Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ իրականացվող աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են: Տվյալ տարածքը 1986 թավականին կազմած նախագծով ներառված է եղել արգելոցի պահպանման գոտում: 2013-ին, անհայտ պատճառներով հանվել է պահպանման գոտուց։ Շինարարություն սկսելու համար կառուցապատողն անցյալ տարի նախագիծը ներկայացրել է մշակույթի նախարարություն, սակայն պահպանման գոտուց դուրս վերջինս լիազորություններ չունի։ Մշակույթի նախարարի տեղակալ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ անգամ չեն նայել նախագիծը։ Սակայն հողային աշխատանքների ժամանակ, եթե հանդիպում են հնագիտական շերտի, պարտավոր են դադարեցնել շինարարությունը, ինչը և արվել է։ Մշակույթի նախարարությունն իր վերջնական դիրքորոշումը կներկայացնի հնագետների ուսումնասիրությունից հետո, թեև հիմա էլ նախարարի տեղակալն ընդգծում է, որ հնագիտական շերտի առկայությունն ակնհայտ է։ Հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ, մարդու գանգի ոսկորներ։ Գրություն են ուղարկել դատախազություն, կատարվում է հետախուզում։
Տիգրան Գալստյանը ներկայացրեց նաև այլ ուշագրավ մանրամասներ։ Կառուցապատողը մինչև 2018 թվականը ղեկավարել է «Ամբերդ ամրոց» արգելոցը։ Հայրը՝ Մանուկ Մանուկյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետն է։ Նա նաև մարզային հանձնաժողովում էր, ըստ էության, հողային աշխատանքների ժամանակ այդ հանձնաժողովն է տալիս եզրակացություն՝ կա՞ն հնագիտական շերտեր, թե՞ չկան։ «Դատախազությունն այստեղ նույնպես անելիք ունի,- ընդգծեց նախարարի տեղակալը։- Տարածքում կա նաև «քաբաբնոց», որը, ըստ լուրերի, նույնպես մարզային ղեկավարինն է»։ Ոդիսականի հեղինակը շարունակելու՞ է աշխատել մշակույթի նախարարության ենթակա կառույցում։ Պարզվում է՝ նրան աշխատանքից ազատելու, նկատողություն հայտարարելու իրավասություն ունի վերադասը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։
Առայժմ առկախ է մնում ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս և ինչու՞ է 2013-ին վերոնշյալ տարածքը կամայականության զոհ դարձել։ Արդեն իսկ կան փաստաթղթեր, ստորագրություններ, շրջանառվում են անուններ։
Խնդիրը միայն Ամբերդով չի սահմանափակվում։ Մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի տեղեկացմամբ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հուշարձաններ, հուշարձանային տարածքներ սեփականաշնորհման, օգտագործման իրավունք են ստացել, մի մասն էլ պարզապես զավթվել է։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ