«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ապագայի կառուցման կարևորագույն սկզբունքը նորարարության գերակայությունն է նորամուծության նկատմամբ

Ապագայի կառուցման կարևորագույն սկզբունքը նորարարության գերակայությունն է նորամուծության նկատմամբ
13.12.2016 | 00:14

«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան դեկտեմբերի 9-10-ին անցկացրել է «Ոչ դաս-դասարանային համակարգերի կայացման հիմնահարցերը» թեմայով գիտաժողով։
Գիտական համաժողովը մեկնարկել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Այստեղ ասոցիացիայի կողմից պատվոգրերի արժանացան կրթության ոլորտի մի խումբ աշխատակիցներ։ Բացի այդ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին ասոցիացիայի գիտական ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ինչպես նաև ասոցիացիայի հետ սերտորեն համագործակցող ռուսաստանցի և ղազախստանցի գործընկերներ։


«Մանկավարժական նախաձեռնության նվաճումները ոչ դաս-դասարանային համակարգի կայացման գործընթացում» թեմայով ելույթ ունեցավ ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանը։ Նա ներկայացրեց 1997 թ. ստեղծված «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի պատմությունը, գործունեությունը։ Ըստ նրա՝ կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանում կրթական նոր իրողության կայացմանը, աջակցել կրթության ոլորտում նորարարական գործընթացների ծավալմանը։ Ասոցիացիան ստեղծվել է հանրապետությունում այլընտրանքային, ոչ դաս-դասարանային համակարգի ներդրման և կայացման նպատակով։ Այն, ըստ բանախոսի, ապագայի կրթական համակարգն է լինելու։
Արա Իսպիրյանի տեղեկացմամբ՝ ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ ծրագրեր տարբեր ուղղություններով։ Կառույցի գործունեության հիմնական ուղղություններից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստումն է։ Անցած տարիներին այստեղ վերապատրաստվել է մոտ 400 ուսուցիչ։ Լինելով ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության կրողը և Հայաստանում տարածողը՝ ասոցիացիան վերապատրաստումներն իրականացնում է կոլեկտիվ ուսուցման պարապմունքների միջոցով։ Ի դեպ, ասոցիացիայի կողմից վերապատրաստված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար դառնալու բոլոր թեկնածուները ստացել են ուսումնական հաստատության ղեկավարի իրավունքի հավաստագրեր։


Ասոցիացիան պրակտիկ գործունեություն է ծավալում հանրապետությունում ուսուցման կոլեկտիվ եղանակի ներդրման ուղղությամբ։ 2005 թվականից ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման տարբեր մակարդակներում գործում են ասոցիացիայի հենակետային կրթօջախները՝ «Բյուրակն» կրթահամալիրը, Երևանի թիվ 118 և 16, Գառնու թիվ 2 ավագ դպրոցները, ինչպես նաև Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցը։ Այս կրթօջախներում ուսումնասիրվում, մշակվում և կիրառվում են դաս-դասարանային մոդելից արմատապես տարբերվող մոդելներ, որոնք շուտով կհրատարակվեն որպես ձեռնարկներ։ Ասոցիացիան կազմակերպում է նաև գիտաժողովներ, սեմինարներ։


«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի գիտական ղեկավար Մանուկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ «ՈՒսուցման ոչ դաս-դասարանային համակարգի կայացման նախապատմությունն ու հեռանկարները» թեմային։ Պարոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ ապագայի կառուցման կարևորագույն սկզբունքը նորարարության գերակայությունն է նորամուծության նկատմամբ։ Մեզ մոտ շեշտը պետք է դրվի ոչ թե նորամուծությունների վրա, այլ պետք է ստեղծվեն նոր բաներ։ «Մեր ազգի և երկրի համար դա կարևոր սկզբունք է, որովհետև եթե մենք տարվենք նորամուծություններով, մենք մեզ հավերժ կմատնենք առաջ գնացածների հետևից ընթանալուն։ Նման բաներից խուսափելու երաշխիքը միայն մեկն է՝ ոչ թե նորամուծություններով զբաղվել, այլ նորարարություններով»,- նշել է Մանուկ Մկրտչյանը։


Գիտաժողովը շարունակվել է «Բյուրակն» կրթահամալիրում՝ սեկցիոն քննարկումների ձևաչափով։ Ներկայացվել և քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ «ՀՀ հանրակրթության գնահատման համակարգը», «Ոչ դաս-դասարանային համակարգերը 20-րդ դարասկզբին», «Որակյալ ուսուցման իրականացման հիմնահարցերը», «Ոչ դաս-դասարանային համակարգի կայացման օրենսդրական առանձնահատկությունները» և այլն։
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է, որ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան զբաղվում է կրթության կազմակերպման՝ փիլիսոփայական տեսական, մեթոդական և գործնական հարցերով։ Եվ նման գիտաժողովների, հավաքների ընթացքում քննարկվում են այդ խնդիրները։

Պարոն Մկրտչյանը նկատել է, որ նախաձեռնությունը ստեղծման առաջին տարիներից աշխատանքներ է տանում ոչ դաս-դասարանային համակարգը Հայաստանում կիրառելու ուղղությամբ։ Բոլոր նրանք, որ սկսել են գոնե ուսումնական պարապմունքների մակարդակով ինչ-որ քայլեր անել, բավականին ոգևորված են։ Այսօրվա դրությամբ չունենք դեպք, երբ ուսուցիչը սկսի կիրառել ոչ դաս-դասարանային համակարգը և հետագայում հրաժարվի դրանից։ Պարոն Մկրտչյանը շեշտել է, որ այն, ինչ կիրառում են իրենց շարժման ներկայացուցիչները, նորարարություններ են։ Սակայն դա չի նշանակում, թե անտեսվում են այլ նվաճումները։ Նախկին նվաճումներն օգտագործվում են սեփական նորարարության շրջանակում։ «Ես նորարարություն համարում եմ ցանկացած քայլ, որն ուղղված կլինի դաս-դասարանային համակարգի շրջանակներից դուրս գալուն։ Հայաստանում բավականին հետաքրքիր բարեփոխումներ են արվում, որոնց մի մասը համահունչ է աշխարհում եղած առաջավոր գաղափարներին»,- ասել է պարոն Մկրտչյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ