38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

2016-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉ

2016-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉ
01.10.2010 | 00:00

Սեպտեմբերի 29-ին «Իրատես de facto» ակումբի հյուրը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում գիտպետկոմի նախագահը ներկայացրեց վերջին շրջանում գիտության ոլորտում իրականացված կարևորագույն ծրագրերը։ Հիմնական շեշտը դրվեց «Քենդլ» կոչվող նոր արագացուցչի ստեղծման ծրագրի վրա։ «Քենդլի» մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2002-ին։ Ծրագիրը փորձաքննություն անցավ մի շարք կարևոր կառույցներում, մասնավորապես 2003-ին՝ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունում և ճանաչվեց տարվա լավագույն նախագծերից մեկը։ «Քենդլի» հետագա ճանապարհը բավականին ծանր էր. բնականաբար, կային և՛ համակիրներ, և՛ ընդդիմախոսներ։ Այնուամենայնիվ, ծրագրին նոր շունչ տրվեց, և 2009-ին նոր արագացուցիչը կառավարությունը հայտարարեց մեր գիտական գերակայություններից մեկը։
Ծրագրի իրականացման համար միջոցների 25 տոկոսը տրամադրելու է Հայաստանի Հանրապետությունը։ Այն լինելու է միջազգային կարգավիճակ ունեցող կառույց, և աշխարհի բոլոր երկրներին առաջարկվել է աջակցել և մասնակցել ծրագրի իրականացմանը։ Այս ընթացքում բանակցություններ են եղել Ֆրանսիայում։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել վարչապետների և նախագահների մակարդակում քննարկել հարցը։ «Հույս ունենք, որ Ֆրանսիան կդառնա այս ծրագրի իրականացնողներից մեկը։ Ֆրանսիայի միջուկային էներգետիկայի հանձնաժողովի նախագահի հետ քննարկումների արդյունքում հայտարարվեց, որ խնդիրը համապատասխան քաղաքական լուծում ստանալու պարագայում Ֆրանսիայի մասնակցության չափաբաժինը կլինի նվազագույնը 10 տոկոս»,- նշեց գիտության պետական կոմիտեի նախագահը։ Ս. Հարությունյանը կարծում է, որ մինչև արագացուցչի շինարարության ավարտը հիմնական փաթեթը՝ 50-51 տոկոս, կլինի Հայաստանի ձեռքում՝ նկատի ունենալով, որ հողը և ինտելեկտուալ ներուժը, որ մեր երկիրը ներդնելու է ծրագրում, նույնպես արժեք ունեն։ Նշենք, որ «Քենդլ» ծրագրի ընդհանուր գումարը կազմելու է նվազագույնը 58 միլիոն եվրո։
«Քենդլի» առաջին 5 կայանի կառուցման պայմաններում կբացվի մոտ 150 աշխատատեղ, հետագայում կայանների թվի ավելացման դեպքում աշխատողների թիվը կարող է հասնել 700-ի։
Ս. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում կան արագացուցչային ֆիզիկայի բարձրակարգ մասնագետներ. «Հայաստանում առաջին արագացուցիչը կառուցվել է 1960-ական թվականներին. այն ժամանակ մեր երկրում ընդամենը մի քանի ֆիզիկոս կար։ Եվ եթե 60-ականներին արագացուցիչ կառուցվեց և հետագայում հաջողությամբ աշխատեց ու ֆիզիկոսների նոր սերունդներ տվեց գիտությանը, ապա այժմ առավել լավ պայմաններում ենք գտնվում, քանի որ ունենք արագացուցչային ֆիզիկայի բարձրակարգ մասնագետներ։ Բացի սեփական կադրերից, կա նաև արտասահմանում կադրեր պատրաստելու հնարավորություն։ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի հետ բանակցություններ են տարվել, և այս երկրները պատրաստակամություն են հայտնել մեծ թվով երիտասարդների ընդունել Հայաստանից և վերապատրաստել»։
Ծրագիրը ներկայացվել է նաև Ռուսաստանում։ Սեպտեմբերի 14-15-ին գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները եղել են Կուրչատովի անվան ազգային լաբորատորիայում։ ՌԴ-ն նույնպես հետաքրքրված է ծրագրով։ Ամենայն հավանականությամբ, երկու երկրների վարչապետների մասնակցությամբ շուտով կլինեն բանակցություններ Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Հաջորդ քայլը կլինի Գերմանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և Չինաստանում «Քենդլի» ներկայացումը։ Այցելություններ կլինեն նաև հարևան երկրներ, որոնք ապագայում արագացուցչի պոտենցիալ օգտագործողներն են։
Ի՞նչ է այս սարքը, ի՞նչ է տալու մեզ, և ինչո՞ւ է այսքան մեծ ուշադրություն դարձվում այս ծրագրին։ «Ժամանակակից գիտության մեջ արագացուցչային տեխնիկայի օգտագործումը լայն հնարավորություններ է բացում բնական մի շարք գիտությունների բուռն զարգացման համար։ Սա սարք է, որ տալիս է մաքուր ճառագայթներ՝ սկսած ռենտգենյան տիրույթից մինչև ինֆրակարմիր տիրույթը, և մեծ հորիզոններ է բացում նյութագիտության, կառուցվածքային կենսաբանության, քիմիայի զարգացման համար։ Շատ երկրներում սինխրոտրոնային արագացուցիչների հիման վրա աշխատում են համակարգչային չիպեր արտադրող գործարաններ։ Սինխրոտրոնային տոմոգրաֆների օգտագործմամբ հիվանդանոցներ են աշխատում, որոնք ուռուցքային հիվանդությունների նախնական ախտորոշման լավագույն մեթոդներն են համարվում։ Այս սարքը զարկ կտա տնտեսության ու գիտության մի շարք ճյուղերի զարգացմանը։ Սա ոչ միայն էական է գիտությանն ու տնտեսությանը նպաստելու տեսակետից, այլև քաղաքական կարևոր խնդիր է։ Շրջափակման մեջ գտնվող Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է տարածաշրջանում լինել գիտության առաջատար երկիր։ Սա մեգածրագիր է, որը գիտության ոլորտում հանգեցնելու է հսկայական բարեփոխումների։ Գիտության բնագավառում բարեփոխումներ իրականացնելու երկու ճանապարհ կա. դրանցից մեկը թեթև ռեֆորմներ իրականացնելն է, որը, սակայն, մեծ գումարներ է պահանջում և հաճախ բերում է փակուղիների։
Երկրորդ ճանապարհը մեգածրագրերի միջոցով առաջընթացի ապահովումն է։ Այդ մեգածրագրերն իրենց հետևից տանում են երկրի գիտությունն ու կրթությունը։ ՀՀ կառավարությունն ընտրել է մեգածրագրերի տարբերակը, և «Քենդլն» այս տեսակետից բացառիկ է»։
Աշխարհում ընդամենը 9-10 երկիր ունի և՛ արագացուցիչ, և՛ ատոմակայան։ Հայաստանը, փաստորեն, դառնում է շատ սահմանափակ երկրների ակումբի անդամ։ Սովորաբար նման պետությունների հետ հաշվի են նստում, և Հայաստանի վարկանիշն այս ծրագրով բավականին կբարձրանա։ Ըստ Ս. Հարությունյանի՝ գիտական համագործակցությունը նաև քաղաքական լարվածության թուլացման լավագույն ձևն է։ Բացի այդ, սա սփյուռքի հետ աշխատանքի լայն հնարավորություններ է բացում։ Բանն այն է, որ սփյուռքում ունենք ճանաչված մեծաթիվ գիտնականներ, ովքեր հաճույքով իրենց գիտական նկրտումները կարող են բավարարել մեր երկրում։
Հայաստանում հետախուզվել է մի քանի տարածք, և «Քենդլը», ամենայն հավանականությամբ, կկառուցվի Աբովյանի տարածաշրջանի Մայակովսկու մայրուղուն հարող 30 հա տարածքում։ Բարեհաջող ընթացքի դեպքում շինարարությունը կսկսվի 2012 թ. և կավարտվի 2016-ին։ Գիտպետկոմի նախագահը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ ռիսկ «Քենդլը» չի պարունակում։ Այն երկրները, որոնք ունեն արագացուցիչներ, բնապահպանական որևէ խնդիր չեն ունեցել։
Նշենք, որ Հայաստանից 2000 կմ շառավղով նման արագացուցիչներ չկան։ Հայաստանին ամենամոտ արագացուցիչը Կուրչատովի ինստիտուտի սինխրոտրոնային ճառագայթման արագացուցիչն է, որը, սակայն, երկրորդ սերնդի սարք է, «Քենդլը» երրորդ սերնդին է պատկանում և իր տեխնիկական հնարավորություններով շատ ավելի հզոր է։ Ստեղծվել է նաև «Քենդլի» համակարգող խորհուրդ, որի նախագահը ՀՀ վարչապետն է։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ