ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թուլամորթ քծնանքով պետության արտաքին քաղաքական-ռազմավարական վեկտոր չեն փոխում

Թուլամորթ քծնանքով պետության արտաքին քաղաքական-ռազմավարական վեկտոր չեն փոխում
28.05.2024 | 15:24

Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ինչպես նաև ինտեգրացիոն կառուցվածքային կոնֆիգուրացիան։ Նիկոլ Փաշինյանը նման մտադրություններ չունենալու մասին բացահայտ հայտարարել է մի քանի անգամ։ Նա նույնիսկ հայտարարել է, որ իր արտաքին քաղաքական հավատամքը ռեգիոնալիզմն է, որը ենթադրում է որևէ կերպ չհակադրվել տարաշարջանի պետությունների (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան) ռազմավարական շահերին, և որը, բնականաբար, որևէ կապ չի կարող ունենալ ինստիտուցիոնալ և քաղաքակրթական Արևմուտքի հետ։ Փորձենք հասկանալ խնդիրը կառուցվածքային-համակարգային տեսանկյունից։

Ա. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը նախ դեմ է Ռուսաստանը, քանի որ դա համադրելի է, օրինակ, Ուկրաինայի կամ Վրաստանի

ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ինչը թույլ չտալու համար Կրեմլը աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական արյունալի, բայց վճռական հակամարտության մեջ է մտել Արևմուտքի հետ ընդհանրապես և Ուկրաինայի նկատմամբ՝ մասնավորապես։ Քաղաքակրթական հակամարտության ռազմա-քաղաքական տեսանելի սկիզբը Ուկրաինայում պահանջեց Ռուսաստանից ավտոկրատիկ հակաարևմտյան ուժերի կոնսոլիդացիա «բազմաբևեռ աշխարհակարգի», «Արևմուտքի միակողմանի որոշումներին հակադրվելու» և «արևմտան զարգացման ու արժեհամակարգերին ալտերնատիվ մոդելների» շուրջ։ Ելնելով այս աշխարհաքաղաքական հավակնությունից՝ Ռուսաստանը դեմ չէր Հայաստանի ռազմական ջախջախմանն ու Ադրբեջանի հաղթանակին 2020-2023 թթ․, քանի որ դա փոխում է Կովկասում ուժային կոնֆիգուրացիան Կրեմլի ոչհամագործակցային հեգեմոնիկ ռազմավարությունից դեպի համագործակցային հեգեմոնիայի, որտեղ Ադրբեջանը կարևոր «կապող օղակ» է դարձել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ տարածաշրջանում ոչարևմտյան կոնսենսուս ապահովելու հարցում՝ Բաքվի սուբ-դոմինանտ դերը ճանաչելով։

Հետևաբար, Կովկասում ձեռք բերելով քաղաքակրթական և ռեժիմային դաշնակիցներ ընդդեմ Արևմուտքի` Կովկասը Ռուսաստանի համար հիմա վերածվում է «հուսալի թիկունք» Արևմուտքի նկատմամբ ռազմա-քաղաքական գործողությունների համար։ Իսկ ավտոկրատիկ գլոբալ կոնսոլիդացիան շատ ավելի վտանգավոր և մեծ թափ է հավաքում, քան կարող էր թվալ առաջին հայացքից։

Բ. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը դեմ է Ադրբեջանը, որի համար Հայաստանի ռուսական ազդեցության թուլացումը և իր ազդեցության թուլացումը, Եվրասիական համակարգից դուրս գալը, զորքերի դուրս բերումն ու Արևմուտք տարածաշրջան բերելը, իր ողջ նորմատիվա-արժեհամակարգային պաշարով ու ինստիտուտներով, մահացու սպառնալիք է Ադրբեջանի ռազմավարական շահերի տեսանկյունից։ Իսկ Ադրբեջանը գիտի, թե ինչպես է պետք պաշտպանել ռազմավարական շահերը։ Հետևաբար, Հայաստանի դեպի Արևմուտք իրական քայլերը լեգիտիմ իրավունք են տալիս Բաքվին այն համարել casus belli և ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ` հենվելով վերոնշյալ համագործակցային ավտոկրատիկ կոնսենսուսի վրա։ Իսկ ֆորմալ հողի վրա առիթներ միշտ կարելի է ստեղծել և հիմնավորել։ Օրինակ, «կեղծ դրոշի» տակ օպերացիաները, որոնք Ադրբեջանն, ի դեպ, իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հետևաբար՝ հարձակման առիթների համար ջանասիրաբար խփված մի քանի սպիտակ սահմանասյունը խոչընդոտ չէ։

Գ. Հայաստանի վեկտոր չփոխելու և տարածաշրջանում իրենով ինստիտուցիոնալ-քաղաքակրթական կոնֆիգուրացիա չխախտելու հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի միջև կա կոնսենսուս։ Բոլորը դեմ են Հայաստանի՝ Արևմուտքի մաս դառնալուն։ Ըստ այդ կոնսենսուսի, Հայաստանը պիտի մնա Եվրասիական աշխարհակարգի մեջ` Եվրոպական և Եվրո-Ատլանտյան համակարգից դուրս։

Դ. Հետևաբար՝ որպեսզի իրականացնել բարդ և բազմամակարդակ օպերացիա, ինչպիսին է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը՝ խիստ խոցելի ու սահմանափակ կենսունակությամբ երկրի կողմից, ինչպիսին է մերօրյա Հայաստանը, որը գտնվում է ագրեսիվ հակաարևմտյան եվրասիական միջավայրում, որտեղ ուժի կիրառումը լեգալիզացված է եվրասիական աշխարհակարգ պարտադրողների կողմից, և որտեղ բռնությամբ քաղաքական խնդիր լուծողին չեն նախատում, այլ շնորհավորում ու մեծարում են, Հայաստանի իշխանությունները պետք է ունենան չորս ֆունդամենտալ ունակություն․

1. Ռեսուրս կուտակելու և այդ ռեսուրսը կարողության վերածելու՝ ուժ գեներացնելու ունակություն, այնուհետև այդ մոբիլիզացված ուժը վերածելու արտաքին քաղաքական և անվտանգային գործիքների։

2. Բարդ ռազմավարական պլանավորում իրականացնելու և այդ պլանավորման առանցքային նպատակներին հետևելու և արդյունքը չափելու ունակություն։

3. Տարածաշրջանում Հայաստանի ազգային-ռազմավարական ոտնահարված ու խախտված շահերի և իրավունքների վերականգնման, դրանց պաշտպանության ռազմավարություն ձևակերպելու ունակություն, և դրանց խախտման հիման վրա էլ ռազմավարական վեկտորի փոփոխության հիմնավորում։

4. Արտաքին քաղաքական ճիշտ ռազմավարական հաղորդակցության (messaging) պլանավորում և իրականացում՝ հոգուտ արտաքին մանևրականության բարձրացման։

Այն իր մեջ ներառում է հակամարտային բազմաբևեռ միջավայրում կառուցվածքային դերեր ստանձնելու հավակնության ձևակերպում։ Այն ենթադրում է մեծ քաղաքական խաղի մասնակից դառնալու դիրքավորում-հավակնություն։ Խաղ, որը կնպաստի երկրի ներքին ուժի կուտակմանը, արտաքին քաղաքական ռադարի վրա ավելի նկատելի, ավելի ազդեցիկ դարձնելուն և երկրից կախվածություններ ստեղծելու ունակություն։ Այս դիրքավորումը ենթադրում է ինքնատիպ արտաքին քաղաքական տեսլական՝ գլոբալ քաղաքակրթական հակամարտության մեջ ուրույն ճամբարի մաս լինելու վերաբերյալ, որն էլ, ի վերջո, պոտենցիալ դաշնակցի կամ գործընկերոջ աչքերում Հայաստանը կարող է դիրքավորել իր տարածաշրջանում օրենք ստեղծողի (rule-maker), իսկ հետո արդեն իր միջավայրում կարգ դնողի (agenda-setter) հավակնություն: Սա իր հերթին կստեղծի ձգողական ուժ Արևմուտքի և այլ ոչավտորիտար ճամբարի խաղացողների համար։ Երկիրը պետք է դիտարկել որպես ավելին, քան բիզնես պրոյեկտ, ուր ներդրումը լուրջ քաղաքական դիվիդենտներ կարող է բերել պոտենցիալ գործընկերների համար մեծ խաղի շրջանակներում։

Պետության այս չորս ֆունդամենտալ կարողությունները պահանջում են կառավարող էլիտաների կոգնիտիվ (մտավոր) և պրոֆեսիոնալ բավարար ներուժ և քաղաքական կամք, որոնցից զուրկ է թե՛ Հայաստանի ներկայիս կառավորող ու սպասարկող խումբն ընդրանրապես, և թե՛ անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես։ Այն իրենից ենթադրում է բավականին լայն խմբերի գերլարված կոորդինացված ինտելեկտուալ աշխատանք բավականին երկար ժամանակահատվածում՝ օժտված ռազմավարական հետևողականությամբ և ռազմավարական համբերությամբ։

Ի տարբերություն Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների՝ Ադրբեջանի վերնախավը այս չորս ֆունդամենտալ ունակությունները ձեռք է բերել դեռ անցած տասնամյակի ընթացքում և մեծ ոգևորվածությամբ իրականացնում է տարբեր ոլորտներում, այդ թվում, նախ և առաջ, Հայաստանի դեմ տարվող իրենց «խորքային ռազմավարության» շրջանակներում։

Հետևաբար՝ թուլամորթ կեցվածք բռնած արտաքին քծնանքով (appeasement), դիվանագիության նմանակմամբ (simulacrum diplomacy) կամ հանուն անձնական գոյատևման, ներքաղաքական «լեզվաշարժությամբ» պետության արտաքին քաղաքական-ռազմավարական վեկտոր չեն փոխում։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 12421

Մեկնաբանություններ