38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
01.07.2011 | 00:00

Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ ներկայումս Հայաստանն էներգետիկայի ոլորտում շարունակում է պահպանել մրցունակության բարձր մակարդակը: Ավելին, տասնամյակների ընթացքում կատարելագործվել է Հայաստանի էներգետիկ համակարգն ինչպես տեխնիկական, այնպես էլ բարձրակարգ մասնագետների, նրանց կատարած և ներդրած նորամուծությունների, գիտատեխնիկական ձեռքբերումների առումով: Հայաստանը, հանդիսանալով էլեկտրաէներգիայի արտադրության առումով ինքնաբավ երկիր, պետք է շարունակի հզորացնել էներգետիկ ներուժը, որը ոչ միայն տնտեսական, այլև արտաքին քաղաքական կարևորագույն նշանակություն ունի: Ընդ որում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն Մեծամորի ատոմակայանի, ջերմաէլեկտրակայանների ու հիդրոկայանների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, այլև աստիճանաբար մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների շահագործումը և փորձարարական, նեղ շրջանակներից անցում կատարել դրանց համակարգված հայեցակարգերի մշակմանն ու կիրառմանը:
Երկրի էներգետիկ հաշվեկշռում տեսանելի հեռանկարում այլընտրանքային աղբյուրների տեսակարար կշռի մասին պատկերացում կազմելու համար նախ և առաջ անհրաժեշտ է գնահատել հանրապետությունում գործող բոլոր կայանների հզորությունները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող կայանների հզորությունները ներկայացված են ստորև բերված աղյուսակում:
Աղյուսակ 1. Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող կայանների հզորությունները 2009-2010 թվականներին
Կայանների Չափման 2009 թ. 2010 թ. 2010/2009 թթ.
անվանումները միավորը համեմատական
ՀԱԷԿ մլրդ. կՎտժ 2,403 2,716 +0,313
% 39,9 43,0 +11,5
ՋԷԿ-եր մլրդ. կՎտժ 1,613 1,827 +0,214
% 26,7 28,9 +11,7
ՀԷԿ-եր մլրդ. կՎտժ 2,013 1,773 -0,240
% 33,4 28,1 -13,5
Ընդամենը մլրդ. կՎտ 6,029 6,316 +0,287
% 100 100 +4,5
ԵՄ երկրների և Հայաստանի էներգետիկայի կառավարման համակարգերի, էներգետիկայի բնագավառում օգտագործվող հիմնական վիճակագրական ցուցանիշների և դրանց հաշվարկների մեթոդաբանության, օրենքների և ստանդարտների, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության գծով կիրառվող մոտեցումների ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ տեղական աղբյուրներից որևէ տեղեկատվություն չի ստացվել, քանի որ վիճակագրության ազգային ծառայության կողմից նման աշխատանքներ չեն կատարվում սկսած 1990 թվականից, ինչը թույլ չի տալիս կազմել երկրի ընդհանուր էներգետիկ բալանսը: Միաժամանակ նշենք, որ էներգահամակարգի ընկերությունները էներգիայի մուտքի և ելքի համար բալանսը կազմում են հաշվիչների ցուցմունքի համաձայն:
Ներկայումս ԱՎԾ հրապարակած տվյալները թույլ են տալիս պատկերացում կազմել վերջին տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության, ներմուծման, արտահանման և կորուստների վերաբերյալ, ինչը կարելի է դասակարգել ըստ տնտեսության ճյուղերի:
Աղյուսակ 2. Էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը մլն կՎտժամ
2006 2007 2008 2009 2010
Արտադրվել է 6317 5941 5898 6114 5671
Ներմուծվել է 338 355 419 343 291
Օգտագործվել է 5503 5542 5865 6098 5627
Այդ թվում
Արդյունաբերություն 1394 1378 1535 1506 1304
Գյուղատնտեսություն 229 227 181 223 124
Տրանսպորտ 113 115 123 120 119
Բնակչության կողմից 1498 1615 1665 1779 1682
Այլ ճյուղերում 1491 1615 1665 1779 1682
Կորուստները 779 675 775 860 843
Արտահանվել է 1151 754 451 360 336
Ինչ վերաբերում է Հայաստանի և «Արևելյան գործընկերության» մասնակիցների, ԵՄ երկրների միջև էներգակիրների, էլեկտրաէներգիայի և դրանց համար անհրաժեշտ տեխնոլոգիաների առևտրի հեռանկարներին, էներգետիկ նախագծերի վարկավորման հնարավորություններին և էներգետիկայի բնագավառի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման խնդիրներին, ապա կարելի է նշել հետևյալը. ներկայումս շահագործվում է Իրան-Հայաստան գազամուղը, նախագծման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան նոր 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գիծը, աշխատանքներ են տարվում ԻԻՀ-ի հետ նոր հիդրոկայանների կառուցման համար և այլն:
Հետազոտության արդյունքներն ամփոփելիս անհրաժեշտություն կառաջանա առանձնացնելու այն ուղղությունները, որոնք առավել իրատեսական կլինեն «Արևելյան գործընկերության» և ԵՄ երկրների միջև համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման տեսանկյունից:
Բացի վերը նշված հիմնահարցերից, առանձնապես կարևորվում են նաև էներգետիկ անվտանգության խնդիրների ուսումնասիրությունները: Մասնավորապես, Հայաստանի էներգետիկ անվտանգության սպառնալիքներից կարևոր է առանձնացնել տնտեսական կամ քաղաքական այն իրադարձությունները, որոնք ապակայունացնում են էներգետիկ համակարգի աշխատանքը, սահմանափակում կամ խափանում էներգամատակարարումը, հանգեցնում վթարների և էներգետիկայի, տնտեսության և հասարակության համար այլ բացասական հետևանքների: Հայաստանում նման իրավիճակներ ստեղծվեցին հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո «Կանաչների շարժման» արդյունքում Մեծամորի ատոմակայանի աշխատանքների դադարեցման պատճառով: Էներգետիկ անվտանգությունը բնութագրող սպառնալիքները լինում են` տնտեսական, սոցիալ-քաղաքական, արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական, տեխնածին և բնածին, ինչպես նաև կառավարման արդյունավետության հետ կապված սպառնալիքներ: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի համար առավել կարևոր նշանակություն ունեն էներգետիկայի զարգացման, բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ներդրումային ռեսուրսների պակասուրդը, տարածաշրջանում տնտեսական որոշ կապերի խզումը, վառելիքային և նյութական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, ինչպես նաև դրանց բարձր գներն ու վառելիքային և էներգետիկ ռեսուրսների մատակարարման մենաշնորհացման աստիճանը: Միաժամանակ, կարևոր է հաշվի առնել ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակությամբ պայմանավորված տեխնիկական սահմանափակվածությունը, վառելիքաէներգետիկ ռեսուրսների արտադրության և սպառման անհավասարակշռությունը, էներգետիկ հզորությունների պակասուրդը և ցանցերի ոչ բավարար թողունակությունը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2510

Մեկնաբանություններ