Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ի՞նչ է կատարվում «Դիլիջան» ազգային պարկում

Ի՞նչ է կատարվում «Դիլիջան» ազգային պարկում
14.10.2017 | 14:06

Նախօրեին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այցելել էր «Դիլիջան» ազգային պարկ, Տավուշի մարզի իրավապահ կառույցների, համայնքների ղեկավարների, նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների, «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական կազմակերպության աշխատակիցների հետ քննարկել ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումների ընթացքը և արդյունքները:


Հանդիպումից հետո արդեն մի խումբ մարդիկ այցելել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյանի տեղամասի ուղեփակոց, քաշքշել պահնորդներին, հրդեհել ուղեփակոցը։ Բայց մինչ այդ, նախարարը ներկայացրեց իրականացված աշխատանքները՝ մատնանշելով նաև անելիքները։
«2016 թ. լայնամասշտաբ ստուգումներ սկսեցինք «Դիլիջան» ազգային պարկում՝ հասկանալու համար, թե պահպանությունն ինչ վիճակում է գտնվում, ինչ հատումներ են արձանագրվել: «Դիլիջան» ազգային պարկի շուրջ 60 տոկոսի ստուգումների արդյունքում արձանագրվեց 6 հազարից ավելի ապօրինի ծառահատում: Զեկուցվեց նախագահին, ուղարկվեց գլխավոր դատախազություն, մարզային դատախազություն, քրեական գործ է հարուցվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։


Նախարարը տեղեկացրեց, որ նախագահը խիստ հանձնարարական է տվել բոլոր ուժային կառույցներին, բնապահպանության նախարարությանը, տեսչական մարմնին, «Դիլիջան» ազգային պարկին, այնպես անել, որ որևէ ապօրինի ծառահատում տեղի չունենա, որովհետև «Դիլիջան» ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է և այստեղի ծառահատումը նշանակում է ամբողջ պահպանության համակարգը փլուզել և երկրի զարգացման համար լուրջ վտանգ ստեղծել: Նախագահը նաև մարզում է խորհրդակցություն ունեցել, նույն խիստ հանձնարականները տվել իրավապահ մարմիններին:
«Պետք է արձանագրել, որ մեր աշխատանքները հաջող են ընթանում, բայց, այնուամենայնիվ, հսկայական բացեր ունենք: Չենք թաքցնելու այդ բացերը, դրանք չենք քողարկելու: Հակառակը, պետք է կարողանանք իրար հետ աշխատել և այդ բացերը փակել, խախտումները ենթարկել կոնկրետ պատասխանատվության: Սա մեզ համար սկզբունքային հարց է»,- նշեց Արծվիկ Մինասյանը։


Նախարարը թվարկեց այս ընթացքում իրականացված գործողությունները.
««Դիլիջան» ազգային պարկում կադրային ու կառուցվածքային փոփոխություններ են կատարվել: Նոր տնօրեն, փոխտնօրեններ, պատասխանատուներ են նշանակվել, 24-ժամյա պահպանության ռեժիմի համար ներգրավվել է մասնավոր պահնորդական կազմակերպություն՝ «Պանտերա սեքյուրիթի»-ն, վերանայվել են մի շարք լիազորություններ, հանրության հետ աշխատանքներ են տարվում՝ բացատրական, քարոզչական, էկոդաստիարակչական, որը, ցավոք, այս պահի դրությամբ լիարժեք արդյունք չի տալիս: Եթե այս ուղղությամբ լուրջ հաջողություն չարձանագրենք, արդյունք չի լինի: Մեր քաղաքացիների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն»։


Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ այս ընթացքում երկու անգամ միջպետական ճանապարհ է փակվել. «Իհարկե, ոչ անմիջական կամ ուղղակի պնդմամբ, «Դիլիջան» ազգային պարկին վերաբերող, բայց նաև՝ ներառող: Իսկ սա նշանակում է, որ ազգային պարկում հսկողությունը տվել է որոշակի արդյունք, բայց այն դեռևս բավարար չէ»: Նախարարը նաև հայտարարեց՝ ամենախիստ պատասխանատվությունն են կրելու բոլոր անձինք. ««Դիլիջան» ազգային պարկի վերից վար բոլոր այն պաշտոնատար անձինք ու պատասխանատուները, որոնք մատների արանքով կնայեն, կամ իրենց անգործությամբ չեն ապահովի պատշաճ պահպանությունը»: Արծվիկ Մինասյանն ասաց, թե իր համար շատ բան անհասկանալի է, երբ համայնքի բնակիչների մեծ մասը, այնուամենայնիվ, մտածում է, որ անտառ է, ուրեմն պետք է ամբողջությամբ ավերել, ապօրինի հատումներով փորձել սեփական եկամուտը ապահովել: Դա, ըստ նախարարի, ընդունելի ձև ու մոտեցում չի: «Առավել ևս, որ ապօրինի անտառահատումների թիկունքում կանգնած են մարդիկ, ովքեր հովանավորում են, շատ հաճախ փորձում են հանրային ցանկությունը դարձնել իրենց սեփական եկամտի աղբյուր: Մենք պետք է նրանց բացահայտենք ու ներկայացնենք պատասխանատվության: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Չի կարող մարդը մտածել, որ բնապահպանական տեսակետից բարձրարժեք անտառը, որը այդ հատվածի նույն բնակիչների, երկրի, ապագա սերունդների համար կարևորագույն հատված է, պետք է ոչնչացնի: Դա պետք է բացառենք»,-ընդգծեց Մինասյանը։ Նա ասաց նաև, թե որևէ մեկը չպետք է մտածի, որ մտնելով այս պայքարի մեջ, կարող է ընթացքում կամ արանքում որոշակի անձնական, խմբային, նյութական շահ հետապնդել: «Որևէ բնակիչ իր տաքանալու, իր ընտանիքի ջերմությունը ապահովելու համար որևէ խնդիր չի կարող ունենալ: Թափուկն այդ անտառում տալիս է այդ հնարավորությունը; Բայց երբ բնակիչը մտածում է, որ ինքը, այնուամենայնիվ, պահպանվող ծառը ոչնչացնի, հատի, որպեսզի իր եկամտի այլ աղբյուրներ գտնի, սա անթույլատրելի է»,- եզրափակեց նախարարը: Բայց երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս այցից հետո։ «Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտերա» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանն ասաց, որ պահնորդային ծառայություն իրականացնող երեք հենակետ ունեն, որոնցից մեկն էլ հենց հրդեհել են։ «Երեկ մամուլի ասուլիս էր կազմակերպվել ազգային պարկի տարածքում, որտեղ համաձայնության եկանք, թե ինչպես ենք գործելու։ Երևում է՝ դա տեղացիների դուրը չեկավ և որոշեցին ցույց տալ, որ այդտեղ իրենք են ուժը և իրավիճակի տերը»,- ասաց Վահե Դարբինյանը։


Նա պատմեց, որ երեկոյան 8 անց 40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։ «Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։ Նույն այդ պահին բնապահպանության նախարարի հետ Իջևանից վերադառնում էինք Երևան։ Լուրն անմիջապես զեկուցեցի նախարարին և դեպքից մի քանի րոպե անց արդեն տեղում էինք»,- ասաց Դարբինյանը։ Նա նշեց, թե իրենց աչքի առաջ հենակետն ամբողջությամբ այրվել ու ոչնչացվել է։ Մինչև ուշ գիշեր քննչական գործողություններ են կատարվել, տեղացիներից բերման ենթարկվածներ էլ կան։ Վահե Դարբինյանի խոսքով՝ տեղացիներն ասում են, որ արդեն 30 տարի է՝ իրենք անտառից փայտ են դուրս հանում և հիմա չեն համակերպվում այն բանի հետ, որ այլևս չեն կարողանալու փայտագողությամբ զբաղվել։

Դիտվել է՝ 3811

Մեկնաբանություններ