ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայ դիմորդները նախընտրում են բիզնես ոլորտը

Հայ դիմորդները նախընտրում են բիզնես ոլորտը
02.09.2013 | 15:20

«Համաշխարհային ուսուցում» կազմակերպությունը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի չորս համալսարանները:

Irates.am-ի զրուցակիցը ՀՀ-ում «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության ներկայացուցիչ ԼԻԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
-Տիկին Հովհաննիսյան, կա՞ վիճակագրություն, թե Հայաստանից տարեկան քանի դիմորդ է դիմում Մեծ Բրիտանիայի բուհեր` ուսանելու նպատակով:
-Հոսքը շատ մեծ է: Շատերն են դիմում Մեծ Բրիտանիայի բուհեր` ուսանելու նպատակով, սակայն ոչ բոլորին է հաջողվում ընդունվել: Մեծ Բրիտանիայի և նրա բուհերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Վերջին տարիներին աճել է նաև Մեծ Բրիտանիայի բուհեր ընդունվողների թիվը, սակայն ոչ բոլորն ունեն Մեծ Բրիտանիա գալու և սովորելու հնարավորություն: Եվ դա կապված է ֆինանսական հնարավորությունների հետ: Ամեն տարի մենք ունենում ենք քսան-երեսուն հայ ուսանող: Շատերն այստեղ են գալիս` ուսանելու զարգացած պետության բուհերում, մոտիկից ճանաչելու ու օգտվելու այդ երկրի ընձեռած հնարավորություններից: Ե՛վ գրադարանները, և՛ մշակութային կենտրոնները գրավում են արտերկրից ժամանած ուսանողներին: Նշեմ նաև, որ ուսանողների մեծ մասը ուսումն ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք:
-Ո՞ր մասնագիտություններն են առավել մեծ պահանջարկ վայելում հայ ուսանողների շրջանում:
-Հարցումներ չենք անցկացրել, բայց մեր դիտարկումներով` ուսանողներն ավելի շատ հետաքրքրված են բիզնեսին վերաբերող մասնագիտություններով: Նրանք, ովքեր ունեն փորձ բիզնեսի ոլորտում, դիմում են Մեծ Բրիտանիայի բուհեր, որ երկրորդ մասնագիտությամբ կրթություն ստանան բիզնեսի ոլորտում: Ես, օրինակ, ավարտել եմ ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, իսկ հետո ուսանել Մեծ Բրիտանիայում` որպես երկրորդ մասնագիտություն ընտրելով բիզնեսի և ֆինանսների ոլորտը:
-Որո՞նք են Մեծ Բրիտանիայի կրթական համակարգի առավելությունները:
-Մեծ Բրիտանիայում ուսանողը գիտի, որ պետք է ապավինի բացառապես իր գիտելիքներին: Նա գիտի, որ գնահատական ստանալու այլ տարբերակ ինքը չի կարող ընտրել: Այստեղ անվճար են գրադարանները, թանգարանները: Օնլայն տարբերակով ուսանողները հնարավորություն ունեն տեղեկանալու, թե որտեղ կարող են դիտել անվճար ֆիլմեր ու ներկայացումներ:
-Դուք նշեցիք, որ հայ ուսանողներից շատերը ուսումնառության ավարտից հետո վերադառնում են հայրենիք: Կա՞ն շրջանավարտներ, որոնք ակնհայտ հաջողությունների են հասել իրենց մասնագիտական ոլորտում:
-ՈՒսումնասիրություն չենք անցկացրել, բայց տեղյակ եմ, որ կան շրջանավարտներ, որոնք աշխատանքի են անցել Կենտրոնական բանկում, այլ բանկերում:
-Մի քանի տարի առաջ ստեղծված «Լույս» հիմնադրամից, որը կոչված է աջակցելու արտերկրի բուհերում սովորող ուսանողներին, արդեն կան որոշակի դժգոհություններ: Սոցցանցերում շրջանառվում են խոսակցություններ, որ «Լույսը» հովանավորում է միայն պաշտոնյաների երեխաներին:
-Ես տեղյակ չեմ «Լույս» հիմնադրամից, չգիտեմ, թե ինչ են գրում նրա մասին սոցիալական ցանցերում: Միայն կարող եմ ասել, որ ճանաչում եմ «Լույս» հիմնադրամից կրթաթոշակով Մեծ Բրիտանիայի բուհերում սովորող ուսանողների, որոնք չեն ընդունվել ծանոթ-բարեկամների միջոցով:
Մենք նաև չենք հետաքրքրվում, թե ուսանողներն ինչպես են հայթայթում ուսման վարձը: Կան ուսանողներ, որոնց միայն երեք տարի անընդմեջ փորձելուց հետո է հաջողվում գտնել հովանավորների և ուսանել Մեծ Բրիտանիայում: Պետք է շատ ուղիներ որոնել, փորձել, որպեսզի մի օր կարողանաս գտնել հովանավորի: Ես վստահ եմ, որ ով փնտրում է, վաղ թե ուշ գտնում է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ