայտնի է, որ առաքյալն Աստծո կամքով թաղումից ուշացավ, որպեսզի Տիրամոր` մարդկության մեջ մեծագույն սրբի Հարությունը հայտնի լիներ ողջ աշխարհին:
ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻՆ ՎԵՀԱՑՆՈՒՄ Է ՓՐԿՉԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հավատացյալ մարդուն վեհացնում է փրկչի հարության նախախնամական իրականությունը` ոչ միայն Ավետարանի գրվածքով, այլ նաև մեր Տիրոջ դիակտավի ուսումնասիրությամբ էլ: Հայտնի է, որ Քրիստոսի հարությունից հետո նրա դիակտավը մնաց, որ և դարձավ գիտնականների ուսումնասիրության առարկան: Առանձին ինստիտուտ բացվեց` կտավը քննելու սարքավորումներով: Գրքեր, հոդվածներ տպագրվեցին քննության արդյունքների մասին: ԽՍՀՄ տարիներին մեր Մատենադարանի գրադարանում հայերեն նման մի ուսումնասիրության գիրք կար, որ Խաչիկ Ստամբոլցյանի օգնությամբ բազմացվում ու տարածվում էր հավատացող մտավորականներիս մեջ: Սակայն այսօր, փառք Աստծո, ինտերնետի շնորհիվ, յուրաքանչյուրն էլ կարող է Փրկչի դիակտավի նկարներն ունենալ: Դիակտավը հայտնի է Թուրինյան վարշամակ անունով, որովհետև պահվում է Թուրինում: ՈՒշագրավն այն է, որ դիակտավին թե դեմքի և թե մեջքի կողմից ամբողջ հասակով փրկչի նկարն է: Ահռելի այն լույսը, որ Արարիչ Հորից իջել և կտավով ծածկված Փրկչին հարություն է տվել, բնական լուսանկարչության դեր է խաղացել, և այդպես է ողջ մարմինը որպես լուսանկար տպվել կտավին: Նկարի դիմային մասը վեհ ու առինքնող իր տեսքով միանգամից առգրավում է քեզ ու մղում երկյուղածության, սիրո և խոնարհության: Մեր գրողներից մեկը նկարին նայեց ու հավատաց, որ փրկչինն է: Հետո մի սքանչելի պահ վկայեց ու ասաց. «Այնպես եղավ, որ գիշերով պիտի գերեզմանոցի միջով անցնեի, անսովոր վախ ու սարսուռ բռնեց ինձ, բայց հանկարծ մթան մեջ լույս ու ջերմությամբ երևաց փրկչի դիակտավի նկարի դիմային մասը, ասես ասում էր` Տերն եմ, ես քեզ հետ եմ, մի վախեցիր, ներսս խաղաղություն ու սեր լցվեց, և ես հանգիստ անցա գերեզմանոցի միջով: Երբ արդեն անցա, նկարի տեսիլն անհետ եղավ»:
Սարկավագ ընկերներիցս մեկին, որ այսօր հարգված մի քահանա է, երբ նկարը տվեցի, ասաց. «Է, ես հավատամ, բայց ի՞նչ կերպ կարող ես ապացուցել, որ Փրկչի դիակտավի նկարն է»: Ասացի` երկու կերպ. մեկ, որ կարելի է, նկարը դիտելուց բացի, կարդալ դիակտավի ուսումնասիրությունները, մյուսը, որ Սուրբ Հոգին կարող է վկայել: Սուրբ Հոգին ունեցող յուրաքանչյուր հավատացյալ նկարն առաջին անգամ տեսնելով էլ պիտի ճանաչի և առանց որևէ մեկի վկայության հաստատի, որ Քրիստոսն է նկարում: Եվ երբ նրա կնոջը դիակտավի նկարը ցույց տվեցինք, որ գրքից ու գրականությունից, մշակույթից բավական հեռու և միամիտ անձնավորություն էր և նկարը երբևէ չէր տեսել, խիստ երկյուղածության մեջ ընկավ, ապա վախ ու ուրախություն խառնած, վստահորեն ասաց.
-Սա Աստծո նկարն է` մեր Տեր Հիսուս Քրիստոսի:
«ՈՒՐ ԵՍ ԵՄ ԳՏՆՎՈՒՄ, ԻՄ ԾԱՌԱՆ ԱՅՆՏԵՂ ՊԻՏԻ ԼԻՆԻ»
Ննջեցյալների մասին ինչ գիտենք, մեծ մասամբ ըստ հաստատված ավանդությունների գիտենք: Նաև բազմաթիվ վկայություններից, որոնցից պիտի ընտրենք ամենաանվնասն ու օգտակարը: Խոսքս քրիստոնեական ավանդների մասին է, քանի որ ննջեցյալների համար Ավետարանը ամենագերական է, որովհետև ոչ մի կրոն զորավոր այն խոստումը չունի, որ մահից այն կողմում տեր կկանգնի իր ննջեցյալին ամենաապահով, գերակա չափով, քան Քրիստոսի խոստումը, որ ասաց. «ՈՒր ես եմ գտնվում, իմ ծառան այնտեղ պիտի լինի»: Անթիվ են այն վկայությունները, որ Տերն իր խոստման տերն է: Այդ բանի համար, որպեսզի ննջեցյալների խնդիրներն ավելի լավ հասկանանք, հարցին մոտենում ենք Քրիստոսի մահվան և հարության օրերի վիճակագրությամբ: Մեկ այլ պատճառ էլ կա, որ այդպես վարվենք, այն, որ մինչև Քրիստոսի միջոցով Աստծո խոստման նորոգումը, այսինքն, մինչև Ավետարանի ժամանակաշրջանը, Ադամից սկսած բոլոր արդար ննջեցյալներն անգամ դժոխք էին իջնում, անգամ մարգարեները: Նրանք դժոխքից ելան Քրիստոսի սուրբ հարության զորությամբ. «Եւ ահա՛ տաճարին վարագոյրը երկուքի պատռեցաւ՝ վերէն վար, երկիրը շարժեցաւ, ժայռերը ճեղքուեցան, գերեզմանները բացուեցան, ու շատ մը սուրբ ննջեցեալներու մարմիններ յարութիւն առին. և գերեզմաններէն ելան անոր յարութենէն ետք, մտան սուրբ քաղաքը ու երևցան շատերու» (Մատթէոսի Ավետարան)։
Այսինքն թե` Քրիստոս համատիեզերական երևույթ է, ում թագավորությունը տարածվում Է ամենուր և, բնականաբար, գերեզմանների վրա էլ, ճշմարիտ Աստվածապաշտներին կարող լինելով մարմնով էլ կենդանացնել, երբ կամենա, բայց նախ և առաջ այս աշխարհում Նա փնտրում է յուրաքանչյուրիս վերադարձի խոնարհումն Իր առջև և Իրենով` Արարիչ Հոր առջև:
ԹԱՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՆԱՅՔ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Քրիստոնյա եկեղեցական կարգով թաղման ժամանակ կանայք, հրաժեշտ տալով ննջեցյալին, հեռանում են: Թաղմանը չեն մասնակցում: Նման կարգ է դրվել այն դեպքերի համար, երբ կանայք ծայրահեղ վերաբերմունք են ցուցաբերում իրենց հուսահատությամբ, որ քրիստոնեական չէ, երբևէ վայել չէ քրիստոնյա կնոջը և վնաս է նաև ննջեցյալի հոգուն, որ լսում է նման ծայրահեղ, անհույս դրսևորումներ, որոնք տգիտության պատճառներից են ծագում: Սակայն երբ մերձավոր կանայք հասու քրիստոնյաներ են, կարող են կողքի կանգնած թաղմանը ներկա լինել: Ավետարանում այդպես իսկ է: Հիսուսի թաղման ժամանակ Մատթէոս Ավետարանիչը գրում է. «Այնտեղ էին Մարիամ Մագդաղինացին և մյուս Մարիամը, նրանք նստած էին գերեզմանի դիմաց»: Մարկոսի Ավետարանի հավելումից տեղեկանում ենք, որ «Մյուս Մարիամը» Տիրամայրը չէր, այլ «Հակոբոսի և Հովսեփի մայր» Մարիամն էր: Այսինքն` ամենամերձավոր Աստվածամորը թաղումին չթողեցին մասնակցել, որ մեր Տիրոջ և իր Որդու մահը մարդկայնորեն ավելի ծանր չտաներ: Մի վարմունք, որ մարդասիրական դրսևորում է` ննջեցյալի ամենամերձավոր կանանց այդ պահին հեռու պահելով:
Թաղումն իրականացնում են այրերը` քահանայի ղեկավարությամբ, ով ննջեցյալի համար ամենքի անունից աղոթքներով, քարոզներով ու շարականներով հոգուն հանձնում է Քրիստոս Աստծո հովանուն: Եվ հաջորդ առավոտյան կանայք են գերեզմանոց գնում` ասես իրենց մեղմ ու ներող, սիրառատ ներկայությամբ, խունկ ծխելով և աղոթքով, հոգևոր երգեցողությամբ մխիթարակից լինելու ննջածի հոգուն: Եվ մայրերի, քույրերի, դուստրերի պահքն ու աղոթքը, արտասուքը (արտասուքն առանց ծայրահեղության) Աստծուց չի անտեսվում:
Թաղման հաջորդ առավոտյան կանանց այցելությունը գերեզման նույնպես ըստ Ավետարանի է, երբ կանայք այցելեցին Հիսուսի գերեզմանը` օծման յուղ տանելով և խունկ: Ըստ այդմ, կարելի է մեզանում մյուռոնաջուր տանել, հողն այդպես օրհնել, խունկ ծխել և աղոթել, լավ է` հոգևորականի առաջնորդությամբ:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4596

Մեկնաբանություններ