«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար

Պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար
07.12.2016 | 11:38

ՀՀ վարչապետի որոշմամբ նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստն անցկացրել է աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկմանը ներկա էին միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների տեղակալները, նախագահի և վարչապետի աշխատակազմերի, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ:


Հանդիպմանը մասնակցել է ծրագրի նախաձեռնության հեղինակ UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում լուրջ ներդրում ունեցող IDeA հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` նպատակ ունենալով Դիլիջանում ստեղծել կրթական նոր կլաստեր: Նախարարի խոսքով, իր տեսակի մեջ կլաստերի այս գաղափարը դեռևս եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն նաև գիտության բաղադրիչը: «Այն լուրջ հնարավորություններ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է Դիլիջանում արմատապես իրավիճակ փոխել: Այս գաղափարը շատ մեծ է, հեռանկարային, ծավալուն և տարիների աշխատանք պահանջող: Այն մեր պետության համար առաջնահերթություն համարվող ծրագրերից մեկը կարող է լինել: Այժմ մեր խնդիրն է աշխատանքների կազմակերպման առաջին փուլում գործընթացը ճիշտ հունի վրա դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական դաշտը, այնուհետև անցնել ծրագրի պիլոտային մասի կազմակերպմանը: Որպես կրթության նախարար ես չափազանց հետաքրքրված եմ այս նախաձեռնությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար: Երկրում գործող գերազանցության կենտրոնները պետք է լոկալ չգործեն, այլ նպաստեն պետության ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը:

«Ես ուրախ եմ, որ մեր բարերարները 21-րդ դարի մտածողության կրողն են և իրենք են ցուցաբերել այս նախաձեռնությունը, որը մեր կողմից մեծ աջակցություն կստանա»,- նշել է Լևոն Մկրտչյանը:


Ներկայացնելով ծրագրի մանրամասները` UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ Հայաստանում իրենց կրթական ծրագրերը ծառայում են երկիրը կրթական կլաստեր դարձնելու նպատակին: «Այդ նպատակները շատ հավակնոտ են, և կարելի է հասնել միայն ջանքերը միավորելու դեպքում: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր բոլոր ծրագրերը իրականացնել մասնավոր կամ ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին»,- նշել է նա` տեղեկացնելով, որ այս ծրագրով որոշակի ներդրողների և բարերարների մեծ հետաքրքրություն կա: Քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կրթական կլաստերի ստեղծման համար իրավական հիմքերը և միջգերատեսչական հանձնախմբին կներկայացնի եզրակացություն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ