Տասը հարց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ ԼԱԶԱՐ ԵՍԱՅԱՆԻՆ:
-Շուրջ մեկ տարի է, ինչ գործողության մեջ է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը: Ինչքա՞ն է այն նպաստել ստոմատոլոգիական ոլորտի զարգացմանը:
-Այո, շուրջ մեկ տարի է, ինչ «առողջապահության ոլորտից անջատված» ստոմատոլոգիայի համար գործում է արտոնագրային վճարը: Առաջին հայացքից այն կարծես ավելի դյուրին է. վճարում ես ինչ-որ հաստատագրված գումար և ազատվում ավելորդ հաշվարկներից ու քաշքշուկներից: Սակայն բուն ստոմատոլոգիայի զարգացման համար, այնուհանդերձ, այն ունեցավ արգելակի դեր, քանզի արդյունքում փակվեցին կլինիկաներ, իսկ խոշոր կլինիկաներում կրճատվեց ստոմատոլոգիական համասարքերի քանակը:
Նշեմ, որ շատերի համար երկար տարիներ դեռևս անհասանելի կլինի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ սարքավորումների գնման երազանքը: Էլ չեմ ասում ստոմատոլոգիական զբոսաշրջության մասին, որի առումով նույնպես կունենանք պացիենտների քանակի զգալի նվազումներ:
-Վերոնշյալ օրենքի շրջանակներում քանի՞ տոկոսով են ավելացել ատամնաբուժական ծառայությունների կամ միջամտությունների դիմաց բնակչության կողմից կատարվող վճարումները:
-Ինձ հասած տվյալների համաձայն, ծառայությունների դիմաց վճարի գնաճը հիմնականում 30-50 տոկոսի չափով է:
-Օրենքում ինչպիսի՞ բացեր և բացթողումներ կան, որոնք, ըստ Ձեզ, լրացման կարիք ունեն:
-Բացթողումների մասին բազմիցս խոսել եմ: Բացի արտոնագրային վճարի չափից, որը բավականին բարձր է, օրենքում չկա դիֆերենցված (տարբերակված) մոտեցում ինչպես տարբեր մասնագիտությունների (ատամնային իմպլանտացիա, օրթոպեդիկ, մանկական թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններ), այնպես էլ սկսնակ ու փորձառու մասնագետների միջև:
Նկատի չեն առնվել նաև ուսումնական պրոցեսի առանձնահատկությունները: Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնական պրոցեսը պատշաճ կազմակերպելու և որակյալ մասնագետներ պատրաստելու համար ստոմատոլոգիական համասարքերի քանակի ավելացման փոխարեն ԵՊԲՀ ստոմատոլոգիական կլինիկաներում աշխատում է առկա համասարքերի 50-60 տոկոսը:
Նկատի չեն առնվել նաև մանկական ստոմատոլոգիայի, սահմանային գոտում ապրողների, հիվանդանոցներում, ծննդատներում, հոգեբուժարաններում գործող ստոմատոլոգիական կաբինետների (որոնք նախատեսված են առաջնային զննման և առաջին բուժօգնության իրականացման համար), ատամնատեխնիկական գործունեությամբ զբաղվողների, ռենտգենախտորոշում իրականացնողների առանձնահատկությունները:
ՈՒզում եմ նշել նաև, որ անցած տարի, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ կառավարությանը ներկայացրած երկու պարզաբանումների շնորհիվ թեթևացվեց ատամնատեխնիկներից հարկումը, միաժամանակ հարկման դաշտից հանվեց ռենտգենախտորոշման (տվյալ կլինիկայի պացիենտների ախտորոշմանը և բուժման գործընթացին մասնակից) բազկաթոռը:
-Այսօր ինչպիսի՞ հիմունքներով կամ եղանակներով են իրականացվում բնակչության սոցիալապես անապահով խավերի, թոշակառուների, ինչպես նաև մանկական տարիքի երեխաների ատամնաբուժության հետ կապված խնդիրները: Խնդրում եմ նշեք ատամնաբուժության ոլորտում վերջիններիս համար նախանշված արտոնությունների և մատուցվող ծառայությունների ձևերի մասին:
-Բնակչության սոցիալապես անապահով խավերի, թոշակառուների (65 տարեկան և ավելի), ինչպես նաև մանկական տարիքի երեխաների (մինչև 8 և միայն 12 տարեկան) ստոմատոլոգիական ոչ թանկարժեք միջամտություններն իրականացվում են անվճար: Ասել է` նշված պացիենտների ծախսերը հոգում է պետությունը:
Վերոհիշյալ գործընթացներն իրականացնում են պետության հետ պայմանագիր ունեցող Երևանի 24 և մարզային 23 ստոմատոլոգիական կլինիկաները:
-Ներկայումս քանի՞ սովորող ունի բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: ՈՒսումնառության ընթացքում վերջիններս որտե՞ղ են մասնագիտական փորձառություն ձեռք բերում: Ապագա մասնագետների համար ունե՞ք համալսարանին կից գործող օժանդակ ստոմատոլոգիական կառույց:
-ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետում ներկայումս սովորողների թիվը 1100 է: Մագիստրատուրան ավարտելուց հետո վերջիններիս մեծ մասը մասնագիտանում է ինչպես ԵՊԲՀ ստոմատոլոգիական ամբիոնների բազա հանդիսացող ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում, այնպես էլ արտերկրում:
Նշեմ, որ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետում, մեր ուսանողների հետ, զուգահեռաբար, այսօր սովորում են մոտ 170 կլինիկական օրդինատոր և 35 (ստոմատոլոգիական տարբեր մասնագիտություններով) բժիշկ ինտերն:
-Որպես ՀՀ գլխավոր ստոմատոլոգ՝ ի՞նչ կասեք վերջին տասը տարում մեր երկրում զարգացող իմպլանտոլոգիայի մասին: Նշված ոլորտը համապատասխանո՞ւմ է եվրոպական չափորոշիչներին: Իմպլանտոլոգայի մասնաճյուղ համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում կա՞, թե՞ տվյալ ոլորտի մասնագետները վերաորակավորվում են արտերկրում:
-Ասեմ, որ ամբողջ աշխարհում բուռն զարգացող ատամնային իմպլանտացիան վերջին տասը տարում Հայաստանում նույնպես ընթանում է եվրոպական չափանիշներին համահունչ, քանի որ ատամնային իմպլանտացիայով զբաղվող բժիշկներ ունեինք դեռևս խորհրդային տարիներին: Այսօր բարձրակարգ, մեծաթիվ մասնագետների կողքին կան նաև այնպիսի բժիշկներ, ովքեր, ունենալով ատամնաբուժական համապատասխան կրթություն, փորձում են մասնագիտանալ նաև այդ ոլորտում:
Այս առիթով նշեմ, որ ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնում 2013 թվականի սեպտեմբերից իրականացվում են ատամնային իմպլանտացիայով մասնագիտացման վեցամսյա դասընթացներ. ավարտողները կարող են իմպլանտոլոգ աշխատել օրինական դաշտում:
-Քանի՞ տեսակի իմպլանտ է կիրառվում Հայաստանում, և արտերկրի հատկապես ո՞ր ֆիրմաների արտադրանքն է համարվում լավագույնը:
-Հայաստանում ներկայացված է ավելի քան 30 ֆիրմաների արտադրանք, սակայն ինձ համար միշտ նախընտրելի են եղել գերմանական և շվեյցարական արտադրանքները:
-Ովքե՞ր են պատասխանատու տվյալ ոլորտի կանոնակարգման և հետագա զարգացման համար:
-Ոլորտի զարգացմանն աջակցում են ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունն ու Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնպես էլ մի շարք մասնավոր ընկերություններ և հասարակական կազմակերպություններ: Օրինակ, անցած տարի մայիսին «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիան» ԵՊԲՀ-ի հետ համատեղ կազմակերպեց միջազգային կոնֆերանս` նվիրված ատամնային իմպլանտացիային:
Հավելեմ, որ ատամնային իմպլանտացիայով կարող են զբաղվել այն կլինիկաներն ու բժիշկները, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա և մասնագիտացում:
-Ժամանակակից սարքավորումներով հագեցած քանի՞ ատամնաբուժական կլինիկա է գործում ՀՀ-ում, դրանցից քանի՞սն ունեն իմպլանտոլոգիական ուղղվածություն: Քանի՞ աշխատող է ընդգրկված նշված կառույցներում:
-Այսօր Հայաստանում կան 807 լիցենզավորված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներ, որոնցից շուրջ 30-ն ունի ատամնային իմպլանտացիայով զբաղվելու իրավունք: Ինչ վերաբերում է աշխատողներին, ապա նրանց թիվը ստույգ ասել չեմ կարող:
-Ոլորտին անհրաժեշտ դեղորայքը, պատրաստուկները և սարքավորումները որտեղի՞ց են ձեռք բերվում:
-Ոլորտին անհրաժեշտ ամեն ինչ ձեռք ենք բերում ներկրող մասնավոր ընկերություններից:
Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ