38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՐԿ» Է, ԻՍԿ ՊԱՏՃԱ՞ՌԸ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՐԿ» Է, ԻՍԿ ՊԱՏՃԱ՞ՌԸ
24.06.2011 | 00:00

Այն, որ հայ ժողովուրդը չի կորցնում զարմանալու հատկությունը` «երախտապարտ» պիտի լինի առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներին, որոնք յուրաքանչյուր ամիս զարմացնում են իրենց գներով։ Օրինակ, եթե մայիսին տավարի մսի մեկ կիլոգրամը 2350 դրամ էր, հունիսին այն հասավ մինչև 2600 դրամի։ Իսկ եթե ցանկություն ունեք համտեսելու լանգետ կամ ազգային տոլմա, ապա պատրաստվեք վճարելու 3700-4000 դրամ։ Ապրանքներ էլ կան, որ չեն ցանկանում «զարմացնել» մարդկանց. դրանց գինը բարձրանում է շատ սահուն` 10-50 դրամով։
Այսպես զարմանալով և ուրախանալով մարդիկ կամաց-կամաց իրենց գնումները նվազեցնում են։ «Գարնան սկզբից նկատելի է ապրանքների սպառման նվազում` գնվող ապրանքների ծավալը փոքրացել է։ Մարդկանց գնողունակությունն իջել է։ Իհարկե, սա բացասաբար է ազդում նաև մեր առևտրի վրա»,- մեզ հետ զրույցում այս նույն բանը նշեցին շուրջ վեց խանութների աշխատակիցներ։ Այս իրավիճակում մարդիկ զարմացած են մնում. ինչպես են կարողանում ապրել, երբ եկամուտները գնալով նվազում են։ Իսկ եկամուտների աճը, երեխան էլ գիտի, պայմանավորված է տնտեսական աճով։ Երբ և ինչպես այս իրավիճակն առաջացավ, արդյո՞ք սա միայն գլոբալ տնտեսական ճգնաժամի արդյունք է։ Խնդիրը պայմանավորել այս գործոնով, կարծում ենք, ճիշտ չէ, թեև չենք ժխտում, որ այն խիստ զգալի դերակատարություն ունի։ Փորձենք հասկանալ, թե ինչ գործոններով է պայմանավորված Հայաստանի տնտեսական իրավիճակը։
Երբ երկրի տնտեսական աճը կախված է բնության քմահաճույքից կամ մարդկային բարեհաճությունից, ապա այդ երկիրը դատապարտված է ունենալու սոցիալապես անկայուն հասարակություն։ Բոլորովին նպատակ չունենալով փիլիսոփայել տնտեսություն-ժողովուրդ կապի շուրջ, նկատենք, որ այս անգամ չենք անդրադառնալու տնտեսության բևեռվածության խնդրին։ Ինչպես գիտեք, պատճառները մեկ օրում չեն ծնվում, և դրանք գնահատելու համար պետք է ժամանակը հետ տալ։
1988-ին ղարաբաղյան շարժումը սկսվեց բնապահպանական խնդրով` Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որը հետագայում վերածվեց մեծ քաղաքական շարժման։ Սակայն հիշեցնենք, որ այս շարժմանը զուգահեռ տարվում էր Հայաստանի տնտեսությունը քայքայող քաղաքականություն` հանրահավաքներ, նստացույցեր ընդդեմ «Նաիրիտի», ատոմակայանի և այլն։ Այդ փուլի ավարտից հետո սկսվեց սեփականաշնորհման փուլը։ Նորանկախ Հայաստանի կառավարությունը, որդեգրելով ազատական տնտեսական քաղաքականություն, օտարեց ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողերը, այլև թեթև և ծանր արդյունաբերությունը` հասնելով մինչև ռազմական նշանակության ոլորտներ։ Գործարանները սնանկացան, եղած-չեղածը վաճառվեց, ինչի հետևանքով դրանք ուղղակի փակվեցին։ Ի դեպ, «փակվելը» շատ մեղմ է ասված, քանի որ կաթվածահար եղավ Հայաստանի արդյունաբերությունը` կոտրվեց տնտեսության ողնաշարը։ Խնդիրը փորձեցին լուծել 1996-ից հետո, սակայն այդպես էլ չհաջողվեց խելքի բերել արդյունաբերությունը։ Ի՞նչ էր մնում «խեղճ» կառավարությանը. մեկ բան` հայտարարել, որ Հայաստանը կարող է զարգանալ գյուղատնտեսության և սպասարկման ոլորտների հաշվին։
Այս քաղաքականությունը, իհարկե, միջազգային կազմակերպությունների սրտով էր։ Ըստ քաղաքական մեկնաբանների, այդ գաղափարը միջազգային դաշտում ծնունդ էր առել դեռևս ղարաբաղյան շարժման ընթացքում։ Պատճառը, կարծում ենք, պարզ է։ Թուլացնելով Հայաստանի տնտեսությունը` երկիրը զրկում էին ինքնուրույնությունից։ Սակայն քաղաքական վերլուծությունները թողնենք և հասկանանք, թե ինչ ունենք այսօր։ ՈՒնենք այն, ինչ ունենք. տնտեսության զարգացման հիմքում գյուղատնտեսությունն ու սպասարկման ոլորտն են։ Ճիշտ է, վերջին 6-7 տարում կարևորվում է նաև զբոսաշրջությունը, սակայն, համաձայնեք, տնտեսապես թույլ երկրում դժվար է զարգացնել այս ոլորտը, քանի որ այն պահանջում է շատ մեծ ներդրումներ` երկիրը զբոսաշրջիկի համար գրավիչ դարձնելու համար։ Քանի որ գյուղատնտեսությունը կախված է բնության քմահաճույքից, ինչպիսի տնտեսական աճ էլ կանխատեսի կառավարությունը, բնության հետ ի զորու չէ փոխհամաձայնության պայմանագիր կնքելու։ Եվ ահա, շուրջ երեք տարի է (ճգնաժամի ժամանակահատվածում), խոստացված տնտեսական աճը չի ապահովվում։ Կասեք` պատճառը ճգնաժամն է, չենք ժխտի, դա ևս գործոն է, սակայն նկատենք, որ 1998-ից, հատկապես 2000-ից հետո տնտեսական երկնիշ աճը պայմանավորված էր շինարարության ծավալների և, իհարկե, դրամական փոխանցումների կտրուկ աճով, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության վնասները ծածկվում էին։ Այլ կերպ ասած, երբ ճգնաժամի պատճառով շինարարությունն ու դրամական փոխանցումները նվազեցին, մեր տնտեսության «մերկությունը» բացահայտվեց։ Ի դեպ, երբ ասացինք, որ մեր տնտեսությունը կախված է մարդկանց բարեգթությունից, նկատի ունեինք դրամական փոխանցումները, որոնք հաշվարկվում են պետբյուջեում։ Համաձայնեք` ևս մեկ աննորմալ երևույթ տնտեսության համար։ Այսինքն, ևս մի արատ, որը նպաստում է անառողջ տնտեսություն ունենալուն։
Թեև վիճակը նախանձելի չէ, այնուհանդերձ, կարծում ենք, անհույս էլ չէ, և ցանկության դեպքում ամեն մի խնդիր կարող է իր լուծումն ունենալ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ