Մեկ ամսվա ընթացքում դոլարի համեմատ դրամն արժևորվել է մոտ տասը նիշով։ Եթե հունիսի առաջին տասնօրյակում դոլարի փոխարժեքը 378-379 դրամ էր, ապա հուլիսին, հատկապես այս վերջին օրերին, այն տատանվում է 367-369 դրամի սահմաններում։
Տասը տարի է, ինչ ԿԲ-ն հայտարարում է, որ տարադրամի փոխարժեքի ձևավորման հարցում լողացող քաղաքականություն է տարվում, և ԿԲ-ն չի կարող բարձրացնել կամ իջեցնել փոխարժեքը։ Սակայն արդյո՞ք դա այդպես է, արդյոք ԿԲ-ի իրականացրած գործողություններն արժույթի բորսայում չե՞ն նպաստում փոխարժեքի տատանումներին։ Նկատենք, որ ընթացիկ ամսվա սկզբին գլխավոր դրամատունը որոշ քանակությամբ տարադրամ դուրս բերեց շուկայից, իսկ ավելի ստույգ` 1 մլն 600 հազարից ավելի դոլար ԿԲ-ն ձեռք բերեց արժութային բորսայից։ Այս գործողությունը չէր կարող ազդեցություն չունենալ փոխարժեքի վրա։ Եվ, բնականաբար, դրա հետևանքով դրամը մի փոքր արժեզրկվեց, սակայն դա երկար չտևեց, քանի որ ԿԲ-ն դադարեց բորսայական գործարքներին մասնակցելուց, որից հետո ազգային դրամը կրկին արժևորվեց։ Հիշեցնենք, որ ԿԲ-ի նախագահն իր վերջին հայտարարություններից մեկում նշել էր, թե մտադիր են ավելի պահպանողական լինելու դրամի ուժեղացման հարցում։ Սա արդեն իսկ վկայում է, որ գլխավոր դրամատան գործողություններով է հաճախ պայմանավորված տարադրամի փոխարժեքի ձևավորումը։ Ակնհայտ է նաև, որ արժութային շուկայի առաջիկա զարգացումները պայմանավորված կլինեն ԿԲ-ի գործողություններով։
Ըստ արժույթի շուկային մոտ կանգնած աղբյուրի` գլխավոր դրամատունն առաջիկա երկու ամիսներին (մինչև սեպտեմբեր) չի պատրաստվում ավելի մեծ քանակությամբ տարադրամ դուրս բերել շուկայից։ Ի՞նչ է սա նշանակում։ Պետք է ենթադրել, որ Կենտրոնական բանկը դեռևս մտադիր չէ պայմաններ ստեղծել դրամի թուլացման համար։ Մասնագետների գնահատմամբ` դա պայմանավորված է նրանով, որ ԿԲ-ն որոշակի մտավախություն ունի գնաճի հետ կապված։ Ինչ խոսք, գուցե և այդ մտավախությունն արդարացված է։ Եթե, սեզոնայնությամբ պայմանավորված, այս պահին որոշ բնամթերքների գները շուկայում ավելի մատչելի են, այսինքն, ցածր են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը պայմանավորված է նաև այս տարի բերքատվության որոշակի բարձր ցուցանիշով, ապա դա չի նշանակում, որ գնաճի վտանգ չկա։ Ինչպես միշտ, այս տարի նույնպես «ճտերն աշնանը կհաշվենք», քանի որ գնաճը շատ ավելի զգալի է լինում աշնանը և հատկապես սրվում է ձմռանը։ Գուցե այն ավելի մեղմ լինի 2011-ի ձմռան և գարնան համեմատ, սակայն ասել, որ այն խիստ կնվազի, իրատեսական չէ։ Այն պարզ պատճառով, որ դա պայմանավորված է արտաքին ու ներքին տնտեսական ազդակներով։ Եթե խոսենք արտաքին ազդեցություններից, ապա գաղտնիք չէ, որ գլոբալ ճգնաժամը տարածվում է եվրոպական երկրներում, ինչը նշանակում է, որ ճգնաժամի ներթափանցումը Հայաստան բացառված չէ։ Ինչ վերաբերում է տեղական գործընթացներին, ապա այստեղ գործոնները կարող են լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ։ Ի դեպ, սուբյեկտիվ պատճառները հաճախ ամենատխուր ազդեցությունն են ունենում գնաճի վրա։ Օրինակ, հացահատիկի միջազգային շուկայում ցորենի գինը նվազել է 20 տոկոսով, սակայն Հայաստանում հացի գինը չի իջել և դժվար էլ իջնի։ Որպես կանոն, հայաստանյան ապրանքների շուկան համարժեք է գործում միայն միջազգային շուկայում գների բարձրացմանը և չի արձագանքում նվազման պարագայում։ Ինչևէ, սա նշանակում է, որ եթե անգամ հացի գինը չբարձրանա, միևնույն է, այն այսօր էլ էժան չէ, ինչն արդեն գնաճի տեղիք է տալիս։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ