«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մեծ ձեռքբերում կլինի, եթե երեխաներից ոմանք ընտրեն հնագետի մասնագիտությունը»

«Մեծ ձեռքբերում կլինի, եթե երեխաներից ոմանք ընտրեն հնագետի մասնագիտությունը»
02.06.2017 | 08:14

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացներին այս տարի մասնակցում են միջին և բարձր դասարանների ավելի քան 25 դպրոցականներ: Թանգարանի` հանրության հետ կապերի հանրահռչակման բաժնից տեղեկացրին, որ հետաքրքրությունը մեծ է, դեռ շարունակում են զանգել, հետաքրքրվել մասնակցության համար: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:


Կրթական այս ծրագիրը Հայաստանում աննախադեպ է: Աշակերտների շրջանում կան և՛ աղջիկներ, և՛ տղաներ: Երեխաներին ընդունում են` հաշվի առնելով պարզապես նրանց սերը, հետաքրքրությունը պատմության, հնագիտության հանդեպ:


Դասընթացի հեղինակը և վարողը հնագետ, արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆՆ է: «Իրատեսի» հետ զրույցում հնագետն ասաց, որ դպրոցի հիմնական նպատակն է պատանիներին ծանոթացնել մեր պատմամշակութային ժառանգությանը, նշելով նաև, որ Հայաստանում հնագետների թիվն այնքան էլ շատ չէ, մեծ ձեռքբերում կլինի, եթե երեխաներից ոմանք ընտրեն հնագետի մասնագիտությունը: Արդեն իսկ սաներից մեկն ընտրել է այդ ուղին և մասնակցում է պեղումներին:


Հետաքրքրվեցի, թե որտեղ են անցկացվում գործնական պարապմունքները: Զրուցակիցս տեղեկացրեց, որ «Էրեբունի» թանգարանին կից ունեն հատուկ արհեստական պեղավայր` Էրեբունի ամրոցի մի քանի կառույցների իմիտացիան, որ ծածկում են հողով: Կարասներ են, ջրատարներ, խեցեղեն, արհեստական կմախք և այլն: Պատանի հնագետներն այստեղ աշխատում են, պեղում, որից հետո, եթե բարեհաջող հանձնում են քննությունը, ստանում են հավաստագիր և բեյջ: «Պարտադիր չէ, որ դպրոցի շրջանավարտները հնագետ դառնան, նրանք դառնում են թանգարանի բարեկամը, հասկանում են, որ պատմամշակութային ժառանգության կրողն են, հանրահռչակողը: Այսօր մեր շրջանավարտներն իրենց ընկերների հետ գալիս են թանգարան և սկսում են ներկայացնել, բացատրել թանգարանային ցուցադրությունը: Այսինքն, դպրոցը նպաստում է նաև թանգարանի հանրահռչակմանը և ամրապնդում կապը հանրության հետ»,- ասաց Միքայել Բադալյանը, ցավով նշելով, որ դպրոցի սաները միայն Երևանից են, հնարավորություն չունեն մարզերում դասընթացներ անցկացնելու: Կրթական այս ծրագիրն արդեն 7-րդ տարին իրականացվում է անվճար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ