38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սա այլևս այն ձևաչափը չէ, որն ընդունակ է անհրաժեշտ ձևով լուծելու համաշխարհային խնդիրները

Սա այլևս այն ձևաչափը չէ, որն ընդունակ է անհրաժեշտ ձևով լուծելու համաշխարհային խնդիրները
10.07.2009 | 00:00

ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ Է ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻՆ» ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Օրերս Հռոմի պապ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ XVI-ն իր նոր ուղերձում գլոբալ ֆինանսական ճգնաժամի համար պատասխանատվությունը պայմանավորեց մարդկային ագահությամբ և անձնասիրությամբ։ «Ֆինանսական գլոբալ համակարգը բարեփոխման կարիք ունի, բայց նաև մարդիկ պետք է հասկանան, որ ինչ-որ բան պետք է զոհաբերել աղքատներին օգնելու և համաշխարհային ռեսուրսների ավելի արդարացի բաշխման հասնելու համար»,- նշեց Վատիկանի առաջնորդը։
Անշուշտ, դժվար է ենթադրել, թե այս կոչն այդքան արագ և արմատականորեն կարող է փոխել պրագմատիկ քաղաքական գործիչների աշխարհընկալումները և վերածել նրանց բարի սամարացիների։ Սակայն Իտալիայում անցկացվող «Մեծ ութնյակի» հանդիպումն ակնհայտորեն ամենահամեստն էր բոլոր անցածների համեմատ։ Հատկապես, երբ այն անցկացվում է երկրաշարժից տուժած Ակվիլա քաղաքում, և պետությունների ղեկավարները տեղավորվել են զորանոցներում։ Վերջիններիս տրամադրված բարձրակարգ սենյակներում ոչ մի ավելորդ բան չկա, բացառությամբ օդափոխիչների և սեյսմիկ ակտիվությունն արձանագրող հատուկ սարքերի։ «Մեծ ութնյակի» հանդիպման տանտեր Սիլվիո Բեռլուսկոնին էլ, ըստ ԶԼՄ-ների, ավելի շատ անհանգստացած է ոչ թե հյուրընկալ տանտիրոջ դեր խաղալով, այլ երկրի տնտեսական խնդիրներով և իր անվան շուրջ ծավալվող հերթական սիրային սկանդալով։ Այնուհանդերձ, Բեռլուսկոնին, երկրաշարժից տուժած Ակվիլա քաղաքում կազմակերպելով «Մեծ ութնյակի» հերթական հանդիպումը, կարողացավ իր գործընկերներին տրամադրել աղետյալ քաղաքը վերականգնելու խնդրին, և Ակվիլայում հյուրընկալված «Մեծ ութնյակի» առաջնորդներն զգալի չափով իրենց (այսինքն` իրենց պետությունների) վրա վերցրին մի շարք եկեղեցիների ու պատմական հուշարձանների վերականգնման ծախսերը։
«Մեծ ութնյակի» այս հանդիպման մի առանձնահատկությունն էլ այն էր, որ առաջին անգամ հրավիրված էին շուրջ 40 երկրների ղեկավարներ և 11 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արտգործնախարարների` նախօրեին կայացած հանդիպումը տեղի ունեցավ նույնիսկ ավելի լայն կազմով, ուր առաջին անգամ մասնակցեցին Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Գագաթաժողովի միասնական օրակարգը իտալացիներին չհաջողվեց նախօրոք ձևավորել ու նախապատրաստել, և «Մեծ ութնյակի» առաջնորդներն իրենք նախաձեռնություններ դրսևորեցին։ Ռուսաստանի նախագահն առաջարկեց քննարկել էներգետիկ ոլորտում նոր խաղի կանոնների հաստատման հարցը և էներգետիկ խարտիայում հնարավոր փոփոխությունների տարբերակները։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահն այս կապակցությամբ անսպասելի առաջարկ արեցին` արգելելու նավթի սպեկուլյատիվ առևտուրը և սահմանելու «սև ոսկու» համար որոշակի գնային «միջանցք»։ Փորձագետների գնահատմամբ, սակայն, նավթի շուկաների արհեստական կարգավորման փորձը կհանգեցնի այդ ոլորտում սպեկուլյացիայի աննախադեպ աճի, որովհետև գործամոլները, միևնույն է, դրա համար անհրաժեշտ հրապարակներ կգտնեն։
Քաղաքական բնույթի կարևորագույն հարցերից քննարկման առարկա դարձան միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։ «Մեծ ութնյակը» որոշում կայացրեց, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի միջուկային փորձարկումներն ու հրթիռների արձակումները, Աֆղանստանը պետք է կարողանա ապահովել ժողովրդավարական ընտրություններ։ ՈՒշագրավ է, որ Իրանի հետ կապված խնդիրների լուծումը «Մեծ ութնյակը» տեսնում է բացառապես դիվանագիտական միջոցներով և կոչ ուղղեց Թեհրանին` արդեն սեպտեմբերին ընդգրկվել իր միջուկային ծրագրի հետ կապված միջազգային բանակցությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահն այս կապակցությամբ նշեց. «Եթե այս առումով առաջընթաց չլինի աշնանը, մենք հարկադրված կլինենք որոշումներ ընդունել»։ ՈՒթնյակի առանձնակի ուշադրության առարկան դարձավ նաև Իրանում տիրող հետընտրական քաղաքական իրավիճակը։ Լուրջ մտահոգություն հայտնելով հետընտրական իրադարձություններում տեղի ունեցած զարգացումների, արձանագրված բռնության դրսևորումների կապակցությամբ` ութնյակի առաջնորդները դրանք դատապարտող հայտարարություն ընդունեցին։ ՈՒշագրավ էր, սակայն, որ Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևն առավելագույնս զգույշ ու զուսպ էին Իրանի հետ կապված իրենց գնահատականներում։
Ղարաբաղյան հիմնախնդիրը ևս արժանացել է «Մեծ ութնյակի» ուշադրությանը, սակայն լայն քննարկում այս կապակցությամբ, այնուհանդերձ, տեղի չունեցավ։ Շատ բնութագրական է, որ ութնյակի առաջնորդները բավարարվեցին առաջ քաշված խաղաղարար նախաձեռնություններն «ամրագրելով»։ ՈՒթնյակի առաջնորդները դրական վերաբերմունք արտահայտեցին տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցությունների գործընթացի վերաբերյալ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և, ինչպես նշվում է հայտարարության մեջ, ութնյակը «հուսով է, որ առաջընթաց կլինի այս հարցում, քանի որ որոշակի դրական տեղաշարժեր այս ուղղությամբ արդեն կան»։ Խնդրահարույց տարածաշրջանների հետ կապված` «Մեծ ութնյակը» մի անգամ ևս արձանագրեց իր հաստատակամությունը` բոլոր տեսակի մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ ուժերով պատասխան տալու առումով։ Հավանության արժանացավ այս տարի Մոսկվայում մերձավորարևելյան կարգավորման հետ կապված կոնֆերանս հրավիրելու ռուսական նախաձեռնությունը և ամերիկացիների համարժեք նախագիծը` Վաշինգտոնում հաջորդ տարի կազմակերպելու միջուկային զինաթափման կոնֆերանս։
Կարևոր քայլ կարելի է գնահատել գագաթաժողովում կայացված այն որոշումը, որ «Մեծ ութնյակը» պատրաստվում է 2050 թվականին 80 տոկոսով կրճատել ածխաթթու գազերի արտանետումը մթնոլորտ` 1998-ի մակարդակի համեմատ։ Թեպետ մասնակից տարբեր երկրների համար այդպիսի նշաձողի սահմանումը բավականին անսպասելի էր։ Փորձագետների գնահատմամբ, այսպիսի որոշման կայացումը հնարավոր է եղել ԱՄՆ-ի նոր վարչակազմի դիրքորոշման փոփոխության արդյունքում։ Այս կապակցությամբ Իտալիայի վարչապետը մասնավորապես, նշեց. «Կլիմայական փոփոխությունների խնդրի հետ կապված` մեզ հաջողվեց ութնյակի շրջանակներում հասնել համաձայնության։ Հետագայում այդ հարցը պետք է քննարկվի արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը միանշանակ համաձայն են, որ ածխաթթու գազերի արտանետումը պետք է կրճատել որքան հնարավոր է։ Բանավեճ կա միայն ժամկետների շուրջ, թե արդյոք դա պետք է անել մինչև 2020-ը՞, թե՞ 2050 թվականին։ Միաժամանակ անհրաժեշտ է Հնդկաստանի ու Չինաստանի համաձայնությունը, քանի որ առանց այս երկրների մասնակցության ու համաձայնության միայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից արտանետումների սահմանափակումը բավարար արդյունքներ չի տա»։ Միաժամանակ Հնդկաստանի պատվիրակությունը հայտարարեց, որ մթնոլորտային արտանետումների սահմանափակման խնդիրը հնարավոր չէ և չպետք է իրագործվի տնտեսական աճի նվազեցման ու բնակչության կյանքի պայմանների վատթարացման հաշվին։
ՈՒշագրավ էր և այն, որ գնալով ավելի է ընդլայնվում «Մեծ ութնյակին» քննադատողների շրջանակը։ Այն իմաստով, որ աշխարհի զարգացած արդյունաբերություն ունեցող այս ութ երկրների միավորումը չունի ո՛չ բավարար լեգիտիմություն, ո՛չ էլ ազդեցություն համաշխարհային նշանակության խնդիրները լուծելու համար։ Համապատասխանաբար, «Մեծ ութնյակի» առաջնորդներին առաջարկվում է վերանայել առաջատար երկրների կազմն ու վերակառուցել այս ոչ ֆորմալ միջազգային կազմակերպությունը։ Կան կարծիքներ, որ ստեղծված իրավիճակից լավագույն ելքը կլիներ ութնյակի ժողովրդավարությունը` նրա կազմն ընդլայնելու ճանապարհով։ Առաջարկվում է այն վերածել աշխարհի 13 առաջատար երկրների միավորման, սակայն կան կարծիքներ, որ ավելի նպատակահարմար է, առհասարակ, վերացնել «Մեծ ութնյակը», և բոլոր այս կարգի գագաթաժողովներն այսուհետ կազմակերպել արդեն իսկ գոյություն ունեցող «Մեծ քսանյակի» ձևաչափով, ուր ութնյակի կողքին ներկայացված կլինեն զարգացող տնտեսություն ունեցող ևս 12 այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Մալայզիան և այլք։ Այս գաղափարը, կարծես, կիսում է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը գագաթաժողովի ընթացքում մասնավորապես նշել է. «Աշխարհի ութ արդյունաբերական զարգացած երկրների ֆորումն այլևս այն ձևաչափը չէ, որն ընդունակ է անհրաժեշտ ձևով լուծելու համաշխարհային խնդիրները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է սերտաճում աշխարհը, և հասկանում ենք, որ մեր առջև կանգնած հիմնախնդիրներն այլևս անհնարին է լուծել միայն զարգացած արդյունաբերական երկրների ուժերով»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3538

Մեկնաբանություններ