Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Ավելի շատ կարևորված է բժշկի, քան բուժքրոջ մասնագիտությունը»

«Ավելի շատ կարևորված է բժշկի,  քան բուժքրոջ մասնագիտությունը»
12.07.2013 | 13:27

«Սկզբում լիարժեք չէինք պատկերացնում` ինչ է նշանակում քույրական գործի կազմակերպիչ, սակայն ուսման տարիները մեզ շատ գիտելիքներ տվեցին, և մենք շատ շնորհակալ ենք մեր դասախոսներ Հասմիկ Հակոբյանին, տիկին Սողոմոնյանին, Գաբրիելյանին, Տերտերյանին, Արզումանյանին, Նելլի Կարպովնային, Ալինա Քուշկյանին, Լեռա Գուրգենովնային, Մերի Կարապետյանին և շատ շատերին»,- մեզ հետ զրույցում ասացին Էրեբունի բժշկական քոլեջի շրջանավարտներ Սուսաննա Հարությունյանը, Լուսինե Սարգսյանը, Սաթենիկ Թոսունյանը, Մարգարիտա Մեհրաբյանը, մի խոսքով` 20-ից ավելի շրջանավարտներ, որոնց հետ զրուցեցինք անմիջապես պետական քննությունից հետո:

Հայ-ամերիկյան «Էրեբունի» բժշկական պետական քոլեջում պետական ավարտական քննությանը այս տարի, բացի քննական հանձնաժողովից, ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը. ի դեպ, քննությունները բաց էին անգամ լրատվամիջոցների համար: Այս մոտեցումը, ըստ ամենայնի, պայմանավորված էր քննական գործընթացը առավել թափանցիկ դարձնելու և ուսման մակարդակը բարձրացնելու միտումով: «Քննությունների ընթացքը գնահատում եմ դրական։ ՈՒսանողները պատրաստված էին, ինչը նկատվեց նաև այն բանից, որ տոմսերից դուրս նրանք բոլոր հարցերին, այդ թվում իմ տված, պատասխանում էին։ Նկատեցի, որ այստեղ ձևավորված է ուսանող-դասախոս առողջ մթնոլորտ, ինչը շատ կարևոր է ուսումնակրթական ճիշտ գործընթացի ապահովման համար»,- մեզ հետ զրույցում քննությունների ընթացքն այսպես գնահատեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գյուրջյանը: Վիզուալ տեսանկյունից գուցե և ամեն բան լավ է, սակայն կարծում ենք` ամենաճիշտ պատկերը «խոհանոցայինն» է, ինչի շուրջ էլ զրուցեցինք շրջանավարտների հետ:

Գաղտնիք չէ, որ տարբեր քոլեջների վերաբերյալ պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում ավարտական քննությունների, ինչպես նաև դասագրքերի, ամսագրերի, պարբերականների համար գումարներ հավաքելու շուրջ: Ինչպիսի՞ն է պատկերը «Էրեբունի» բժշկական պետական քոլեջում: «Մեր դասախոսները իրենց տված գիտելիքների դիմաց մեզնից երբեք ոչինչ չեն պահանջել, բացի սովորելուց: Մեր բաժինն ուսումնասիրում է նաև «իրավունք» առարկան, ուրեմն մենք շատ լավ գիտենք մեր իրավունքները և գիտենք, որ մեզանից ոչ ոք իրավունք չունի գումար պահանջելու: Ինչ վերաբերում է դասագրքերին, ամսագրերին կամ պարբերականներին, ապա մենք քիչ առաջ հանձնեցինք մեր դասագրքերը: Քոլեջում երկու գրադարան է գործում, որից մեկը` մեծը, երրորդ մասնաշենքում է: Ժամանակակից գրականության մի մասն անգլերեն է, քանի որ հայերեն ժամանակակից մասնագիտական գրականությունը շատ սահմանափակ է, և հայերեն դասագրքերը, ինչ էլ որ կան, մեր քոլեջի տնօրենի և դասախոսների հեղինակած գրքերն են: Իսկ քոլեջի «Բուժքույրական լրատու «Էրեբունի» պարբերականի նյութերին ծանոթանում ենք անվճար` օգտվելով գրադարանից. այն չի վաճառվում: Այն ոչ միայն կարևոր է մասնագիտական առումով, այլև բոլորի համար շատ հետաքրքիր կարող է լինել»,- մեզ հետ զրույցում ասացին շրջանավարտները։
Նկատենք, որ գրեթե բոլոր քոլեջները մասնագիտական ամսագրեր, պարբերականներ են թողարկում, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի որակ ունեն դրանք և որքանով են պահանջված։ Թեև շրջանավարտները բարձր գնահատեցին քոլեջի պարբերականի որակը, այնուհանդերձ մենք որոշեցինք զրուցել ԱՆ գլխավոր համաճարակաբան, պետական ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԻ հետ:
-Ամսագրերը, պարբերականները տարբեր նպատակների են ծառայում և տարբեր դասակարգումների են: Օրինակ` Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանի «Նորք» բժշկական հանդեսը ակադեմիական բնույթի է: Կան ամսագրեր, որոնց նպատակն է արագ տեղեկատվություն հասցնել կամ էլ ներկայացնել ընդհանուր քրոնիկա: Կան կրթական նշանակության ամսագրեր: «Էրեբունի» բժշկական պետական քոլեջի «Քույրական լրատու» ամսագիրը գիտաուսումնական ուղղվածության է: Համոզված եմ, որ ամսագիրն իր առջև դրած խնդիրները կատարում է, այսինքն, ծառայում է իր նպատակին: Չմոռանանք որ ամսագրի հիմնադիրներն են կառավարությունը և առողջապահությունում ճանաչված դոկտորներ, պրոֆեսորներ: Այդ իսկ պատճառով նման ամսագրերը շուկայում պահանջված են: Եվ, ի վերջո, շուկան ինքը կարգավորում է ցանկացած ամսագրի լինել-չլինելու հարցը։
-Դուք առաջին տարին չէ, որ «Էրեբունի» բժշկական պետական քոլեջի պետական ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահն եք, ըստ Ձեզ, տարեցտարի ուսման մակարդակը բարձրանո՞ւմ է, թե՞ նվազում, և համաձա՞յն եք այն կարծիքին, թե ուսանողները կորցնում են ուսման նկատմամբ հետաքրքրությունը, չեն սիրում սովորել:
-Սովորողը միշտ էլ սովորում է, չսովորողն էլ չի սովորում: Ի՞նչ է, կարծում եք իմ ուսանող տարիներին բոլորը սովորո՞ւմ էին, նման բան չի լինում: Ինչ վերաբերում է այս քոլեջի դասավանդմանը, այսինքն` ուսումնակրթական գործընթացներին, ապա պետք է նկատեմ, որ այն բավականին բարձր մակարդակի վրա է դրված և տարեցտարի զարգանում է: Դուք ինքներդ էլ ներկա էիք քննությանը և տեսաք, թե երեխաները որքան հստակ և լավ պատասխանեցին բոլոր հարցերին, ինչը վկայում է նրանց պատրաստվածության մասին: Նշեմ , որ հանրապետությունում ավելի շատ կարևորված է բժշկի, քան բուժքրոջ մասնագիտությունը, և այդ բացը փորձում են լրացնել բժշկական միջին մասնագիտական քոլեջները: Այդ առումով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ծրագրերը շատ առարկայական են և հնարավորություն են տալիս ուսանողներին ծանոթանալու միջազգային փորձին, միևնույն ժամանակ նպաստում են ոչ միայն միջազգային համաժողովներում ուսանողների մասնակցությանը, այլև ինքն է կազմակերպում նման համաժողովներ: Ի դեպ, աշնանը Երևանում կկայանա Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համաժողովը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ