38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԱԿՏԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼ»

«ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԱԿՏԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼ»
22.10.2010 | 00:00

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որի դրույթներով Հայաստանն ապրելու է հաջորդ տարի, արդեն ներկայացված է Ազգային ժողով:
Ինչպիսի՞ն է 2011 թվականի բյուջեն, ի՞նչ հիմնական դրույթներ ունի, մակրոտնտեսական ինչպիսի՞ ցուցանիշներ են դրված դրա հիմքում. այս հարցերի շուրջ «Իրատես de facto»-ին իր դիտարկումները փոխանցեց ՀՀ ֆինանսների նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ:

2011-ի բյուջեի նախագծով ակնկալվում է 4,6 տոկոս ՀՆԱ-ի աճ: Բյուջեի ծախսերը կազմելու են 998 մլրդ, եկամուտները` 850 մլրդ դրամ, ծրագրավորված է հետևողականորեն պակասեցնել նախանշված 148 մլրդ դրամի բյուջեի պակասուրդը:
Ֆինանսիստները 2011-ը համարում են ֆինանսական կայունության տարի. նման սպասումները թույլ են տալիս լավատեսական գնահատականներ տալ։ «Ես դա կանվանեի իրատեսական լավատեսություն,- ասաց նախարարը,- որովհետև ծանր ճգնաժամից հետո, որը, ըստ էության, արդեն հաղթահարվել է, երկրի տնտեսությունը մտել է ակտիվ վերականգնման փուլ: 2011-ին արդեն նոմինալ արժեքային ցուցանիշներով կվերականգնենք մինչև ճգնաժամն ընկած հատվածի ՀՆԱ-ի ծավալները: Պլանավորում էինք անգամ այս տարեվերջին վերականգնել, սակայն բնակլիմայական խնդիրների հետ կապված գյուղոլորտի անկումը փոքր-ինչ հետաձգեց այն»:
Փաստորեն, կառավարության սպասումները, նախորդ տարվա համեմատ, կտրուկ փոխվել են։ Եթե ընդամենը մեկ տարի առաջ խոսում էինք «գոտիները ձգելու» քաղաքականության մասին, երբ գործադիրը չգնաց ծախսերի պարտադրված կրճատման կամ, ֆինանսական լեզվով ասած, սեկվեստրի, դժվարությամբ, բայց պահպանեց սոցիալական բոլոր ծախսերը` փոխարենը սեղմելով գերատեսչական ծախսերը, ապա այժմ իրավիճակը փոխվել է, հաջորդ տարվա ֆինանսական փաստաթղթի բովանդակային մասը` նույնպես:
«ՀՆԱ-ի անվանական չափով կվերականգնենք տնտեսությունը և նույնիսկ ավելի մեծ ծավալ կունենանք, իսկ իրական ծավալի վերականգնումը կտևի ավելի երկար: Այս տարվա արդյունքներով սպասում ենք այդ ծավալի վերականգնում 3,6 տոկոսի շրջանակներում: Եկող տարի ևս նախատեսել ենք ՀՆԱ-ի լրացուցիչ աճ` 4,6 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ կլինի ևս 1-2 տարի, որպեսզի կարողանանք ամբողջությամբ վերականգնել տնտեսությունը»,- նշեց ֆինանսների նախարարը:
Իսկ ճգնաժամը, իրոք, դասեր տվեց։ Ըստ Տիգրան Դավթյանի` ճգնաժամի պայմաններում նոր զարգացումներ եղան, որոնք էականորեն փոխեցին տնտեսության կառուցվածքը: Հայաստանում, օրինակ, կտրուկ նվազեց ՀՆԱ-ում շինարարության ծավալը, այս տարի նաև գյուղատնտեսության ծավալը, դրան հակառակ աճեցին և շարունակում են աճել արդյունաբերության, ծառայությունների և արտահանման ծավալները:
Նախարարի հավաստմամբ` դրանք դրական միտումներ են. «Միշտ համարել, համարում և համարելու ենք, որ Հայաստանն արդյունաբերական երկիր է: Ցավում էինք, որ արդյունաբերության տեմպերը դանդաղել են վերջին տարիներին, բայց այս տարվա դինամիկան արդյունաբերությունում երկնիշ աճ է ցույց տալիս, և դա խորհրդանշական է: Տնտեսության կառուցվածքը դառնում է համեմատաբար դիվերսիֆիկացված»:
Հաջորդ տարի կառավարությունը տնտեսական աճ է սպասում արդյունաբերության բոլոր ճյուղերում: Ճգնաժամը հարվածեց տնտեսությանը, սակայն վերաիմաստավորեց-վերակառուցեց այն. մեկ-երկու զարգացող ոլորտների փոխարեն այժմ հայաստանյան տնտեսությունը բազմաճյուղ մոդել ունի:
2011-ի պետական բյուջեում կրկին մեծ շեշտադրում ունի սոցիալական ոլորտը, որին նախատեսված է հատկացնել 272 միլիարդ դրամ` 27 միլիարդով ավելի, քան ընթացիկ տարում: «Միայն 265 մլրդ դրամ սոցիալական ապահովվածության ծախսեր ենք կատարելու, սա ավելի է բյուջեի ծախսային հատվածի 25 տոկոսից, եկամտային հատվածի 1/3-ն է կազմում, այսինքն` մեր եկամուտների 1/3-ն ուղղում ենք դրան։ Եթե կրթության ու առողջապահության ծախսերն էլ ներառենք, կտեսնենք, որ սա մեր բյուջեի ծախսային մասի կեսն է»,- մանրամասնեց երկրի գլխավոր ֆինանսիստը։
Հավելենք, որ միայն կենսաթոշակների գծով այդ ծավալը բյուջեում կազմում է 200 միլիարդ դրամ` բյուջեի 20 տոկոսից ավելին:
Անցյալ տարվա համեմատ նախատեսված է 63 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտների հավաքագրում, որի առյուծի բաժինը կառավարությունը կրկին ուղղելու է սոցիալական ու մշակութային ոլորտներ` հաշվի առնելով մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ու դեռ այս տարվա նոյեմբերից թոշակների ու նպաստների համապատասխանաբար 12 և 15 տոկոսով ավելացման հանգամանքները:
«Իհարկե, ընդունում ենք, որ միշտ անբավարարվածություն կա այդ ոլորտի հատկացումների մակարդակի ու չափերի հետ կապված, ինչն աշխարհի գրեթե բոլոր երկրներում է առկա: Հազիվ գտնեք մի երկիր, որտեղ թե՛ բնակչությունը, թե՛ կառավարությունը բավարարված լինեն սոցիալական հատկացումների ծավալներով, բայց մենք անում ենք այն, ինչ հնարավորություն են տալիս մեր եկամուտները»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ծանրակշիռ մաս են ապահովում նաև պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք կավելացվեն 4,5 մլրդ դրամով ու կհասնեն 140 մլրդի:
3,2 մլրդ դրամով կավելանան կրթության ոլորտի հատկացումները` կազմելով 108 մլրդ դրամ. ընդ որում, կշարունակվի կապիտալ ծրագրերի իրականացումը, առանձին տողով գումար է հատկացվում ավագ դպրոցների կառուցմանը` 1,2 մլրդ դրամ, և գիտությանը` 1 մլրդ դրամ: 1 մլրդ 680 մլն դրամ էլ կառավարությունը 2011-ին նախատեսել է ավանդների վերադարձման համար և դա, Տիգրան Դավթյանի գնահատմամբ, ավելին է, քան մինչ ճգնաժամը:
2011-ին բյուջեի միջոցներով երկու անգամ ավելի շատ ճանապարհ կկառուցվի, քան այս տարի (3,7 մլրդ կառավարությունն առանձնացրել է այս նպատակի համար), 27 մլրդ դրամ կհատկացվի աղետի գոտու շարունակական շինարարությանը:
Կառավարության քաղաքականությունը բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման մասով այսպիսին է. թե՛ այս, թե՛ հաջորդ տարի նախատեսված է այն հասցնել ընդունելի մակարդակի։ Տիգրան Դավթյանը կարևորեց, որ դա կատարվում է հատկապես ներքին ռեսուրսների հաշվին. «Մենք այն ժամանակ էլ ասացինք, որ ճգնաժամի ավարտից հետո լուրջ ջանքեր պետք է գործադրենք` ծավալը հետզհետե նվազեցնելով։ 2010-ին նախատեսել էինք 7,5-ից իջեցնել մինչև 6 տոկոս, այս տարի երևի կգերակատարենք այդ ծավալը, քանի որ կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում թե՛ լրացուցիչ եկամուտների հավաքագրման, թե՛ ծախսերի նվազեցման ուղղությամբ»:
Ներքին աղբյուրներից ֆինանսավորումը կգերազանցի արտաքինը` 30 մլրդ դրամ կստացվի պետական պարտատոմսերից, 27 մլրդ դրամ` կայունացման հիմնադրամից և այլն: Արտաքին աղբյուրներից կստացվեն արդեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված միջոցներ, և լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն չի լինելու:
Ըստ նախարարի` արտաքին պարտքի ընդհանուր մակարդակն այս տարի կկազմի բյուջեի 42-44 տոկոսը, որը չի հասնում մտահոգիչ 50 տոկոսի սահմանին: Նա հույս հայտնեց, որ ավելի զգույշ կլինեն` նոր պարտքեր չունենալու համար: Հիմնական մարտահրավերը, այդուհանդերձ, մնում է գնաճի մակարդակը։ Տիգրան Դավթյանը հավաստիացրեց, որ մինչև տարեվերջ կհաջողվի զսպել գնաճն ու արձանագրել նախատեսված վերին շեմին` 5,5 տոկոսին մոտ ցուցանիշ:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2608

Մեկնաբանություններ