ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի համար նոր ծուղակներ եմ տեսնում. ո՞րն է ելքը

Հայաստանի համար նոր ծուղակներ եմ տեսնում. ո՞րն է ելքը
17.11.2023 | 09:03

Մինչ շատերը ոգևորված են արևմտյան մայրաքաղաքներից հնչող ականջահաճո հայտարարություններով, ես Հայաստանի համար նոր ծուղակներ եմ տեսնում, մանավանդ, որ երկիրն այս պահին չունի իրական դաշնակիցներ:

Իհարկե, գիտակցում եմ, որ ռեալիստական միտքն այս պահին ճգնաժամ է ապրում, տարբեր կալիբրի պոպուլիստները դարձել են մերօրյա «հերոսները», բայց ես չեմ դադարի ասել այն, ինչը համարում եմ ռեալպոլիտիկ:

Սկզբունքորեն պետք է դուրս գանք «փրկիչներ» գտնելու կոմպլեքսից (երեկ դա Ռուսաստանն էր, այսօր՝ Արևմուտքը) ու սովորենք կարդալ տեքստերը խորությամբ՝ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական ցանկացած կենտրոն հետապնդում է իր շահերը, որոնց հետ կարող ենք ունենալ հատման և հակադրության կետեր:

Հիմա՝ ծուղակների մասին:

Մի քանի օր առաջ ԵՄ անանուն աղբյուրն «Ազատությանն» ասել էր, որ դեկտեմբերին Բրյուսելում հնարավոր է Միշել- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպում ու հատուկ նշել էր, թե դրա ընթացքում քննարկվելու է նաև Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցության հարցը:

Այս արտահոսքը մի քանի միֆեր հերքեց:

Առաջինն այն է, թե իբրև Ալիևը վախենում կամ խուսափում է բրյուսելյան հարթակից:

Չկա նման բան, բացարձակապես ու այս փաստարկը ծիծաղելի է թվում հատկապես այն պատճառով, որ հենց բրյուսելյան գործընթացում է Ալիևը ստացել Արցախը «կլանելու» հնարավորություն՝ անկախ այն հանգամանքից, որ այդ հարցում Ալիևին աջակցել է նաև ռուսների, մեղմ ասած, անգործությունը:

Եվ այսպես, Ալիևը Բրյուսելից ոչ թե փախչում է, այլ ամեն ինչ անում է, որպեսզի այնտեղ գնա իր օրակարգով՝ դա համարելով նախապայման:

ԵՄ-ի արտահոսքն անուղղակիորեն հաստատում է այս վարկածն ու, թերևս, Երևանին համոզելու համատեքստում պետք է դիտարկել Բորելի ականջահաճո հայտարարությունները:

Եթե «Ազատության» լուրն արժանահավատ է, ստացվում է՝ Փաշինյանը դեկտեմբերին գուցե Բրյուսել գնա այն օրակարգով, ինչի պատճառով հրաժարվել է մեկնել Մոսկվա:

«Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ»,- ժամեր առաջ Կոնգրեսի լսումներում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը:

Ձևակերպումը խիստ ուշագրավ է:

Ամերիկացի դիվանագետն ինքնին չի բացառում միջանցքի ստեղծումը, ինչն արդեն մասնակիորեն նշանակում է՝ ընդունել Բաքվի օրակարգը, այլ ընդամենն արձանագրում է, որ դա անթույլատրելի է բացել պատերազմի միջոցով ու շեշտը դնում է Հայաստանին համոզելու վրա:

Այս առիթով մի քանի անգամ հայտնել եմ իմ կարծիքը:

Գերտերությունների վեճի առարկան ամենևին էլ չի եղել ԼՂ-ն կամ նրա ժողովրդի ճակատագիրը, Հայաստանի ինքնիշխանությունը կամ Ադրբեջանի մաքսիմալիզմը. նրանք դաժան պայքարի մեջ են՝ խաղաղության մոդերատորության (ինչը ենթադրում է տարածաշրջանային գերիշխանություն) և կոմունիկացիաների վերահսկողության հարցերում:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում էր Ադրբեջանի և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցություն՝ ռուսական վերահսկողությամբ, որովհետև այդ փուլում Ռուսաստանն էր տարածաշրջանի անվտանգության հիմնական սպոնսորը ու այդ հավակնություններից չի հրաժարվել մինչ այս պահը՝ թեև ուկրաինական պատերազմն ազդել է նրա ազդեցության ու հեղինակության վրա:

Խորապես համոզված եմ, որ «միջանցքից ցածր, ճանապարհից ավելի» կարգավորումով այս հաղորդակցությունը ցանկացած պարագայում ունենալու է արտաքին վերահսկողության ինչ-որ մեխանիզմ՝ նայած այն հանգամանքին, թե ով է լինելու Հարավային Կովկասը «նայողը»:

Ըստ այդմ, անկեղծ չեն Փաշինյանի «ինքնիշխանականության» հայտարարությունները, նա ընդամենը պայքարում է հնարավոր ռուսական վերահսկողության դեմ՝ ամենևին էլ դեմ չլինելով վերահսկողության միջազգային այլ մեխանիզմների:

Իհարկե, այս խաղը Փաշինյանը, ինչպես միշտ, վարում է առանց հաշվարկների, ինչի հետևանքը կարող են լինել Հայաստանի տարածքային կորուստներն ու պետականության ճգնաժամը:

Հայաստանը պատերազմում պարտված կողմ է ու պարտիան վերախաղարկելու ռեսուրսներ գրեթե չունի. մենք արդեն անվերադարձ կորցրել ենք Արցախը, բայց կարող ենք խույս տալ նոր ծուղակներից:

Բայց դրա համար պետք է հրաժարվել արկածախնդրությունից, ուկրաինական/վրացական սցենարները կրկնելու գայթակղությունից:

Հայաստանը պարտավոր է իրապես դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը՝ ճամբարափոխության փոխարեն: Համաշխարհային տուրբուլենտության պայմաններում ճամբարափոխությունն առհասարակ արկածախնդրություն է, որը Հայաստանը կարող է կանգնեցնել Ալեքսանդրապոլ-2-ի առջև:

Եվ վերջապես, աշխարհը գնում է ռեգիոնալացման ու պետք է գիտակցել, որ Հայաստանի պետության գոյությունը և անվտանգությունը մեծապես պայմանավորված են հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների որակից:

Իմ այս գրառումը որևէ առնչություն չունի արտաքին քաղաքական համակրությունների կամ հակակրանքի հետ, որովհետև սկզբունքորեն մերժում եմ «մետությունը» կամ «հակամետությունը»:

Ես ռեալիստական դիրքերից շարադրել եմ իմ մոտեցումները:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ