Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Պոլիոմիելիտի կանխարգելման միջոցառումները շարունակվում են

Պոլիոմիելիտի կանխարգելման միջոցառումները շարունակվում են
19.11.2013 | 11:43

Հայաստան պոլիոմելիտի վարակի ներբերման դեպքում վարակի հետագա տարածման կանխարգելման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում ուսումնասիրվում են մինչև վեց տարեկան բոլոր երեխաների բժշկական փաստաթղթերը: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այն երեխաները, որոնք պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ չունեն կամ թերի են պատվաստված հրավիրվում են պատվաստումների: Իրազեկման աշխատանքներ են տարվում պոլիոմիելիտի պատվաստումներից հրաժարված ծնողների, ինչպես նաև երկիր ժամանած սիրիահայերի շրջանում:

Մինչև 15 տարեկան սիրիահայերը, ովքեր չունեն բժշկական փաստաթղթեր կամ պոլիոմիելիտի դեմ չեն պատվաստվել առնվազն երեք դեղաչափով, դարձյալ հրավիրվում են պատվաստումների: Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունը, ըստ պոլիովիրուսների տարածման, դասվում է ցածր ռիսկայնություն ունեցող երկրների շարքում: Այդ մասին է վկայում մեր երկրում պոլիոմիելիտի դեմ երեք դեղաչափ պատվաստումներում երեխաների ընդգրկման բարձր ցուցանիշը (97%), որն ապահովում է վայրի պոլիովիրուսի հանրապետություն ներկրման դեպքում բնակչության շրջանում հետագա տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ իմուն շերտի առաջացումը: Բացի այդ, երկրում տարիներ շարունակ իրականացվում է պոլիոմիելիտի ախտանշանային հսկողություն (սուր թորշոմած կաթվածահարության)` պոլիոմիելիտի կասկածելի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով: Սիրիայի բռնկման հետ կապված բուժաշխատողների շրջանում կրկին իրականացվել են իրազեկման խորհրդատվություններ` պոլիոմիելիտի կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշման և դեպքի վաղաժամ հայտնաբերման, դրանից բխող այլ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոյեմբերի 11-ի տեղեկատվությամբ Սիրիայի Արաբական Հանրապետությունում 13 դեպքի մոտ հաստատվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտությամբ պարզվել է, որ անջատված վիրուսներն, ամենայն հավանականությամբ, կապված են 2012 թվականի դեկտեմբերին Եգիպտոսում շրջակա միջավայրի նմուշներում հայտնաբերված պոլիովիրուսներին, որոնք իրենց հերթին կապված էին Պակիստանում շրջանառող վայրի պոլիովիրուսներին:

Հիվանդ երեխաների մեծ մասը մինչև 2 տարեկան է։ Նրանք պատվաստված չեն պոլիոմիելիտի դեմ կամ թերի են պատվաստված: Նշենք, որ երեխաների ընդգրկման հաշվարկային ցուցանիշը Սիրիայում 2010 թվականի 91%-ից 2012 թվականին նվազել է` դառնալով 68%:

Նկատի ունենալով Սիրիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը, պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում խոցելի խմբերի առկայությունը, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժը՝ առաջին տիպի վայրի պոլիովիրուսների հետագա միջազգային տարածման վտանգը շատ բարձր է:

Սիրիայի ողջ տարածքում և հարևան երկրներում նոյեմբերի սկզբներին մեկնարկել է լայնածավալ պատվաստումների կամպանիա, որը նախատեսվում է ավարտին հասցնել վեց կամ ութ ամսվա ընթացքում՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ