Չնայած երկրի էներգետիկ համակարգի բարձր մրցունակության մակարդակին, Հայաստանում առկա են հիշյալ ոլորտի զարգացման գրեթե անսահմանափակ հնարավորություններ: Դրանք առնչվում են ինչպես ավանդաբար օգտագործվող, այնպես էլ մի շարք նոր` վերականգնվող և այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրներին:
Հայաստանի անկախացումից ի վեր բազմաթիվ փորձեր են արվել` հաշվի առնելու էներգետիկայի բնագավառում կուտակված ուսանելի փորձն ու քայլեր ձեռնարկվել այն տեղայնացնելու ուղղությամբ: Մասնավորապես, նավթի, նավթամթերքների, գազի և ավանդական հանածո վառելիքի այրման հետագա անընդհատ աճը լուրջ խնդիրներ է ստեղծում, ինչը պայմանավորված է ոչ միայն դրանց պաշարների սահմանափակությամբ, այլև վերջին շրջանում առավել սուր դրսևորված շրջակա միջավայրի աղտոտվածությամբ: Մեծ քանակությամբ օրգանական վառելիքի այրումը վիթխարի քանակությամբ թունավոր նյութեր է արտանետում մթնոլորտ և բնության մեջ առաջացնում անշրջելի երևույթներ, որոնք խաթարում են Երկրի վրա բնական պրոցեսները և նպաստում մարդկության առողջության վատթարացմանը: Աշխարհում ավանդական էներգետիկ պաշարների սահմանափակությունն ու բնապահպանական հիմնախնդիրները մարդկությանը ստիպել են գտնել էներգիայի անվտանգ և վերականգնվող աղբյուրներ: Այսպիսի էներգիայի աղբյուրներ են, մասնավորապես, արևի և քամու էներգիաները, կենսաէներգիան, երկրի ընդերքի, ծովերի և օվկիանոսների մակընթացության ու ալիքների էներգիաները և այլն: Ներկայումս նշված այլընտրանքային էներգիայի աղբյուրներից ամենատարածվածը արևայինն է։ Արեգակնային էներգիայի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այդ էներգիան ձևափոխվում է ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային և քիմիական էներգիաների: Փորձագիտական գնահատականները վկայում են, որ եթե էներգետիկ կարիքների համար հնարավոր լիներ օգտագործել Երկրի մակերևույթին ընկնող արևային էներգիայի ընդամենը 1 %-ը, ապա այն կլուծեր էներգետիկայի բոլոր այն պրոբլեմները, որոնք անհրաժեշտ են մարդկության կայուն զարգացման համար:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արևային էներգետիկայի տարածման գործում շոշափելի աշխատանքներ են կատարել ակադեմիկոս Պ. Հերունին, պրոֆեսոր Վ. Համազասպյանը, պրոֆեսոր Ժ. Փանոսյանը և այլք, արեգակնային էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող, հիմնականում` 2,5 կՎտ հզորությամբ կոլեկտորներ և այլ սարքեր են տեղադրվել ՀՀ-ում և ԼՂՀ-ում, արեգակնային էներգիայի օգտագործման տեսակարար կշիռը երկրի էներգետիկ հաշվեկշռում մնում է աննշան: Փոխարենը լայն թափ է ստանում հողմային էլեկտրակայանների գործունեությունը ոչ միայն Պուշկինի լեռնանցքում, այլև հողմակայանների համար բարենպաստ դիրք ունեցող հանրապետության այլ բնակավայրերում:
Հայաստանի էլեկտրակայանների հզորություններն ավելի երկար ժամանակահատվածում, ներառյալ հողմային կայանները, ներկայացված են հետևյալ աղյուսակում.
Աղյուսակ 1. Էլեկտրակայանների հզորությունը, 1000 կՎտ
ՀԷԿ-երի մեջ ներառված են նաև փոքր ՀԷԿ-երը, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ավանդաբար կազմել է ընդհանուր արտադրանքի 5 տոկոսը, սակայն վերջին տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող լայնածավալ ծրագրերի իրականացման արդյունքում փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը հակում ունի կրկնապատկվելու:
Մենք ուսումնասիրել ենք նաև ընդհանուր հաշվեկշռում էլեկտրաէներգիայի արտադրության ավանդական և ոչ ավանդական աղբյուրների տեսակարար կշիռների փոփոխությունները: Այս առնչությամբ նկատելի են հատկապես վերջին տարիներին հողմային և արեգակնային էներգիայի օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: Տարբեր աղբյուրների բաժինները էներգետիկ հաշվեկշռում պատկերված են հետևյալ աղյուսակում.
Աղյուսակ 2. Էլեկտրաէներգիայի արտադրություն, մլն կՎտժ
Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգության ցուցանիշներին, ապա ներկայումս գոյություն ունեն տարբեր ցուցիչներ, որոնք մշակվել են միջազգային կառույցների կողմից և միտում ունեն ապահովելու ոլորտի կայուն և անխափան աշխատանքը: Դրանցից հարկ է առանձնացնել սոցիալական ցուցիչների խումբը, որը ներառում է սոցիալական արդարությունը կազմող այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հասանելիությունը, մատչելիությունը և անհավասարությունը և առողջության անվտանգության ապահովումը: Տնտեսական ցուցիչներից կարևորվում են օգտագործման և արտադրության ձևերը, ներառյալ ամբողջական օգտագործումը, ընդհանուր արտադրողականությունը, մատակարարման արդյունավետությունը, բուն արտադրության գործընթացն ու վերջնական օգտագործումը, ինչպես նաև վառելիքի դիվերսիֆիկացիան կամ համակցությունը, գները, ներմուծումների ծավալը և վառելիքի ռազմավարական պաշարները: Հարկ է հիշատակել, որ գոյություն ունեն նաև էներգետիկ անվտանգության բնապահպանական այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, օդի, ջրի, հողի որակը, անտառները, պինդ թափոնների վերամշակումն ու կառավարումը և այլն:
Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Դրանցից են տեղական հանածո վառելիքային պաշարների բացակայությունը, էներգետիկ հզորության զգալի մասի կախվածությունը մեկ երկրից կատարվող մատակարարումներից և տրանսպորտային համակարգի սահմանափակ հնարավորություններից: Տնտեսական բարեփոխումների փուլում դրանց ավելացան նաև վառելիքի և էներգիայի մատակարարումների նկատմամբ պարտքի չվճարումը, հսկայական էներգետիկ կորուստները` անարդյունավետ սպառման և չարաշահումների պարագայում, ինչպես նաև էներգետիկ բնագավառի կառուցվածքի և գործունեության համապատասխանեցման անհրաժեշտությունը շուկայական տնտեսության ներդրմամբ պայմանավորված պահանջներին:
Էներգետիկայի բնագավառում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել երկրի էներգետիկ անկախության ու էներգահամակարգի անվտանգության ապահովմանը, որի հիմնական խնդիրներն էին մասնավորեցմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության բարելավումը: Միաժամանակ, բարեփոխումների շարունակությունը և արտաքին հարաբերությունների ընդլայնումն ու խորացումն անհրաժեշտ է ներդաշնակել էներգահամակարգի աշխատանքի անվտանգության և հուսալիության պահպանման հետ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր