Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները»

«Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները»
03.06.2024 | 19:10

Մայիսի 31-ին ՀՀ ԳԱԱ (Գիտությունների ազգային ակադեմիա) գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով, որն իր աշխատանքները կազմակերպեց զուգակցված՝ առկա-առցանց եղանակով, լիագումար նիստում և առանձին գիտական բաժանմունքներում զեկուցումների ներկայացման և քննարկման ձևաչափով։

Գիտաժողովին մասնակցում էին օտարերկրյա գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ, մագիստրանտներ, հայցորդներ, ասպիրանտներ, գիտական կենտրոնների ու ինստիտուտների աշխատակիցներ։

Արդեն ավանդույթ դարձած ամենամյա միջազգային գիտաժողովի նպատակն էր վեր հանել հետազոտահեն կրթության առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, քննարկել մասնագետներին անհանգստացնող հարցերը և ուրվագծել հետագա գործունեության հեռանկարները ներկայիս փոխակերպվող հասարակություններին բնորոշ իրողություններում:

Գիտաժողովի աշխատանքներն համակարգում էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը, ով, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովն իրենց մասնակցությամբ արժևորող Ռուսաստանի կրթության ակադեմիայի, Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի, Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին բովանդակալից գիտական հոդվածների համար, որոնք արդեն տպագրվել են գիտաժողովն ամփոփող գիտական հոդվածների ժողովածուում:

Ն. Հակոբյանն ընդգծեց, որ համաշխարհային կարևորության շատ գիտական հետազոտություններ հնարավոր է իրականացնել միայն լայնածավալ համագործակցության շրջանակներում, և նմանատիպ գիտաժողովները խթան են հանդիսանում միջազգային գիտական կապերի զարգացման համար:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը միջազգային փոխշահավետ համագործակցության խրախուսման և մասնագիտական բազմապրոֆիլ հարթակի ստեղծման տեսանկյունից:

«Գիտաժողովը հնարավորություն է տալիս ոլորտի հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող և կիրառական հետաքրքրություն ունեցող հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև իրենց գործունեությանն առնչվող խնդիրները: Իսկ ժամանակակից գիտության առջև ծառացած հիմնահարցերի մեծ մասը համընդհանուր մարտահրավերներ են, և դրանց լուծումները նույնպես պահանջում են համընդհանուր լուծումներ»,- նշեց Ա. Սարգսյանը:

Մասնակիցներին ողջունեց նաև Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համալսարանական գործընկերության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Գարմոնովան, ով Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի կրթության ինստիտուտի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Եվգենիա Օպֆերի հետ հանդես եկավ համատեղ զեկուցումով, որի թեման էր «Ժամանակակից ավագ դպրոցի ուսուցիչը՝ իբրև մասնագիտություն և կոչում»:

Հեռավար ձևաչափով միացել էր նաև Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ելենա Իվանյանը, ում զեկույցը նվիրված էր «Հայերենի վերբալ և տեսուլական անվանակարգեր ռուսական առևտրային դիսկուրսում» թեմային։

Պլենար նիստին հաջորդեցին առանձին բաժանմունքային աշխատանքները՝ ըստ բանասիրության, բնագիտության, իրավագիտության, հոգեբանության, մանկավարժության և կրթության կառավարման, տնտեսագիտության և կառավարման ոլորտների։

Գիտաժողովն անցավ կառուցողական քննարկման մթնոլորտում և ծառայեց որպես արդյունավետ հարթակ նորարարական գաղափարների, գիտականորեն հիմնավորված առաջարկությունների ներկայացման ու քննարկման համար, որոնք հետագայում կունենան կարևոր գիտագործնական նշանակություն։

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ