Ֆրանսիայի երեք քաղաքների քաղաքապետեր այս պահին Գորիսում են։ Հումանիտար օգնություն են փորձում հասցնել արդեն 263 օր շրջափակված Արցախին։ Իսկ այս մեքենաների վրա ֆրանսերենով պարզ գրված է.
«Մարդասիրական օգնություն Ֆրանսիայից` Արցախի ժողովրդին»։
Իսկ մի քանի կիլոմետր այն կողմ կանգնած է թշնամու ուղեբեռը` «Կարմիր մահիկի» նշանով։ Արցախցին անկոտրում ու վճռական կամքով չի պատրաստվում ընդունել և շարունակում է մերժել, ինչպես իրենք են ասում` «թշնամու հացն ու ալյուրը»։
Ցեղասպանի տեղը միայն Միջազգային դատարանն է, և թշնամին երբեք չի կարող դառնալ հումանիստ։ Այս պատկերը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում ոչ միայն հայի ` իր պատմական հողում ապրելու իրավունքի պայքարն է միայն, այլ ամենասուր ձևով դրված է մարդկային քաղաքակրթության գոյության ապագան...
Եվ որքան կարող ենք, ամբողջ համահայակական ներուժը գործի դնելով` Արցախի շրջափակման խնդրին պետք է տանք համամարդկային հնչողություն։ Արցախցին` Հայը և այդ «կարմիր կիսալուսնի » երկիրը քաղաքակրթական հակոտնյաներ են։
Արցախը շարունակում է պայքարը` մեր թշնամու և «մշտնջենական շահերով» առաջնորդվող աշխարհի դեմ։ Եվ այդ պայքարը բոլորս պիտի պսակենք մեր պատմական արդարության իրավունքի ամրագրմամբ։
Արցախի հողը մեր բոլոր ժամանակների պատերազմների հերոսների արյամբ է սրբացել։ Արցախը եղել է, կա և պիտի՛ պահենք հայկական` իր քրիստոնեական արժեքներով, հոգևոր-մշակութային ժառանգությամբ։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ