Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մանկաբո՞ւյժ, թե՞ ընտանեկան բժիշկ

Մանկաբո՞ւյժ,  թե՞ ընտանեկան բժիշկ
31.01.2014 | 11:16

Բժշկության մեջ մանկաբուժությունը, թերևս, ամենակարևոր և պատասխանատու ուղղություններից մեկն է: Սակայն մեզանում սա ևս, ինչպես ամեն ինչ, առանց խնդիրների առաջ չի գնում: Մանկական պոլիկլինիկայի բազմաթիվ մանկաբույժներ մեզ հետ զրույցում նշեցին, որ մոտ ապագայում հնարավոր է իրենք գործազուրկ դառնան, քանի որ մանկական պոլիկլինիկաները փակվելու են, և իրենց գործառույթներն այլ ոլորտ է իրականացնելու: Այս խնդրի առնչությամբ «Իրատես de facto»-ն զրուցեց առողջապահության, մայրության և մանկության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ և առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
Մասնագիտությամբ մանկաբույժ Արա Բաբլոյանը նախ նկատեց, որ մանկաբուժությունը, որպես մասնագիտություն, չի կարող վերանալ: «Փակվել է մանկաբուժության ֆակուլտետը, որը ի սկզբանե սովորեցնում էր երեխաների բժշկությունն ու առողջապահությունը: Զարգացած աշխարհում բժշկությունը չի բաժանվում մեծերի, փոքրերի և այլն»,- մասնավորեցրեց պատգամավորը և շեշտեց, որ բժշկական համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է տիրապետի ներարգանդային կյանքի զարգացման փուլերին՝ մինչև ծերունական տարիքի բոլոր հիվանդությունները: Այս կրթական պաշարով հանդերձ, եթե բժիշկը ցանկանում է նաև մասնագիտանալ, օրինակ, մանկաբուժության, սրտաբանության, վիրաբուժության մեջ, կարող է գնալ այդ ճանապարհով: Սակայն այսօր Հայաստանում կիրառվում է նաև ընտանեկան, այսինքն, առաջնային բժշկի մոդելը: Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ մեծերին բժշկական օգնություն էին ցուցաբերում թերապևտները, իսկ երեխաներին` մանկաբույժները, այսօր այդ երկու գործառույթը իրականացնում է մեկը` ընտանեկան բժիշկը: «Այս պարագայում պոլիկլինիկական մանկաբույժների թիվը խիստ նվազում է, և այս առնչությամբ մենք դեռ անելիքներ ունենք: Պիտի կարողանանք բարելավել երեխաների մանկաբուժական սպասարկման խնդիրն առաջին օղակում»,- նշեց Արա Բաբլոյանը, ով նաև Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է ու այս մոդելի ընդունման ժամանակ իր անհանգստություններն է հայտնել: «Բժշկության առաջին օղակը կարող է կիրառել երկու մոդել, որոնք մեկը մյուսին չեն հակասում: Այսինքն, քաղաքային հատվածում, որտեղ մեծ է բնակչությունը, կարելի է թույլ տալ, որ մարդիկ ընտրեն իրենց ընտանեկան մանկաբույժին, իսկ տասնութ տարին լրանալուց հետո դիմել ընտանեկան բժշկին: Գյուղական վայրերում, որտեղ բնակչությունը քիչ է, դժվար է ունենալ երկու մասնագետ: Այս պարագայում կարելի է կիրառել ընտանեկան բժշկի մոդելը»,- վերստին ընդգծեց առողջապահության, մայրության և մանկության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ մեզ հետ զրույցում նախ հերքեց, որ մանկական պոլիկլինիկաները երբևէ կփակվեն, հետո էլ նշեց, որ Երևանի բժշկական համալսարանը շատ վաղուց չի պատրաստում մանկաբույժներ: Սակայն ամեն տարի, նախարարի վստահեցմամբ, իրենք բժշկական համալսարանին պատվիրում են մանկաբույժների պատրաստում: «Անհանգստանալու որևէ խնդիր մանկական պոլիկլինիկաների բժիշկները չունեն»,- ասաց Դումանյանը, իսկ մեր այն դիտարկմանը, թե արդյոք մանկաբույժները չե՞ն փոխարինվելու ընտանեկան բժշկով, վստահեցրեց. «Ոչ, ոչ, նման բան չկա»:
Մանկական պոլիկլինիկայի բուժաշխատողներին մնում է միայն հավատալ իրենց ոլորտի ղեկավարի խոսքին ու չտագնապել, որ առաջիկայում կարող են գործազուրկ դառնալ: Այդուհանդերձ, հարց է առաջանում` ընտանեկան բժիշկը և մանկաբուժությունը առանձին մոդելո՞վ են լինելու, թե՞ ինչ-որ պահի նախարարը կփոխի իր դիրքորոշումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ