Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Երիտասարդները պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ

Երիտասարդները պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ
15.11.2013 | 20:13

Շուրջ մեկ ամիս ոչ պետական բուհերի ուսանող երիտասարդները կպայքարեն պտղով պայմանավորված հղիության ընդհատման դեմ:

Նոյեմբերի 15-ին մեկնարկեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն իրականացվում է ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում» անվանակարգում:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը նշեց, որ ծրագրին կմասնակցեն 38 պետական և ոչ պետական բուհերի ուսանողական մարմիններում ակտիվ մասնակցություն ցուցաբերած 5-ական ուսանողներ, ու մանրամասնեց. «Նրանք հետագայում ստացված տեղեկատվությունը, տեղեկատվական բուկլետներն ու պաստառները կտարածեն իրենց ընկերների շրջանում: Ծրագրի հիմնական նպատակն է պայքարել սելեկտիվ` պտղով, հենց իգական սեռով պայմանավորված աբորտների դեմ»:

Մեկ ամսվա ընթացքում ուսանողները կունենան հինգ հանդիպում ՄԱԿ-ից, բուհերից, հոգևոր դաշտից հրավիրված մասնագետների հետ, որոնց ընթացքում կստանան տեղեկատվություն երևույթի բացասական հետևանքների մասին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գծով պատասխանատու Մհեր Մանուկյանը, խոսելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին, ասաց. «Ոչ միայն ուսանողների, այլև ողջ հայ հասարակության շրջանում աշխատելու խնդիր ունենք: Երևույթի մասին նոր-նոր են սկսել խոսել, և մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ողջ ՀՀ տարածքում կա տղա երեխայի վառ արտահայտված նախընտրություն: Ուստի պիտի աշխատենք բոլոր շերտերի հետ, և ունենք գիտակցություն փոխելու խնդիր»: Պարոն Մանուկյանը նշեց, որ երիտասարդների հետ շատ ավելի հեշտ է աշխատելը, քան տարեցների: Այնուհետև շեշտեց. «Հատկապես երիտասարդների հետ պիտի աշխատել այն պատճառով, որ ռիսկային խումբը նրանք են. նոր ընտանիք պիտի կազմեն, և պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք»:

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Իվանյանը խոսեց ծրագրի օգտակարության մասին. «Այսպիսի ծրագրերն ազդում են ուսանողության զարգացվածության և գիտակցության վրա, քանի որ ամեն մասնագիտություն չէ, որ տրամադրում է նման գիտելիքներ: Այս ամենն ունի ազգապահպանության խնդիր, ինչը կարևոր է երիտասարդության համար»:

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ