Խաղերի ստեղծմամբ հետաքրքրված են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ «Բաց խաղ-2014» առաջնությանը մասնակցած «Շողեր» խումբը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից է, առաջնությունում արժանացել է խրախուսական մրցանակի։ «Շողեր» խումբը ձևավորել են Սպիտակի դպրոցներից մեկում գործող ռոբոտաշինության խմբակ այցելող երեխաները։ Խումբը ղեկավարում է Սուսաննա Կոտոշյանը, ով մասնագիտությամբ ծրագրավորող է և ռոբոտաշինության խմբակի երեխաներին հաղորդակից է դարձնում նորագույն տեխնոլոգիաներին։ Ասում է, որ իր աշակերտները տիրապետում են ոչ միայն ռոբոտաշինության նրբություններին, այլև բազմաթիվ ծրագրերի։
«Շողեր» խմբի անդամները՝ Վազգեն Հակոբյանը, Գարիկ Ասատրյանը, Սանասար Մելոյանը, Վահան Սարդարյանը, Տիգրան Սարգսյանը, «Բաց խաղում» ներկայացրել էին ScaryMazeBegins (SMB) խաղը։ Այն հրապարակել են համացանցում։ Այս խաղը ծավալվում է խճճված լաբիրինթոսում։ Անհայտ տարածքում ավտովթարից հետո խաղացողներն արթնանում են լաբիրինթոսում՝ ձեռքին ունենալով լամպ և զենք։ Խաղի նպատակը լաբիրինթոսից դուրս գալն է։ Ընդ որում, ճանապարհին բազմաթիվ արգելքներ, խոչընդոտներ, սարսափներ, գիշատիչ կենդանիներ են հանդիպում, որոնք հաղթահարելու առաջին նախապայմանը չվախենալն է։
«Բաց խաղին» մասնակցելը և մրցանակ ստանալը շատ ոգևորիչ էին Սպիտակի պատանիների համար։ Այն նաև փորձառություն է հաղորդել երեխաներին։ Նրանք հասկացել են, որ նախապատվությունն ավելի շատ տրվում է պարզ խաղերին, թեև մինչ այդ հակված էին բարդ խաղեր ստեղծելուն։ Առաջնությունն օգնել է, որ երեխաները սկսեն մտածել ավելի պարզ։
«Շողեր» խումբն ուղղակի տարված է խաղեր ստեղծելով և մեկը մյուսի հետևից նորանոր խաղեր է նախագծում։ Ընդ որում, պատրաստվում են ներկայանալ նաև «Բաց խաղ 2015»-ին։ Ռոբոտաշինության խմբակավար Սուսաննա Կոտոշյանը նշում է, որ դասաժամերին աշակերտների մի մասը կենտրոնանում է ռոբոտաշինության վրա, մյուս մասը զբաղվում է ծրագրերի ուսումնասիրմամբ։
Սուսաննա Կոտոշյանը, ճիշտ է, խոստովանում է, որ խաղերով տարվելը որոշակի վնաս է հասցնում երեխաներին, սակայն դա նաև միջոց է, որպեսզի նրանք սովորեն, թե ծրագրավորումն ինչ է իրենից ներկայացնում, սկսեն աշխատել գրաֆիկական էֆեկտների հետ։ Սուսաննան նշում է, որ երեխաներին միշտ խորհուրդ է տալիս մտածել, ծրագրեր գրելիս ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, ոչ թե մեխանիկորեն վերարտադրել։ Խմբակավարը նկատում է, որ ռոբոտաշինության խմբակի անդամները հիմնականում ցանկանում են դառնալ ծրագրավորող, և դպրոցում նախնական պատրաստվածությունը մեծապես կօգնի նրանց հետագա ուսման և աշխատանքի ընթացքում։
Արմավիրի մարզի Այգեկ համայնքում բնակվող 15-ամյա Վազգեն Հովհաննիսյանն էլ «Բաց խաղ-2014»-ի պատանիների առաջնության հաղթողն է։
«Բաց խաղ-2014»-ին Վազգենը ներկայացել էր իր հեղինակած Rockin and Rollin խաղով։ Հերոսը կլոր առարկա է, որը պետք է ուտի իր ճանապարհին հանդիպած բոլոր փոքր կլորիկ առարկաները՝ հաջորդ աշխարհ անցնելու համար։ Խաղը բաղկացած է 24 աստիճանից։ Ամեն մի փուլում մի նոր բան ավելանում է՝ խաղն ավելի հետաքրքիր դարձնելով։ Խաղը տեղադրվել է scratch.mit.edu կայքում։ Rockin and Rollin-ն առայժմ միայն համակարգչով կարելի է խաղալ։ Վազգենը շատ խաղեր է ստեղծել։ Scratch-ում կարելի է հանդիպել նրա հեղինակած այլ նախագծերի նույնպես։ Scratch-ն առցանց խաղալու հարթակ է, և Վազգենի որոշ խաղեր բավականին լավ արդյունքներ են գրանցել՝ 2000-3000 դիտում։ Խաղերն ամբողջությամբ ինքն է ստեղծում. կատարում է և՛ ծրագրավորումը, և՛ դիզայնը։
Վազգեն Հովհաննիսյանն ասում է, որ առաջնությանը մասնակցելիս շատ բան է սովորել իր մրցակիցներից, շատերի հետ ընկերացել է, այսօր էլ միմյանց օգնում են խաղ ստեղծելիս։ Ծրագրավորում, խաղ ստեղծել սովորել է ռոբոտաշինության խմբակում, ինչպես ինքն է ասում, ընկեր Գրիգորյանի շնորհիվ։ Ռոբոտաշինության խմբակ հաճախում է մոտ 20 աշակերտ՝ կեսը Այգեկից, կեսն էլ՝ Նորակերտ գյուղից։ Վազգենը խոստովանում է, որ մինչև ռոբոտաշինության խմբակ գնալը շատ էր տարված խաղերով, իսկ հիմա ոչ թե խաղում, այլ խաղեր է ստեղծում։ Դպրոցն ավարտելուց հետո էլ պատրաստվում է դառնալ պրոֆեսիոնալ գեյմ դևելոփեր։ Ապագա պրոֆեսիոնալ խաղ ստեղծողը շատ լրջորեն աշխատում է մեկ այլ նախագծի վրա, որը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի արդեն DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին և «Բաց խաղ-2015» առաջնությանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ