Քանի դեռ Սևանը պաշտպանված չէ պետական մակարդակով, տարին 12 ամիս սիգ և այլ ձկնատեսակներ որսացել են, որսում են և դեռ կորսան:
Հիմա ստիպված եմ Սերժին հիշել, որի իշխանության օրոք ևս ապօրինի ձկնորսությամբ էին զբաղվում. և՛ անհատ ձկնորսները, և՛ մեծաքանակ ձկնորսությամբ զբաղվողները: Երկու դեպքում էլ գողացած և իրացված ձկնատեսակների ու խեցգետնի վաճառքից գոյացած գումարից հարկի տեսքով ոչ մի լումա չէր մտնում պետական գանձարան, բա՞յց...
Որպեսզի լճի կենդանական աշխարհը չվերանա և էկոլոգիական աղետի առաջ չկանգնեն, ջրամբարներում մանրաձուկ էին աճեցնում և համապատասխան ժամանակահատվածում մանրաձուկն իջեցնում լիճ: Ճիշտ է, արհեստական միջոցով որոշակիորեն փրկում էին լճի էկոլոգիական վիճակը, բայց ջրային էկոլոգները կրկին ու կրկին վտանգի ահազանգ էին հնչեցնում:
Նիկոլի թվին չեմ հիշում, որ Սևանը համալրած լինեն մանրաձկներով, որ ահազանգ հնչեցնեն էկոլոգները կամ քաղաքացիները: Անկեղծ լինեմ. ինքս եմ ականատեսը, որ ամբողջ տարին Սևանա լճից ձուկ է որսվում ու ազատ վաճառվում ողջ Հայաստանի տարածքում: Էլ չեմ ասում, որ Սևանի սիգը, իշխանն ու տառեխը, խեցգետինը տարբեր փոխադրամիջոցներով հայտնվում են հարևան Վրաստանում և Ռուսաստանում, հիմնականում՝ Մոսկվայում:
Քանի որ Սևանա լիճը չի կարող անսպառ ձկնապահեստ լինել, սիգի, իշխանի, տառեխի, անգամ խեցգետնի թշնաբար կատարվող որսն էլ տարվա մեջ ոչ մի օր չի դադարում (ասել է` բնական եղանակով ձուկը չի հասցնում ձվադրում կատարել), իսկ արհեստական եղանակով համալրման մասին չեն էլ մտածում, շատ շուտով կբախվենք էկոլոգիական վտանգին: Այն է` Սևանա լիճը՝ քաղցրահամ ջրերով մեր լեռնային կապուտակ գեղեցկուհին, կվերածվի հսկայական տղմոտ ջրամբարի:
Ի՞նչ է սա. թշնամական վերաբերմու՞նք, արագ հարստանալու մարմա՞ջ, անաշխատ գումարներ գրպանելու անհագ ցանկությու՞ն, թե՞ կոռուպցիոն հայտնի ու անհայտ մեխանիզմ, որի միջոցով կհարստանան քչերը, կտուժեն երկիրն ու ազգը:
ՈՒ դուք կոռուպցիայի և անօրեն թալանի մասի՞ն եք խոսում...
Դե, հիմա ես՝ ձեր հորինովի պետության «հպարտ քաղաքացիս» եմ ահազանգում, բռնեցե՜ք գողին և օրենքի տառին համապատասխան, ամենախիստ հոդվածով պատժեք հանցագործ(ներ)ին ...
Բռնոցի-բացթողնոցի չլինի հանկարծ:
ՀՀ «հպարտ քաղաքացի»
Ֆիալկա ՀԱԽԻՆՅԱՆ
և նույնքան հպարտ քաղաքացի
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ