38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չինական ռոբոտատեխնիկական շուկան մոտակա տարիներին կունենա 30-տոկոսանոց տարեկան աճ

Չինական ռոբոտատեխնիկական շուկան մոտակա տարիներին կունենա 30-տոկոսանոց տարեկան աճ
20.01.2015 | 01:27

Առաջին անմեքենավար գնացքները, որոնց արտադրությամբ զբաղվում է «China CNR Corporation Ltd» ընկերությունը, Պեկինի մետրոյում կարող են հայտնվել գալիք տարվա մայիսին։ Յանֆանի գծի համար կթողարկվի 60 շարժակազմ, որոնց առավելագույն արագությունը կկազմի 80 կմ/ժ, և դրանք միանգամից կարող են փոխադրել մինչև 1262 մարդ։ Պետք է նկատել, որ ՉԺՀ-ն ստորգետնյա մարդատար տրանսպորտի զարգացման ասպարեզում մեծ փորձ ունի, և նույնիսկ ԱՄՆ-ն է Չինաստանից մետրոպոլիտենի շարժակազմեր գնում։ Սակայն անմեքենավար գնացքների կամ «ռոբոտ գնացքների» ստեղծման մասին այս տեղեկությունը ստիպում է ուշադրություն դարձնել ՉԺՀ-ում «ապագայի տեխնոլոգիաների», մասնավորապես ռոբոտատեխնիկայի բուռն զարգացման վրա։

Ահա թե ինչ են հաղորդում չինական լրատվամիջոցները։ Այս տարվա սեպտեմբերին Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի «Սինսուն» ռոբոտատեխնիկական ընկերությունում գործարկվել է առաջին թվային ռոբոտատեխնիկական հոսքագիծը, որն ընդունակ է տարեկան արտադրելու հինգ հազար արդյունաբերական ռոբոտ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։ Հաղորդվում է նաև, որ 2013-ին Չինաստանը Ճապոնիայից անցել է ռոբոտատեխնիկական հարմարանքների շուկայում։ ՉԺՀ-ում ընդհանուր առմամբ վաճառվել է 37 հազար արդյունաբերական ռոբոտ, ինչը կազմում է համաշխարհային ցուցանիշի գրեթե 20 տոկոսը և Չինաստանին հնարավորություն է տվել աշխարհում առաջին տեղը գրավելու ռոբոտատեխնիկայի վաճառքի ծավալով, այդ հորիզոնականից դուրս մղելով Ճապոնիան։ Բացի այդ, վերջերս արդյունաբերության և ինֆորմատիկայի նախարարությունը հայտարարել է, որ «Չինաստանը մտադիր է ճեղքում կատարելու առանցքային ռոբոտատեխնոլոգիաների ասպարեզում, ինչը թույլ կտա մինչև 2020 թվականը ստեղծել արդյունաբերական ռոբոտների լիարժեք ինդուստրիա»։ Նախարարությունը մշակել է երկրում ռոբոտատեխնիկական հատվածի զարգացման հնգամյա պլան, կատարելագործել է ստանդարտների համակարգը։ Ռոբոտատեխնիկան արդեն լայնորեն կիրառվում է ՉԺՀ տնտեսության 25 ճյուղերում։ Մինչդեռ, համաձայն Ռոբոտատեխնիկայի միջազգային դաշնության (ՌՄԴ) կանխատեսումների, արդյունաբերական ռոբոտների չինական պահանջարկը կաճի տարեկան առնվազն 25 % արագությամբ, ընդ որում` 2017-ին երկրում ռոբոտների վաճառքի ծավալը կհասնի 100 հազարի, արդյունաբերական ռոբոտատեխնիկայի համակազմը՝ ավելի քան 400 հազար միավորի։

Նկատենք, որ 21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման ստանդարտների ու կանխատեսումների համաձայն, բարձրակարգ սարքավորումների արտադրությունը, որոնց ներկայացուցիչներն են ռոբոտները, կլինի ազգային արդյունաբերության առանցքային դիրքերի ու իրավասության կարևորագույն ցուցանիշը։ Արդեն պարզ է, որ նույնիսկ ներկա տեխնոլոգիական մակարդակի պարագայում ռոբոտ «բանվորները» բազմաթիվ առավելություններ ունեն սովորական մարդ բանվորների համեմատ։ Մեխանիզմի արժեքն առայժմ տատանվում է մոտ 1500 դոլարի սահմաններում, բայց դե ռոբոտը «պատրաստ է» աշխատելու «եզի նման», օրուգիշեր՝ առանց հանգստյան օրերի ու ընդմիջումների, անվճար, առանց ղեկավարության հետ վեճի մեջ մտնելու, այն աշխատում է երեք մարդու փոխարեն՝ գործողություններն իրականացնելով մարդուց ավելի հետևողականորեն ու ավելի արագ։ Իհարկե, ռոբոտը ոչ բոլոր ոլորտներում է ի վիճակի փոխարինելու մարդուն. առայժմ մարդու ընդարձակ հնարավորությունների համեմատ ժամանակակից ռոբոտահոսքային մեխանիզմները նման են զոդված մետաղաջարդոնի մի կույտի։ Սակայն հիմա արդեն ռոբոտատեխնիկան կարող է օգնել բարձրացնելու արտադրանքի որակն ու ավելի հեշտորեն գլուխ հանելու այնպիսի խնդիրներից, ինչպիսին նրա ինքնարժեքի աճն է։ Սպասվում է, որ ռոբոտատեխնիկան լայն կիրառություն կգտնի բժշկության, ավտոմեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության, մեքենաշինության, նավաշինության ասպարեզներում, ավիացիայում, տիեզերագնացության մեջ։ Այնպես որ, ներկայումս քչերն են կասկածում, որ արդի աշխարհում ապագան ռոբոտներինն է, և նրանք շատ շուտով կդառնան թե՛ մեր կյանքի անփոխարինելի տարրերը, թե՛ երկրի զարգացածության կարևոր ցուցանիշները։

Մինչդեռ, ռոբոտոտեխնոլոգիաներն ու դրանց արտադրությունը Չինաստանում ավելի ուշ սկսեցին զարգանալ, քան այլ երկրներում, ուստի և այստեղ համարում են, որ անհրաժեշտ է արագացնել քայլերը և հետ չմնալ գիտատեխնիկական և արդյունաբերական նոր հեղափոխության ընթացքից։ Չինաստանը դեռ հեռու է զարգացած երկրներից նաև զբաղված բնակչության համեմատ ռոբոտների քանակով. 2013-ի վերջերի տվյալներով, չինական ձեռնարկությունների 10 հազար աշխատակիցներին բաժին էր ընկնում ընդամենը 23 ռոբոտ, ինչն աշխարհի միջին ցուցանիշից ցածր է։ Բացի այդ, առայժմ չինական շուկայում օտարերկրյա հսկաների մենաշնորհային վիճակ է տիրում, և հայրենական տեխնոլոգիական նվաճումների ընդամենը երեք տոկոսն է արտադրության մեջ ներդրվում։ Այդուամենայնիվ, ինչպես հաղորդել է ռոբոտաշինության չինական միավորման նախագահ, «Սինսուն» ընկերության նախագահ Ցյույ Դաոկույը, ռոբոտատեխնիկայի նկատմամբ պահանջարկի դինամիկ աճին Չինաստանում նպաստել են աշխատանքի ինքնարժեքի իջեցումը, ցածր արտադրողականությունը, բնակչության ծերության մակարդակը և այլ հանգամանքներ։ Ընթացիկ տարվա առաջին կեսին միայն «Սինսուն» ընկերության պատվերների քանակն աճել է ավելի քան 70 %-ով։ Չինաստանում պնդում են, որ թեև ռոբոտները թանկ հաճույք են, այդուամենայնիվ, այստեղ ավտոմատացված համակարգերի գները իջնում են տարեկան 4 %-ով։

Եթե առաջ ռոբոտատեխնիկան Չինաստանում կիրառություն էր գտնում միայն ավտոմեքենաշինության մեջ, էլեկտրոնիկայում և այլ բարձրտեխնոլոգիական ճյուղերում, ապա այսօր այն օգտագործվում է նաև արդյունաբերության ավանդական ճյուղերում, ներառյալ մետաղամշակումը, սննդամթերքի ու ըմպելիքի արտադրությունը։ Չինական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դին Հանի կարծիքով, «Չինաստանում արագորեն զարգացող ռոբոտաշինությունը լավ խթան կհանդիսանա երկրի վերամշակման արդյունաբերության մտավոր հագեցման համար»։ Ինչպես հայտնի է, ներկայումս հենց ՉԺՀ-ն է վերամշակման արդյունաբերության համաշխարհային գլխավոր կենտրոնը։ Ընդ որում, այդ ճյուղի դժվարություններից մեկը աշխատողների վրա կատարվող ծախսերի մեծացումն է։ Փորձագետների կարծիքով, բարձր մտավոր կարողությամբ արդյունաբերական ռոբոտների արտադրության տեխնոլոգիաների զարգացումն էապես կնվազեցնի ծախսերը։ Եթե հավատալու լինենք կանխատեսումներին, ՉԺՀ-ի վերամշակման արդյունաբերության մեջ, բժշկության և սպասարկման ոլորտներում առաջավոր ռոբոտների կիրառումը կարող է համախառն արգասիքը 2025 թվականին 1,7 տրլն դոլարից հասցնել 4,5 տրլնի։ Էլեկտրոնային արդյունաբերությունն ու մեքենաշինությունը այն մյուս երկու ճյուղերն են, որոնք առավել ավտոմատացված են, և որոնցում այդ միտումը կպահպանվի։ Չինաստանում, այսօրվա դրությամբ, միայն ավտոարդյունաբերության մեջ աշխատուժի 80 %-ը ռոբոտներ են։ Էլ ավելի մեծ ավտոմատացման հասնելու հիմնական խթաններն աշխատողների աշխատաժամի արժեքի աճն է, ինչպես նաև որոշ դեպքերում զգացվող աշխատուժի պակասը։

Ընդհանուր առմամբ, բոլոր կանխատեսումների համաձայն, չինական ռոբոտատեխնիկական շուկան զարգացման հսկայական տարածություն ունի, և մոտակա տարիներին այն կունենա ավելի քան 30-տոկոսանոց տարեկան աճ։ Իհարկե, երկյուղներ կան, որ ռոբոտատեխնիկական արտադրանքի հարաճուն պահանջարկը կարող է հանգեցնել կոշտ մրցակցության ու դժգոհության։ Բայց անգամ հաշվի առնելով այդ երկյուղները՝ փորձագետները վստահ են, որ մի քանի տարի հետո բոլորի համար ակնհայտ կդառնա, որ ռոբոտատեխնիկայի ասպարեզի նոր մշակումները և դրանց ներդրումը կնպաստեն երկրում արդյունաբերության ավելի ինտենսիվ զարգացմանը։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ