Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Կայցելի՞ Հռոմի պապը Լեռնային Ղարաբաղ

Կայցելի՞ Հռոմի պապը Լեռնային Ղարաբաղ
11.04.2016 | 16:47

Սուրբ Աթոռը հաղորդել է Ֆրանցիսկոս պապի Կովկաս երկու առանձին այցերի մասին: Առաջինը՝ Հայաստան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի աշխարհիկ ղեկավարության հրավերով հունիսի 24-26-ին: Երկրորդը՝ Վրաստանի պատրիարքի և Վրաստանի ու Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունների հրավերով՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Այցի ծրագիրը դեռ հայտնի չէ: Vatican insider-ը (Հռոմ) գրում է, որ պատասխանելով լրագրողի հարցին՝ Լեռնային Ղարաբաղ կգնա՞ պապը, կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին ասել է. «Ես ասում եմ, որ ծրագրված է երկու այց՝ Հայաստան, հետո նաև Վրաստան ու Ադրբեջան: Այս պահին ոչինչ չունեմ ավելացնելու»:
Եթե Լեռնային Ղարաբաղին պարտադրվի լիարժեք պատերազմ, հետևանքները ծայրահեղ վտանգավոր են լինելու՝ L'Agenzia Servizio Informazione Religiosa (Հռոմ)-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Ալդո Ֆերարին: Իրավիճակը տարածաշրջանում կայուն չէ արդեն 20 տարուց ավելի: Բախումներ եղել են և նախկինում, բայց հիմա, կարծես, կատարվել է վատագույնը, քան եղել է երբևէ: Ինչո՞ւ հենց հիմա: Ֆերարին կարծում է, որ կամ Ադրբեջանը ցանկացավ ուժ ցուցադրել, որ վերադարձնի հայերի վերցրած մարզը, կամ հարձակումը նախաձեռնվել էր՝ ադրբեջանական բնակչության ուշադրությունը շեղելու ներքին խնդիրներից (նավթի գնանկումին հետևած տնտեսական ճգնաժամից) և ժողովրդի ուշադրությունը կենտրոնացելու արտաքին քաղաքականության վրա: Կոնֆլիկտը հավելվում է ապակայունացված Մերձավոր Արևելքին: Ռուսաստանն աջակցում է Հայաստանին, որի հետ դաշինք ունի, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանին: Իրավիճակը ճգնաժամային է, բայց հույս կա, որ ինչպես արդեն անցյալում եղել է, հնարավոր հետևանքների ծանրությունը կողմերին կկանգնեցնի և հնարավոր կլինի խուսափել հետագա լարումից: Թեպետ մյուս կողմից՝ տեսեք՝ ինչ կատարվեց Սիրիայում, Լիբիայում, Իրաքում:
AsiaNews (Հռոմ)-ը գրում է Լեռնային Ղարաբաղից տագնապալի լուրերի մասին, որոնք հաստատում են, որ ադրբեջանական բանակում կռվում են ԴԱԻՇ-ի զինյալները՝ Թուրքիայով Սիրիայից վերադարձած: Արևմտյան փորձագետները արձանագրում են, որ կոնֆլիկտի ժամանակ «ադրբեջանցիները տարբերություն չեն դրել զինվորների ու քաղաքացիական անձանց միջև»: Ղարաբաղի հետախուզությունը, հղում անելով խոսակցությունների ռադիոգրերի վրա, հաղորդել է, որ օգտագործվում են ժարգոնային բառեր, որոնք բնորոշ են Սիրիայում ու Իրաքում կռվող ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին: Միջազգային ԶԼՄ-ները գրում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման մասին, իրականում ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև են: Հայկական բանակը ոչ մի կրակոց չի արձակել: Արևմտյան լրատվամիջոցներն ու կառավարությունները անտեսում են կարևորագույն փաստը, որ մի քանի օրում այդ «կայծակնային պատերազմը» փոխեց Կովկասի փխրուն հավասարակշռությունը: Եթե տեղեկատվությունը հաստատվի, որ Ադրբեջանի կողմից կռվում են ԴԱԻՇ-ի ջիհադականները, երկարաժամկետ աղետալից հետևանքներ կլինեն: Թուրք հրահանգիչների ներկայությունն Ադրբեջանում միայն մեծացնում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը: Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որ կողմնորոշված է սուննիական Սաուդյան Արաբիայի կողմը, անսպասելի հայտարարություն արեց՝ համերաշխություն հայտնելով շիական Ադրբեջանին: Կոնֆլիկտը կարծես մերձեցման դուռ է բացում Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Նրանց արտաքին գործերի նախարարները հանդիպեցին Իրանում, որ քննարկեն իրավիճակը: Ադրբեջանի զենքի 40 %-ը իսրայելական է: Իրավիճակում միակ տանուլ տվածը, կարծես, Ռուսաստանն է, որ հայտնվել է պատերազմի սպառնալիքի առաջ՝ ջիհադիստների իր սահմաններին մոտենալով: ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը այս պատկերից լիովին բացակայում են:
Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցու և մյուս հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել են կառավարությանը՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու խնդրանքով՝ տեղեկացնում է KATHPRESS-ը (Վիեննա): Նրանք համոզված են, որ «Ադրբեջանի կառավարությունը պետք է հստակ հասկանա, որ Ավստրիան պասիվ չի մնա իբրև ԵՄ անդամ երկիր»: Ադրբեջանի գրոհները Լեռնային Ղարաբաղի վրա վտանգում են խաղաղությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային ասպարեզում: Այդ պատճառով՝ դիմումի հեղինակները կարծում են, որ անհրաժեշտության դեպքում Բաքվի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն:
Գերմանական Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը իշխող կուսակցություններին կոչ է արել հիշել Թուրքիայի քրիստոնյաների մասին՝ հաղորդում է Kath.net (Լինց, Ավստրիա): ARD հեռուստաալիքով նա ասել է. «Թուրքիայում եկեղեցիները պղծվում են, քրիստոնեական համայքների շենքերը առգրավվում են»: Այս գնահատականները հնչել են ԵՄ-ի ու Թուրքիայի միջև փախստականների հարցով վիճելի պայմանագրի կնքման առիթով, որը Կանաչների կուսակցության համանախագահը համարում է շատ հապճեպ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պարզ է, չէ, ինչո՞ւ աշխարհը չի շտապում միջամտել: Անցած տարիներին Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծել են համատեղ առասպել ռազմավարական համագործակցության ու դաշնակցության մասին՝ ըստ պայմանագրերի, իսկ Արևմուտքը պայմանագրերը հարգում է և դաշնակիցներին չի գցում: Փաստացի՝ ոչ այնքան ռուսական հարձակողական, ժամանակակից զենքի վաճառքն է Ադրբեջանին այդքան վտանգավոր, որքան միջազգային ասպարեզում հաստատված ընկալումը, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է: Այսօր այդ ընկալումը ավելի ցավոտ է խփում Հայաստանին ու պաշտպանում է Ռուսաստանին: Ժամանակ է պետք, որ Արևմուտքում ընկալումները իրականությանը համարժեք դառնան՝ պայմանով, որ ապահովվի ոչ թե քաղաքական, այլ իրադարձությունների ընթացքն արտացոլող տեղեկություններ: Այսօր դեռ իներցիայով՝ նրանք կարծում են, որ իրավիճակը կարող է ավելի լարել Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, մինչդեռ տեղի է ունենում հակառակը: Տեղեկացվածության պակասն է վկայում նաև այն փաստը, որ Հռոմում զարմանում են, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը համերաշխություն է հայտնում Ադրբեջանին և համարում են, որ շիական է Ադրբեջանը, մինչդեռ այնտեղ գերակշռում են սուննիները: Տեղեկատվական պատերազմը նաև տեղեկատվության գոյություն չունենալով է լինում:

Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ