Էներգետիկայի մասին խոսելիս սովորաբար վիճակագրական տվյալներ են բերվում Մեծամորի ատոմակայանի, ջերմաէլեկտրակայանների, մեծ հէկերի, լավագույն դեպքում` վերջին տարիներին հատուկ ուշադրության արժանացած փոքր հէկերի հզորությունների, դրանց թողարկած էլեկտրաէներգիայի քանակի, երկրի ընդհանուր հաշվեկշռում ունեցած տեսակարար կշիռների մասին: Մինչդեռ վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունը, վերականգնվող էներգետիկան ընդհանրապես, վերացական հասկացություններ չեն: Զգալի դժվարություններով, այնուամենայնիվ, վերականգնվող էներգետիկան հարթում է իր ճանապարհը:
Կարևոր է նկատել, որ Հայաստանում անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել և գնահատել ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային, վերականգնվող էներգիայի աղբյուրների պաշարները: Միայն հողմաէներգետիկայի ասպարեզում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ հանրապետությունում գոյություն ունեն ոլորտի զարգացման զգալի կարողություն և ներուժ:
Պաշարագիտական նման հետազոտություններ իրականացվում են նաև արեգակնային էներգիայի փոխակերպման, երկրի ընդերքի` գեոթերմալ էներգիայի և այլ ասպարեզներում, հիմնականում առանձին փորձագետների կամ մասնավոր ընկերությունների կողմից: Այսուհանդերձ, մեր համոզմամբ, կառավարությանն անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել վերականգնվող էներգետիկայի նկատմամբ, այն դիտարկելով ոչ թե մասնավոր ձեռնարկատիրության գործունեության ուղղություններից մեկը, այլ երկրի համար գերակա նշանակություն ունեցող ոլորտ:
Ընդհանուր առմամբ, մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ թեև հանրապետության էներգետիկ համակարգն ունի մրցունակության բարձր մակարդակ, այնուամենայնիվ, Հայաստանն ինքնաբավ է էլեկտրաէներգիայի պահանջների բավարարման առումով` օգտագործելով իր էներգետիկ ռեսուրսների ընդամենը մեկ երրորդը: Դա նշանակում է, որ Հայաստանը համարվում է էլեկտրաէներգիա արտադրող և արտահանող երկիր և տարածաշրջանում իր հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ արտաքին քաղաքական հարաբերությունների բարելավման դեպքում կարող է առնվազն եռապատկել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները (Թուրքիայի հետ տարեկան չորս և կես մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագիր է կնքվել): Եթե այս ամենին ավելացնենք էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորությունները, վստահորեն կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի արտադրության ներկայիս ծավալները հնարավոր է ավելի քան քառապատկել: Ի դեպ, վերջին հինգ տարիներին փոքր հէկերի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալների ավելացումը թույլ է տվել եռապատկել դրանց տեսակարար կշիռը երկրի էներգետիկ հաշվեկշռում:
Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ երկրի էներգետիկ համակարգը տեխնիկական զինվածության և տեխնոլոգիաների օգտագործման, անվտանգության և այլ տեսանկյուններից հիմնականում բավարարում է ԵՄ պահանջները: Միաժամանակ զգալիորեն բարելավվել են էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ էներգախնայողության ասպարեզում իրականացված ծրագրերը շոշափելի արդյունքներ են տվել, հատկապես բաշխիչ ցանցերի մասնավորեցումից հետո: Կարևոր դեր է խաղում նաև սոցիալ-տնտեսական և քաղաքական կայունության գործոնը: Այս ամենն էական նշանակություն է ձեռք բերում երկու տարի առաջ մեկնարկած «Արևելյան գործընկերության» ծրագրում Հայաստանի մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելու առումով:
Միաժամանակ հարկ է արձանագրել, որ դեռևս էականորեն չի նվազել էներգակիրների` արտաքին աղբյուրներից կախվածության աստիճանը, իսկ էլեկտրաէներգիա արտադրող կայանները հիմնականում գործում են միջուկային վառելիքի, գազի և հիդրոռեսուրսների հիման վրա: Էներգետիկ հաշվեկշռում էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե կեսը բաժին է ընկնում Մեծամորի ատոմակայանին, որի գործունեության ժամկետը սպառվում է չորս տարի հետո, իսկ մյուս կեսը բաժին է ընկնում ջէկերին, փոքր ու մեծ հէկերին, արեգակնային և քամու էներգիան էլեկտրականի փոխակերպող կայաններին։ Ընդսմին, էլեկտրաէներգիայի արտադրության վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը մնում է խիստ ցածր մակարդակի վրա: Չնայած գոյություն ունեցող հսկայական պոտենցիալին, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը վերջին տարիներին կենտրոնացած է կառավարության և միջազգային կառույցների կողմից խթանվող փոքր հէկերի զարգացման վրա:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը զգալի ֆինանսավորում է պահանջում, իսկ որոշ երկրների փորձը վկայում է, որ երկրի տնտեսական անբարենպաստ պայմաններում այն կարող է վտանգված լինել (Բուլղարիան, օրինակ, սկսելով նոր ատոմակայանի շինարարական աշխատանքները, մի քանի տարի հետո ստիպված եղավ հրաժարվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրից` ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակության պատճառով), անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին քննարկումներն աշխարհի տարբեր երկրներում վերստին աշխուժացան, մասնավորապես այս տարվա սկզբին Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային ռեակտորի վթարից հետո: 1993 թվականին նավթի մեկ բարելը մոտավորապես 20 դոլար էր, այսօր արդեն` մոտ 120, գազն անընդհատ թանկանում է, էներգետիկայի խնդիրը դառնում է աշխարհի թիվ մեկ հիմնախնդիրներից մեկը, այնպես որ, այլընտրանքի որոնումը հրատապ է: Ընդ որում, որպես միջուկային էներգետիկայի այլընտրանք, առավել հաճախակի հիշատակվում է արեգակնային էներգիան: Ավստրիացի մասնագետների վկայությամբ` արեգակնային էներգիայի ընդամենը մեկ տոկոսի օգտագործումը բավարար է, որպեսզի երկրագնդի էներգետիկ կարիքները բավարարվեն տասնհինգ անգամ:
Արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպումը ոչ միայն նորույթ չէ Հայաստանում, այլև ունի որոշակի տեղական ավանդույթներ: Եվ խոսքը միայն ակադեմիկոս Պարիս Հերունու հայտնի «Արև» ծրագրի մասին չէ: Մասնավորապես, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի ստեղծած արևային էներգիայով աշխատող հելիոհամակարգերը ներկայումս օգտագործվում են տաք ջուր ստանալու (մեկ ընտանիքին 200 լիտր եռացրած ջուր կարող է տալ), սնունդ վերամշակելու և կենցաղային մի շարք այլ խնդիրներ լուծելու համար: Սնունդ վերամշակելիս արևային տեխնիկայի կիրառությունը բարձր տեխնոլոգիա է ոլորտում, նրա նախագծած սարքերն այսօր նմանակը չունեն աշխարհում, անցել են լրիվ փորձարկումները և պատրաստ են սերիական արտադրության: Նման սարքերի սերիական արտադրության ժամանակ մեկ կիլովատտի արժեքը կլինի 150-200 դոլարի սահմաններում, ասենք, 4 կիլովատտանոց սարքը 800 դոլար կարժենա, սակայն այդ արժեքի հետգնման ժամկետը 2 տարի է, այսինքն, 2 տարվա ընթացքում ինքն իր ծախսերը կհանի, և դրանից հետո դեռ 50 տարի կաշխատի (արևի ժամանակ էներգիայի 1 կիլովատտը 5-10 դրամ կարժենա, արև չեղած ժամանակ` մոտ 50 դրամ, դա արևային տեխնիկայի կիրառումը խթանող միջոցառում կլինի):
Միջազգային փորձագետների վկայությամբ` միայն արեգակնային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկան առաջիկա տասնամյակում կարող է կազմել մոտ քառասուն տրիլիոն եվրո, իսկ հայ գիտնականների ձեռքբերումները հիմք են տալիս կանխատեսելու, որ արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպող սարքերի, ջրատաքացուցիչների ու նման այլ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը Հայաստանում կարող է ոչ միայն ավելացնել վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը, այլև լինել երկրի մրցակցային կարևորագույն առավելությունների շարքում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր