Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հավատա միայն քո տեր Աստծուն

Հավատա միայն քո տեր Աստծուն
27.09.2013 | 11:21

«Փարիսեցիներից մեկը նրան փորձելով՝ հարցրեց. «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22: 35-40):
Ժամանակով մի բարի թագավոր կար: Նա սովորություն ուներ ամեն իրիկուն հասարակ հագուստներով շրջելու քաղաքում, որ տեսնի, թե ինչպես է ապրում իր ժողովուրդը:
Մի երեկո, իր սովորական պտույտի ժամանակ, տեսավ մի աղքատ մարդու, որն իր խրճիթի դռան առջև նստած աղոթում էր ու մրմնջում.
-Տեր Աստված, ինձ 100 ոսկի տուր:
Թագավորը լսեց ու անցավ: Քիչ այն կողմ գնալով տեսավ մի ուրիշ աղքատ մարդու, որը նույնպես աղոթում էր ու ասում.
-Տեր թագավոր, ինձ 100 ոսկի տուր:
Հետևյալ օրը թագավորը հրամայեց սկուտեղի վրա 100 ոսկի դնել, ծածկել փլավով ու հավի մսով և ուղարկել այն աղքատին, որը թագավորից էր 100 ոսկի խնդրում:
-Այն հիմարին էլ թող Աստված տա,- ինքնիրեն մրմնջաց թագավորը՝ մտածելով մյուս աղքատի մասին:
Նույն օրը երեկոյան թագավորը նորից դուրս եկավ պալատից և ուղղվեց դեպի այն աղքատի տունը, որին 100 ոսկի էր ուղարկել: Աղքատը, իր խրճիթի դռանը նստած, դարձյալ աղոթում էր ու ասում.
-Տեր թագավոր, ինձ 100 ոսկի տուր:
Այս լսելով թագավորը շատ զարմացավ: Մոտեցավ ու հարցրեց.
-Ա՛յ մարդ, թագավորի կողմից այսօր քեզ փլավ չբերի՞ն:
-Բերին, շնորհակալ եմ:
-Կերա՞ր:
-Կերա:
-Ի՞նչ կար մեջը:
-Նուշ ու չամիչ:
-ՈՒրի՞շ:
-Հավի միս:
-ՈՒրիշ բան չկա՞ր:
-Ո՛չ:
-Բոլորը կերա՞ր:
-Ո՛չ, շատ էր: Մնացածը տվեցի ինձ պես աղքատ ու քաղցած հարևանիս:
Թագավորը մորուքը շոյեց ու հեռացավ: Քիչ այն կողմ տեսավ մյուս աղքատին, որն ասում էր Աստծուն.
-Շնորհակալ եմ, Տե՛ր Աստված,. որ լսեցիր աղոթքս ու 100 ոսկի ուղարկեցիր:
Թագավորը համոզվեց, որ այս մարդն էր խելացի: Նա դիմել էր ոչ թե իր աշխարհիկ տիրոջը՝ թագավորին, այլ Աստծուն, որ ղեկավարում է ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ Տիեզերքը:
Դուք էլ, սիրելիներ, Աստծուն խնդրող աղքատի նման կյանքում շարժվեք:
Խնդրեք ո՛չ թե երկրավորներին՝ մարդկանց, այլ ամենակալին։ Նա՛ է ձեզ բուժողը, հասկացողը, օգնողը, սիրողը և ճշմարտության ճանապարհը ցույց տվողը։ Ապավինե՛ք Աստծու զորությանը և հանգիստ քնեք առանց քնաբեր դեղ խմելու։

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ