Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Արցախի ԱԳՆ-ն մտահոգված է «Գորշ գայլեր»-ի՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում նախագծեր իրականացնելու մտադրությամբ

Արցախի ԱԳՆ-ն մտահոգված է «Գորշ գայլեր»-ի՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում նախագծեր իրականացնելու մտադրությամբ
01.02.2021 | 23:28

Արցախի ԱԳՆ-ն մտահոգված է «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում որոշ նախագծեր իրականացնելու մտադրությամբ։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հունվարի 16-ին ցույց էր տվել դպրոցի էսքիզների լուսանկարները, սոցցանցերում էլ գրել էր, որ եթե երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թույլ տա, Շուշիում 9 դասասենյակներով դպրոց կկառուցեն, որը կարող է կոչվել Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյովի անունով։ Նրա գրառումից երկու շաբաթ չանցած թուրք ազգայնականների պատվիրակությունը Բաքվում էր՝ ծրագրերը տեղում քննարկելու համար։

«Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար, - հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն: -Այն փաստը, որ այդ ուժերը օկուպացված Շուշիում իրենց նախագծերի իրականացման համար ստացել են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, վկայում է Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ, արդար կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու ծրագրերի մասին»։
Արցախի ԱԳՆ-ի համոզմամբ՝ ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ, Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։


«Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման և պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը», - ասված է Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունում:


Ֆրանսիայի կառավարությունը նոյեմբերի սկզբին պաշտոնապես արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի տարածքում։ «Այս կազմակերպությունը խտրականություն և ատելություն է տարածում, իսկ դրա անդամները ներգրավված են բռնի գործողություններում», - Թվիթերում գրել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ «Գորշ գայլեր» կազմակերպությունը ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Լիոնում տեղի ունեցած մի շարք հակահայկական բնույթի միջադեպերից հետո։ Դրանցից մեկի ընթացքում հարձակման էին ենթարկվել Լիոնում ապրող հայերը, չորս մարդ վիրավորվել էր։ Թուրք ազգայնականները նաև պղծել էին Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։

Դիտվել է՝ 3327

Մեկնաբանություններ