38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռոբոտների մրցույթ

Ռոբոտների մրցույթ
21.11.2014 | 12:00

Նոյեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Առաջնությունն անցկացվում է 2008 թվականից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր տեխնոլոգիաների նկատմամբ և ի հայտ բերել օժտված պատանիների և աղջիկների, ովքեր հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում: Այժմ հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ որոնցից 50-ը՝ մարզերում և Արցախում: Այսօր խմբակներում զբաղված է շուրջ 700 աշակերտ, որը խոսում է ծրագրի անհրաժեշտության և բովանդակային առավելությունների մասին:
2014թ. մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել շուրջ 20 թիմ, որոնցից եզրափակիչ փուլ անցան 13-ը: Մասնակիցների ստեղծած ռոբոտներն առաջադրանք ունեն հետևել գծին, տարբերակել իրը, բռնել այն, որոշել գույնը և հասցնել համապատասխան գույնի համար առանձնացված տիրույթ: Իրականում սա իրեր տարբերակող և գծին հետևող ռոբոտների համադրումն է:
Եզրափակչին մասնակցող թիմերից 10-ը ներկայացնում են դպրոցական ռոբոտաշինական խմբակները, որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն): Թիմերի մեծ մասը ներկայնում է դպրոցներին տրամադրված «Սայմոտեկ» ընկերության «ՍեՌոբ» ռոբոտ-կոնստրուկտորով, 2 թիմ՝ Lego NXT ռոբոտով, իսկ մյուսները նախընտրել են փորձարկել ինքնաշեն ռոբոտները կամ ստեղծել տարբեր տեսակի ռոբոտներից կառուցված հիբրիդային տարբերակ: Ռոբոտները ծրագրված են C++ կամ LabView ծրագրերով:
«Դպրոցական ռոբոտաշինական խմբակները մեր երկրի նորարարական հեռանկարի կարևորագույն քայլերից մեկն է, և մենք նախատեսում ենք մինչև 2018 թվականի վերջը ինժեներական խմբակներ հիմնել հանրապետության բոլոր 1400 դպրոցներում: Ծրագիրն արժանացել է ՀՀ վարչապետի բարձր գնահատականին»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մրցույթի հաղթող երեք թիմերը կարժանան դրամական մրցանակների:
«ԱրմՌոբոտիքս» ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների Միությունը:
Մրցույթի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերը՝ Վորլդ Վիժն Հայաստանը:

Դիտվել է՝ 2392

Մեկնաբանություններ