Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ալիևյան «պառաժ» ու իրականություն

Ալիևյան «պառաժ» ու իրականություն
09.12.2023 | 21:53

Ժամանակին ասում էինք, թե Ալիևը բարբաջում է, որ «ինքն այդքան չկա», որ ասածներին լուրջ վերաբերվենք:

Պատերազմից հետո բոլորս խրատվեցինք, որ նա բնավ չի բարբաջում, քանզի ասածներն անում է, ավելին՝ որ «ինքն այնքան կա», որ ասածներին լուրջ վերաբերվենք:

Հետևություն՝ թշնամուն երբեք չի կարելի թերագնահատել, թեկուզ եթե նա իր էությամբ թյուրիմացություն է:

Սակայն, սա չի էլ նշանակում, որ նրանից պետք է ահաբեկվել կամ վախենալ:

Մեզ բաժին է հասել հոգեկան լուրջ խնդիրներով, դեռևս մանկուց ինքնահաստատման բարդույթ ունեցող մի անձ, որի կյանքի նպատակը «պապայի» վրեժը հանելն ու իրեն ազգի արժանի զավակ ու առաջնորդ կարգելն է:

Նման անամնեզով կերպարի խոսույթից ու վարքագծից հետևություններ անելը բարդ բան չէ։

Հետևաբար, դժվար չէ տարբերել նաև վերջինիս «պառաժն» իրականությունից:

Երբ Ալիևն ասացվածք է մեջբերում, թե բա Գրանադայում «ինձ առանց ինձ ամուսնացրել են» ու ինքն իր ասածի վրա հրճվում է ու հռհռում, հասկանում ես, որ այդքան իր վարքը զավեշտալի չէ, որքան որ մենք ենք ողբալի վիճակում:

Որ առանց իր ներկայության, առանց որևէ ջանք թափելու ու եռանդ գործադրելու՝ Միշելը, Մակրոնն ու Փաշինյանը կարող են ստորագրել Ադրբեջանին ձեռնտու մի այնպիսի փաստաթուղթ, որը Բաքվի մտքով անգամ չէր անցնում:

Երբ Ալիևը դեմարշի էր գնում, ասելով՝ «եթե ԱՄՆ-ը չի հարաբերվելու Բաքվի հետ ինչպես միշտ, ապա Բաքուն էլ կմերժի Վաշինգտոնի ձևաչափն ընդմիշտ, որ եթե Վաշինգտոնը կրկին դեմոնստրացնի կողմնակալությունը, կկորցնի իր միջնորդի դերակատարությունը», ապա միանգամից ակնհայտ է դառնում, որ այն «պառաժ» է, ոչ ավելին:

Քանզի Օ՚ Բրայանի Բաքու այցից հետո մի լավ թոթափվեց, «քարը փեշից թափեց», Ջեյհուն Բայրամովին էլ Վաշինգտոն գործուղեց:

Երբ Ալիևը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանում է «մոլագարներ» ու տալիս տարբեր պիտակավորումներ, ուրեմն նա գիտի, որ կմարսի ասածը, քանզի առ այսօր չի ստացել եվրոպացիներից իրեն հասանելիք ապտակը:

Երբ Ալիևն ասում է՝ «Օկուպացիայի ժամանակ Մինսկի խմբի համանախագահներն ունեին միաձայն կարծիք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի» ապա այո՛, վերջինս ճիշտ գնահատական է տալիս ասելով՝ «մենք ապացուցեցինք, որ երեք երկրներն էլ սխալ էին, քանզի մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում և դա արել ենք ռազմական ճանապարհով։

Ավելին՝ մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով։ Այնպես որ, մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ուներ և այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»…

Երբ Ալիևն այս ամենին վրադիր էլ ասում է թե՝ «այս օրինակը չի սահմանափակվում միայն կովկասյան հակամարտություններով, ավելին՝ հպարտանում է պատերազմով, կոչ անում հարցերը լուծել հենց ռազմական ճանապարհով, որ չկա միջազգային իրավունք, կա ուժ ու ուժի կիրառմամբ կլուծվեն հարցերը՝ ապա ընդունեք, որ նա որքան էլ մասամբ ճիշտ է (ժամանակին մերոնք են այդպես պարտադրված պատերազմով արել ու հողը պահել, Սերժ Սարգսյանն էլ Բատյայի՝ գումարի դիմաց հողերը հանձնելու առաջարկը մերժել ), այդուհանդերձ, դեռ էյֆորիայի տակ է և չի հասկանում, որ դիկտատոր-բռնակալի պիտակն ինքն իր ձեռքով իսպառ «ճպցնում» է ճակատին, իսկ նման պիտակով առաջնորդներին աշխարհը երկար չի հանդուրժում:

Նա բացահայտ կոչ է անում ու հորդորում լուծել հարցերը բացառապես պատերազմով, իսկ դա ցուցիչն է այն բանի, որ վերջինս իրական սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ համաշխարհային կայունության համար:

Այո՛, նա անկեղծ է:

Նա անկեղծ թշնամի է:

Իսկ նման անկեղծ թշնամու հետ գրեթե անհնար է հաստատել իրական խաղաղության:

Հետևաբար, Հայաստանը մի դեպքում կարող է հասնել խաղաղության.

երբ ռազմական բալանսը հավասարեցնի կամ գերազանցի,

երբ թշնամին իրապես զգա վտանգ,

երբ վտանգվի ձեռք բերվածը,

երբ նկատելի դառնա ռևանշի հավանականությունը,

և երբ Ալիևը հասկանա, որ ուժով այլևս հարց չի լուծելու:

Այդ ժամանակ նա սիրով կգնա բանակցությունների։

Իսկ քանի դեռ մեր գործող իշխանություններն «իմպոտենտ» են, ավելին՝ տվող, հարմարվող ու հանդուրժող, ծրագրերում էլ բացակայում է վերը թվարկվածը, ապա Ալիևից դեռ կլսենք՝ «եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանը, մենք դա կանեինք, քանզի մեզ համար դա մեծ խնդիր չէ», որ իրենք վիրտուալ քարտեզ են տեղադրելու, որպեսզի ադրբեջանցիներն առայժմ վիրտուալ ճամփորդեն «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան», որ «Ղարաբաղի հայերի ու ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքները պետք է փոխադարձ լինեն», որ Ադրբեջանից Նախիջևան ստուգումներ չպետք է լինեն, և որ պետք է կիրառել ՌԴ-Կալինինգրադ կապի փորձը»:

Ալիևը նաև տարբեր իրավաբանական ընկերությունների հետ հաշվարկում է Արցախում «ապօրինի տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը» և դրա համար աշխատանքներ են տարվում գյուղ առ գյուղ:

Իսկ մինչ այդ՝ առաջնորդվելով իբր մարդասիրության արժեքներով, որպես բարի կամքի դրսևորում, Ալիևն ազատ է արձակում 32 հայ ռազմագերի, փոխարենը Հայաստանից ստանալով երկուսին:

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով վերջինս մեզ և միջազգային հանրությանը «վաճառում է» դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության կատարումը։

Ընդ որում դրա կատարման հետևում էլ կանգնած է ոչ թե հումանիզմը, այլ ԱՄՆ-ը:

Ի դեպ, հայկական կողմից ազատ արձակվող զինվորներից մեկը Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան է, որին ամենայն հավանականությամբ Ալիևը կհերոսացնի:

Դե իսկ Հայաստանում շատերը հիմա Աստված կկանչեն ու մոմ կվառեն, որ Ադրբեջանում փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին Ալիևը չվերընտրվի:

Ինչևէ, մի բան ակնհայտ է.

մարդ, որը պատերազմ է խրախուսում, չի կարող տենչալ խաղաղություն:

Ալիևը խաղաղության պատրաստ չէ, որևէ թուղթ չի ստորագրելու, իսկ փետրվարից հետո մենք առճակատվելու ենք ավելի ագրեսիվ ու վտանգավոր Ադրբեջանի, ինչին ՀՀ ներկայիս իշխանությունները հրաժարվել են դիմակայել:

Հետևություններն ինքներդ արեք:

Այս ամենից խուսափելու, դեմն առնելու գործողություններ, ելքեր, տարբերակներ, առաջարկներ բազմիցս եմ արել:

Բայց և գործնականում, առայժմ իմ համեստ հնարավորություններով (իհարկե առանց լուսաբանելու) շարունակում եմ անելիքս:

ՈՒղղակի վերստին համոզվում եմ, որ մենք ունենք մի քանի ամիս ժամանակ այս ամենը չեզոքացնելու համար:

Արտաքին վտանգներն ու սպառնալիքները դիվանագիտական ու քաղաքական, ինչպես նաև ռազմական ճանապարհով կանխելու համար պետականամետ կառավարություն ձևավորելու հրամայականն է:

Իսկ դրա համար բանիմաց, գիտակ, պրոֆեսիոնալ, պետական ու ազգային շահերով առաջնորդվող կադրերի կարիքն ունենք:

Վստահեցնում եմ՝ այդպիսի որակներով ու պատրաստակամությամբ մարդիկ կան:

Այնպես որ՝ առաջ Աստված:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3405

Մեկնաբանություններ