Այս օրերին Արցախում մեծ առաքելություն են իրականացնում Հիպոկրատի երդվյալները, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից կազմ ու պատրաստ են՝ ամեն գնով փրկելու մարդկային կյանքեր: Ճարտար քաղաքի բժշկուհի Հասմիկ Ղահրամանյանը հազիվ ժամանակ գտավ, որ մի քանի խոսք փոխանակի: Անցուդարձն այնքան շատ է լինում, որ պարզապես բուժանձնակազմը ամբողջ օրը զբաղված է, ամեն մեկն իր պարտականությունը գիտի, որն էլ փայլուն են կատարում:
Բժշկուհին համեստորեն տոպրակներից հանում է Հայաստանից օգնության տեսքով եկած դեղորայքը, վիրակապերը ու խնդրում Աստծուն, որ դրա կարիքը երբեք չլինի: Արդեն հարմարվել են նկուղային պայմաններին, չնայած մի քիչ անսովոր է նման պայմաններում աշխատելը, բայց այս դժվարությունն էլ կհաղթահարեն: Բոլորի տրամադրությունը բարձր պահելով` ազատ ժամանակ հիվանդանոցի տարբեր մասերով քայլում է, ասում է ՝ վախենալու բան չկա, թող իրենք վախենան, մեզ ի՞նչ է եղել:
«Հայը փայլում է ճակատում և թիկունքում»։ Այո, այդպես է: Ամուր թիկունքն էլ է շատ կարևոր, և վստահաբար կարող եմ ասել, որ ամուր, ավելին՝ ամենաամուր թիկունքն ունենք, իսկ սահմանի քաջ տղաների մասին դեռ դարերով կխոսենք, քանի որ նրանց բացառիկ հայրենասիրությունն է փրկում մեզ: Դեռ կանք: Կհաղթենք ու կլինենք:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ